Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԻ ԿԱ՞ՄՔ, ԹԵ՞ ՃՆՇՄԱՆ ՄԻՋՈՑ

Սեպտեմբեր 28,2011 00:00

Հայ-թուրքական արձանագրությունները կրկին օրակարգում են

\"\"

Թեեւ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված երկկողմ հարաբերությունների զարգացման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին զույգ արձանագրությունները երկու երկրներում էլ, ըստ էության, կասեցված էին, բայց շարունակում էին մնալ միջազգային հանրության եւ մասնավորապես՝ Միացյալ Նահանգների իշխանությունների ուշադրության կենտրոնում: Այս տարվա հուլիսին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն էր Թուրքիա կատարած իր այցի ժամանակ անդրադարձել հայ-թուրքական հարաբերություններին՝ ցանկություն հայտնելով դրանք կարգավորված տեսնել: Վաշինգտոնն այդ արձանագրությունները «պատմական նախագիծ» է համարում, ուստի Քլինթոնը քաջալերել էր Թուրքիային՝ աջակցել եւ առաջ տանել արձանագրությունները, որոնք «Թուրքիայի խորհրդարանում փակուղի են մտել»: Սրանից մեկ ամիս անց՝ օգոստոսի 22-ին, Թուրքիայի նորընտիր խորհրդարանը, ի թիվս այլ օրինագծերի, անվավեր էր ճանաչել նաեւ հայ-թուրքական արձանագրությունները: Դա, իհարկե, բխում էր այդ երկրի խորհրդարանի ներքին կանոնադրությունից՝ նախորդ գումարման խորհրդարանում վերջնական լուծում չստացած օրինագծերը համարվում են անվավեր: Սակայն կառավարությունն օգտվելով օրենսդրությամբ իրեն վերապահված իրավունքից՝ արձանագրությունները, ի շարս նախորդ խորհրդարանի օրակարգում եղած 171 միջազգային համաձայնագրերից 166-ի, կրկին օրակարգ է մտցրել անցած շաբաթ: Թուրքական կողմն այդ քայլը համարել էր պաշտոնական Անկարայի ժեստ՝ ուղղված Երեւանին:
Արդյոք թուրքական կառավարության այս քայլը զուտ արարողակարգայի՞ն քայլ էր, թե՞ դիվանագիտական խորամանկություն՝ վերստին ակտիվացնելու հայ-թուրքական արձանագրությունները եւ շահելու Արեւմուտքի համակրանքը, առավել եւս, երբ Հայաստանի նախագահի որոշմամբ այդ արձանագրությունները սառեցված են, թեեւ շարունակում են մնալ ԱԺ մեծ օրակարգում:
«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի դիտարկմամբ, Թուրքիայում այդ արձանագրությունները նախ՝ չեղյալ հայտարարելով, հետո՝ նոր խորհրդարանի օրակարգ մտցնելով՝ թվում է, թե տեխնիկական քայլ կատարվեց: Բայց իրականում դա քաղաքական նպատակներ հետապնդող քայլ էր: «Ցավոք, հայկական կողմը չօգտագործեց այդ պաուզան եւ իր ստորագրությունները ետ չկանչեց արձանագրություններից, ինչպես դեռ ամիսներ առաջ խոստացել էր Սերժ Սարգսյանը՝ ասելով, թե Հայաստանի ժամանակն անսպառ չէ, եւ նա արձանագրություններից ստորագրությունը կարող է ետ կանչել»,- «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց պատգամավորը: Նրա կարծիքով, Թուրքիան դրանով ցույց է տալիս իր շահագրգռությունն այդ արձանագրությունների վավերացմանը: Միաժամանակ, Սաֆարյանի համոզմամբ, ինչպես արձանագրությունների ստորագրումը, այնպես էլ դրանք կրկին խորհրդարանի օրակարգ մտցնելը ուղեկցվում է մանիպուլյացիաներով, եւ թուրքական կողմը ներկայացնում է, թե դա ժեստ է հայկական կողմին: «Մի կողմ թողնելով արձանագրությունների բովանդակությունը, որի առնչությամբ «Ժառանգությունը» շատ լուրջ մտահոգություններ է հայտնել, հիմա ակնհայտորեն հասկանալի է, որ գործ ունենք շատ անազնիվ սկսված գործընթացի՝ թուրքական խասյաթին բնորոշ ամենաէժան շահարկումների հետ: Եթե Երեւանն ամոթ չի զգում նման ժեստից եւ իր հետ նման լեզվով խոսելուց՝ արդեն մտահոգիչ է եւ նշանակում է, որ այս իշխանությունն ի զորու չէ պաշտպանել մեր ազգային շահերը»,- ասաց Սաֆարյանը:
«Ժառանգությունը» նախկինի նման պահանջում է ետ կանչել Հայաստանի ստորագրությունն այդ արձանագրություններից, առավել եւս, որ Թուրքիան, պատգամավորի կարծիքով, իր այդ քայլով սակարկության նոր դաշտ բացեց. «Կասկած չունենաք, որ արձանագրությունները նորից օրակարգ բերել Թուրքիային հորդորել են միջազգային հանրության կարկառուն ներկայացուցիչները: Իսկ դրա դիմաց Անկարան, անշուշտ, կստանա ինչ-որ մի բան: Ի՞նչ՝ կտեսնենք ժամանակին: Մեր պահանջը հիմա էլ ուժի մեջ է, եւ մենք թույլ չենք տա այդ արձանագրությունները կյանքի կոչել»:
Սաֆարյանը քիչ հավանական համարեց, որ ՀՀ իշխանությունները նախընտրական ֆոնին նորից կակտիվացնեն «ֆուտբոլային դիվանագիտությունն» ու արձանագրությունները կրկին շրջանառության մեջ կդնեն ու առավել եւս՝ կվավերացնեն: «Դա կլինի այս իշխանության ինքնասպանությունը»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ դա Թուրքիայի կողմից Ապրիլի 24-ին ընդառաջ արված հերթական քայլ է, եւ որ «Թուրքիան հրաշալի կարողանում է որոշակիորեն կառավարելի պահել հայկական խաղաքարտը»:
ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը հակված էր կարծելու, որ թուրքական կառավարության այս նախաձեռնությունը ե՛ւ արարողակարգային, ե՛ւ դիվանագիտական տարրեր է պարունակում, բայց ավելի շատ զուտ արձանագրային է. «Իրենք խորհրդարանի օրակարգում 171 միջազգային վավերացման ենթակա պայմանագրեր ունեին: Պատկերացրեք՝ որքա՜ն մեծ աղմուկ, սկանդալ կլիներ, եթե այդ 171-ը մտներ օրակարգ, իսկ արձանագրությունները՝ ոչ: Բոլոր համաձայնագրերը, այդ թվում՝ հայ-թուրքական արձանագրությունները, խորհրդարանի օրակարգ են մտել մեկ փաթեթով: Այլ կլիներ, եթե դա մաս-մաս արվեր: Այդ դեպքում թուրքական կողմի այս քայլը հստակ դիվանագիտական խորամանկություն կլիներ, բայց ոչինչ այդ իմաստով չի փոխվել»:
ՀՀ նախկին արտգործնախարարն էլ համաձայնեց, որ թուրքական կողմի այս նախաձեռնությունը նաեւ արձանագրությունների ակտիվացում էլ կարող է ենթադրել. «Որոշ առումով՝ նման տարր էլ կա: Իսկ ընդհանուր առումով դա միջազգային հանրությանն ուղղված մեսիջ է: Բայց դրանք մեկը մյուսի հետ համընկել են, եւ Թուրքիան կարող է դա ներկայացնել որպես Արեւմուտքին ուղղված ժեստ. դա նորմալ է: Մեզ ուղղված ժեստ՝ ես միանշանակ չէի ասի»: Անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է, որ ՀՀ-ում նախընտրական ֆոնին Սերժ Սարգսյանն արձանագրությունները կրկին շրջանառության մեջ դնի Արեւմուտքից աջակցություն ստանալու ակնկալիքով, Ալ. Արզումանյանն ասաց, թե «չէր խանգարի»: Կխանգարի, թե ոչ՝ կերեւա, երբ Սերժ Սարգսյանն Արեւմուտքից վերադառնա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել