Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկյան դաշնակցականները կրկնել են իրենց քննադատությունը

Սեպտեմբեր 28,2011 00:00

Թեեւ հետո նաեւ ներկա են եղել սեպտեմբերի 25-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Լոս Անջելեսում կազմակերպված ՀՀ
անկախության 20-ամյակին նվիրված տոնական ընդունելությանը:

«Մեր ջերմ ցանկութիւնն է միայն դրականը տեսնել ու դրականը գովերգել մեր հայրենիքին մէջ։ Մեզի համար բնաւ հաճելի չէ բեմ բարձրանալ ու դրական շատ բան չունենալ ըսելիք Հայաստանի ներկայ իշխանութիւններու վարած ապաշնորհ քաղաքականութեան մասին»,- հայտարարել է ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի անդամ Հովան Թաշճյանը՝ սեպտեմբերի 21-ին Գլենդեյլում ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի ԿԿ-ի կազմակերպած՝ անկախության տարեդարձի տոնախմբության ընթացքում: Նրա ելույթը ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի ԿԿ-ի պաշտոնաթերթ «Ասպարեզն» իր սեպտեմբերի 23-ի համարում հրապարակել է «Փոխան խմբագրականի» խորագրի ներքո:
Ներկայացնենք մի հատված այդ ելույթից, որն, ըստ էության, կրկնում է Հայաստանի գործող իշխանության հասցեին այն խիստ քննադատությունը, որով օգոստոսի 19-ին հանդես էր եկել ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի ԿԿ-ն: «Կարելի չէ՛ հազարամեակներու քաղաքակրթական ու մշակութային փառքով հպարտանալ, սակայն համաշխարհայնացման, գիտութեան եւ հաղորդակցութեան ներկայ պայմաններուն մէջ մսխել ժամանակը։ Կարելի չէ արեւմուտքէն նմանակել լոկ մշակութային յոռի երեւոյթները, սակայն չիւրացնել ժողովրդավարական արժէքները կամ մարդկային իրաւունքներու հանդէպ յարգանքը,- ելույթում ասել է Հովան Թաշճյանը:- Ժողովրդավարական արժէքներու կայացումը, մարդկային իրաւունքներու նկատմամբ յարգանքը, փտախտին եւ կաշառակերութեան վերացումը, սոցիալական արդարութեան հաստատումը, օլիկարգներու կողմէ սեփական ժողովուրդին կեղեքման սանձահարումը ժամանակ չեն պահանջեր, սիրելիներ, ո՛չ, ժամանակ չեն պահանջեր, այլ Հայաստանի իշխանութիւններէն կը պահանջեն լոկ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ, ԲԱՐՈՅԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ ԵՎ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ:
Մենք ալ կուզենք երկրի իշխանութիւններով եւ նախագահով հպարտանալ, սակայն ափսոս՝ մեզի զլացուած է այսօր այդ եզակի հպարտութիւնը ապրելու հաճոյքը, մեզմէ յափշտակուած է ազգային նուիրական այդ արժէքներով ներշնչուելու պատմական առիթը։ ՀՀ նախագահի կամ պետական պաշտօնատարի իւրաքանչիւր այցը մեր համայնքներուն եզակի հպարտութեան առիթ պէտք է հանդիսանար։ Հայաստանի նախագահը վարդերով ու հպարտութեան ալիքներով պէտք է ընդունուէր Սփիւռքի տարագիր համայնքներուն կողմէ։ Հայրենիքով բաբախող մեր սրտերուն վրայ ծանր նստած են մեր երկրի զարգացումն ու շնչառութիւնը խցանող ցաւոտ երեւոյթները։ Մեր յիշողութեան մէջ տակաւին թարմ են նախագահ Սերժ Սարգսեանի սփիւռքեան վերջին ուղեւորութեան դառն հետքերը, երբ ան 2009 թուականի հոկտեմբերին կու գար Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ ստորագրուած արձանագրութիւնները հրամցնելու մեզի»:
ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի անդամը նաեւ նշել է. «Հայաստանի անկախութեան վերականգնումի 20 ամեակին առիթով նախագահը անգամ մը եւս կու գայ Լոս Անճելըս եւ այս անգամ՝ անկախութեան տօնական մթնոլորտի զգացական ծխածածկոյթին տակ գուցէ վերականգնելու իր այրած կամուրջները։ Ներքին սպառումի համար արտասանուած գեղեցիկ ճառերէն շատ աւելին պէտք են այդ կամուրջները վերահաստատելու համար, իր նկատմամբ վստահութիւնը վերականգնելու համար։ Նախագահը լուրջ եւ հիմնական ընելիք ունի, կան պատմական քայլեր ու նախաձեռնութիւններ, որոնք կակնկալուին իրմէ։ Այդ իսկ պատճառով չենք կրնար լուր մնալ երկիրը ու անոր անկախութիւնը կործանման առաջնորդող երեւոյթներուն նկատմամբ, որոնք նուազագոյնը ըսած ըլլալու համար՝ ծանր յանցագործութիւն եւ մեղսակցութիւն են։ Մենք շքանշաններու մուրացկաններ չենք, որպէսզի մեր ինքնասիրութեան շոյումով գինովցած՝ փականք դնենք մեր լեզուին ու հոգիին»: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ Սփյուռքի մի շարք ներկայացուցիչներ ՀՀ նախագահի հրամանագրերով պարգեւատրվել են շքանշաններով: Եվ պետական այդ պարգեւների մի մասը Սերժ Սարգսյանը հանձնեց Լոս Անջելեսում սեպտեմբերի 25-ի ընդունելության ժամանակ, որին ներկա էին նաեւ ՀՅԴ գործիչները:
«Մեր ժողովուրդը ասկէ աւելիին արժանի է»,- սեպտեմբերի 21-ին ասել էր Հովան Թաշճյանը:- Ահաւասիկ այս տրամաբանութեամբ է, որ մենք շեշտը կը դնենք համակարգային իշխանափոխութեան վրայ։ Իշխանափոխութիւն՝ որ միայն նախագահի անձի փոփոխութեամբ չի պայմանաւորուիր, այլ իր մէջ կընդգրկէ բովանդակ իշխանութիւնը, որովհետեւ մեր ժողովուրդը արժանի է շատ աւելիին, մեր ժողովուրդը Աստուածատուր իրաւունքը ունի ձեւաւորելու ի՛ր իշխանութիւնը՝ ազատ, արդար ու բառին բացարձակ իմաստով ժողովրդավար ընտրութիւններով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել