Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարության «վերաքննությունները»

Սեպտեմբեր 27,2011 00:00

 

Կամ` նորից “2” 

 ՀՀ կառավարության որոշումները նախկին «Երեվանի Ֆիզիկայի Ինստիտուտի» “լուսավոր ապագայի” մասին հիշեցնում են վատ սովորող աշակերտի վերաքննությունների անվերջանալի շարք: Առաջին որոշումը` “2 փետրվարի 2002 թվականի N 98” միակ հասկանալին է`պետական ձեռնարկությունը պետք էր “վերակազմակերպել” եվ ստեղծել ՊՈԱԿ: Ինչպես բոլոր ինստիտուտները: Բայց այդ որոշման մեջ կար մի կետ` “կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի մասին”, որը ԵրՖԻ-ին շահեկան ձեվով տարբերում էր մնացած ինստիտուտներից: Նման քանակությամբ անշարժ գույք (ինչքան էլ նախկին տնօրենը գույքացուցակը թաքցներ աշխատակիցներից) ոչ մի ուրիշ գիտահետազոտական հիմնարկ չուներ: Իսկ ինչու շահեկան` բացատրեմ պարզ օրինակով, չնայած դրա մասին մի քանի անգամ գրել եմ: ԵրՖԻ-ի “քաջերը”, որ այսօր աղմկում են, ծախեցին մանկապարտեզի շենքը ու ամենապարզունակ ձեվով ծախսեցին`բաժանելով հավելավճարների միջոցով:  Կառավարության մնացած որոշումները ԵրՖԻ-ի մասին պարզապես “վերաքննություն” են այս չարաբաստիկ կետի շուրջը: Չէ, իհարկե բոլոր որոշումները մոտավորապես նույն նախաբանն ունեն.` «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երեվանի ֆիզիկայի ինստիտուտ պետական ոչ առեվտրային կազմակերպության հեռանկարային զարգացումն ապահովելու, ինստիտուտի կառավարման բարեփոխումները իրականացնելու եվ գիտական հետազոտությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է… Բայց դժվար է գտնել Հայաստանում մեկին, ով հավատում է, որ Ներսես Երիցյանը իր գործերը թողած ուզում է միջուկային ֆիզիկան զարգացնել: Ահա որոշումների ցուցակը, որը նաեվ “վերաքննությունների” ժամանակացույցն է` “2 փետրվարի 2002 թվականի N 98, 19 փետրվարի 2009 թվականի N 310-Ն, 20 մայիսի 2009 թվականի N 416-Ա,13 մայիսի 2010 թվականի N 576-Ն, 17 հունիսի 2010 թվականի N 758-Ն, 21 ապրիլի 2011 թվականի N 472-Ն”: Եվ վերջապես վերջին որոշումը (1 սեպտեմբերի 2011, 1301 – Ն), որը կարելի է անվանել “էս բոլորը հեչ` նորից ենք սկսում”` հիմնադրամ (ֆոնդ) ստեղծելու մասին:
Վերաքննության մասնակիցներն են` ՀՀ կառավարությունը, որն ինքն իրեն վերաքննություն է նշանակում, Ներսես Երիցյանը`ամեն ինչի մեղավորի դերում, անկախ պաշտոնից ու դիրքից: Հրավիրված մասնագետները` գիտության գծով ՀՀ գլխավոր փորձագիտությունը, ի դեմս բոլոր գիտական հարցերից ինքնաբացարկ տված ԳԱԱ-ի, որը զբաղված է միայն ընտրություններով եվ իհարկե անմեղսունակ ԳիտՊետԿոմ-ի, որը հիմնականում զբաղված է գիտահետազոտական տուրիզմով: Մի հարցաթերթիկ կա, վրան գրված “ԵրՖԻ հողեր”` այս հարցաթերթիկն էլ ամեն անգամ ստանում է վերաքննություն հանձնողը` Ներսես Երիցյանը: Պատասխանների սպեկտրը բազմազան է: Գիտական մասով “ԷՈՒՇ-աբանությունից մինչեվ Պրոտոնի ռադիացիայի օգտագործումով բերքի բարելավում” (տես 19 փետրվարի 2009 թվականի N 310-Ն որոշումը), կազմակերպչական մասով` ԱԳԼ(ՃԿ)-ից (Ազգային Գիտական Լաբորատորիա Ճառագայթումային կենտրոն) մինչեվ ԱԳԼ(ՖՍՅՈ) (Ազգային Գիտական Լաբորատորիա-Ֆոնդ, Սա Յոթերորդ Որոշումն է): Որոշումները սկզբից փորձագիտական հավանություն են ստանում` Ակադեմիայի լուռ համաձայնության եվ անմեղսունակ ԳիտՊետԿոմ-ի “Ֆոնդը լավ բան է” խորիմաստ ֆրազի միջոցով: Հետո՞…հետո` ոչինչ: Պարզապես ԱԳԼՖՍՅՈ: Նախկին ԵրՖԻ-ի մի խումբ աշխատակիցների հախուռն բողոքը իրականում ուղղված չէր ԵրՖԻ-ն փակելու դեմ (ԵրՖԻ-ն փակել էին 2 տարի առաջ), այլ պարզապես նշանակում էր` “ԵրՖԻ-ն փակելու եվ էս ամեն ինչի համար մեզ փող էիք խոսք տվել, բա ի՞նչ եղավ”: Փողն էլ բաժանեցին` անունը ատեստացիա դնելով – կհանգստանան: Թե ձեվով, թե բովանդակությամբ ատեստացիան շատ նման էր ծախած մանկապարտեզի փողերը բաժանելուն: Պարզապես այս անգամ ատեստացիայի անվան տակ “ազատվեցին” անցանկալի “էլեմենտներից”: Եվ ոչ մեկին չի հուզում, որ այդ ֆոնդ բացելու որոշումը վերջնականապես ապականում է առանց այն էլ անառողջ մթնոլորտը ՀՀ գիտության ասպարեզում: Արմատից կտրում է գիտության ֆինանսավորման իրատեսական աղբյուրներից մեկը` գիտական հիմնարկների հողերն ու անշարժ գույքը: Երեվի ավելի հարմար է “Ձաձա ջան, փող տու~ գիտությանը” շարժում ստեղծել, որին լուրջ տեսքով կմիանան “Ձաձաները”  եվ հանգիստ էլ կպատասխանեն`. “Չեմ տա”: Ոչ մեկին չի հուզում, որ նախօրոք, ՀՀ կառավարության որոշման մեջ ֆիքսելով բազային ֆինանսավորման գումարը, որն անպայման պետք է ստանա ֆոնդը, կանխավ հայտարարում է 2012թ. բազային ֆինանսավորման մրցույթի հաղթողին: Ինչ անհեթեթություն էլ գրի ԱԳԼՖՍՅՈ-ի “գիտական էլիտան” (իսկ նա անպայման կգրի`առաջին անգամը չէ)` միեվնույն է, անմեղսունակ ԳիտՊետԿոմ-ը հաստատելու է այդ գումարը: Այս պայմաններում անհնար է անցկացնել որեվէ գիտական մրցույթ եվ մոտակա բոլոր մրցույթները ձեվով եվ բովանդակությամբ չեն տարբերվելու վերջին թեմատիկ ֆինանսավորման մրցույթից: Ու կծնվեն հերթական խիստ հայկական գիտական ուղղություններ, որոնք մտքի թռիչքով չեն զիջի ԷՈՒՇ-աբանությանը: Գիտելիքահեն հասարակություն կառուցելու հիմնական քայլերն արված են, իսկ հերթական “2”-ը` նշանակած:

Սասուն Գեւորգյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930