Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախությունը մեր ճիրաններում

Սեպտեմբեր 27,2011 00:00

\"\" Անշուշտ, տեսակի հավաքականության, ազգերի կազմակերպման լավագույն ձեւը անկախ պետականությունն է: Ասել է թե՝ անկախ պետականությունը բացառիկ եւ լիարժեք հնարավորություն է ընձեռում տվյալ հավաքականությանը որոշակի աշխարհագրական տարածքում, իր գիտամշակութային, բարոյական եւ ինտելեկտուալ կարողություններով,  պետության կառուցման իր հավաքական պատկերացումներով կազմակերպվելու եւ տնօրինելու իր ճակատագիրը: Անառարկելի ճշմարտություն է` անկախությունը բացարձակ արժեք է, պայմանով, երբ իսկապես քո հոգեկերտվածքի, քո տեսակի լավագույն որակների հավաքական իրացումով հնարավորություն ես ստեղծում, որ քո քաղաքացին պաշտպանված եւ արժանապատիվ ապրի իր անկախ պետականության սահմաններում: Պատմությունն ունի նաեւ բազմաթիվ օրինակներ, երբ ազգերը, չկարողանալով տեր կանգնել իրենց բաժին հասած, նույնիսկ պայքարով նվաճած անկախությանը, կա՛մ վռնդվել են իրենց բնօրրանից, կա՛մ նրանց ստիպել են իրենց տանը ապրել ուրիշների կողմից պարտադրված անկախության եւ ազատության սահմաններում: Աքսիոմատիկ ճշմարտություն է` սուրբ տեղը դատարկ չի մնում: Խորհրդային կայսրության աստիճանական փլուզումը պարարտ հող ստեղծեց ազգային-ազատագրական պայքարի համար: Միայն անկախ Հայաստանի գոյության պայմաններում էր հնարավոր ազատագրել Արցախը, ինչը փառավորապես իրականացվեց համայն հայության բացառիկ համախմբվածության, անմնացորդ նվիրումի եւ բազմաթիվ զոհերի ու զոհաբերությունների գնով: Թվում էր, վերջապես, Աստծո կամոք Հայաստանին եւ համայն հայությանը հնարավորություն է ընձեռվել անկախ պետականության պայմաններում ինքնաիրացվելու, իր երեքհազարամյա իմաստնացած տեսակով քաղաքակրթությանը ապացուցելու, որ իր` «քարից հաց քամող», նույնիսկ` պետականությունը զոհաբերելու գնով քրիստոնեական արժեքներին տեր կանգող տեսակըղ «փոքր ածու» լինելով հանդերձ, դարերի փորձություններով կոփված եւ բյուրեղացած, իր արժանապատիվ տեղը այլեւս պետք է զբաղեցնի հասարակապետությունների շարքում` որպես անկախ պետություն: Բայց…
Այս օրերին նշում ենք մեր Անկախության քսանամյակը: Փողոցներում տոնական գույներ են, եթերում` հիմնականում Արցախյան հերոսամարտի մասին պատմող ժապավեններ` ստույգ արդեն շահարկման ընդգծված չափաբաժնով (մյուս կողմից` ուրիշ էլ ի՞նչ…): Ընդմիջումներին` մշտարթուն «Հայաստանը դու ես» տեսահոլովակը: Բայց… Այո՛, իրական Հայաստանը իսկապես ՄԵՆՔ ենք` ճառերում ու եթերներում համառորեն թաքցված, ո՛չ տեսահոլովակային Հայաստանը:
Ի՞նչ պատահեց մեզ, ո՞ւր կորավ այն ոգեւորությունը, որ անկախությունից էր սնվում: Ո՞վ է մեղավոր, որ այսօր շատերը անթաքույց երես են թեքում անկախությունից: Ի՞նչն ստիպեց մեր անկախ պետության քաղաքացուն վաճառել իր վերջին ունեցած-չունեցածը եւ ազգ-բարեկամներով արտագաղթել ալթայներ, ամերիկաներ, եվրոպաներ, նույնիսկ` Թուրքիա` նախընտրելով այդ աշխարհագրություններն իր անկախացած հայրենիքից: Այդ ո՞վ է ծրագրավորված իրականացնում, ինչպես վերջերս միջոցառումներից մեկի ժամանակ բարցրաձայնեց Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, մեր թշնամիների դարավոր երազանքը` Հայաստանը առանց հայերի…  Թուրքե՞րը, ամերիկացինե՞րը, ռուսնե՞րը, միգուցե Եվրոպա՞ն… Խոստովանենք` մենք եւ միայն մենք` ընտրությունից ընտրություն քաղաքացու քվեն գողանալով վերարտադրված մեր  իշխանություններով ու բոլոր ժամանակների երկխոսած ու չերկխոսած ընդդիմություններով, հինգ հազար դրամով ձայնը վաճառող եւ անմիջապես իր ծանր իրավիճակից փնթփնթացող ընտրողներով ու չընտրողներով, սեփական տան պատվի ու արժանապատվության համար պայքարելու իմունիտետը կորցրած եւ այլ աշխարհագրություններում տնավորվելու արտագաղթած մեր քաղաքացիներով… Բայց չէ՛, մենք խոստովանողներից չենք: Խոստովանում են ուժեղներն ու անկախ պետականության իրական արժեքը գնահատողները: Թույլերին ու անկարողներին  է հատուկ չտեսնել սեփական աչքում մխրճված գերանը, մանրադիտակով պեղել եւ «հայտնաբերել» ուրիշի աչքում` երբեմն նույնիսկ գոյություն չունեցող, չոփը: Ազգովի այսօր լծված ենք այդ գործին` նախահարձակի ձեռնոցներով: Իսկապես, ինչո՞վ էինք այսօր մեր անկախությունը մխիթարելու, եթե պայմանավորվեինք` չշահարկել Արցախի թեման: Եվ դա այն դեպքում, երբ առայժմ ընդամենը շահել ենք ճակատամարտը, պատերազմը դեռ ավարտված չէ, ելքը` անորոշ:
Պարզվեց, որ անկախ պետականության պայմաններում ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելը կրակ ու պատիժ է դառնում մեր պետության ու ժողովրդի գլխին: Նոր-նոր էինք ուզում վայելել «Հայաստանը ժողովրդավարության կղզյակ է տարածաշրջանում» աշխարհակենտրոնների տրված գնահատականը, եւ, խնդրեմ, առաջին իսկ ընտրությունների արդյունքում հռչակվեց վերջին երկու տասնամյակների թերեւս ամենակենսունակ ու մարտնչող կարգախոսը` ընտրությունների միջոցով ընդդիմությանը իշխանություն տվող չկա: Ճակատագիրը հատկապես անողոք գտնվեց այս կարգախոսի հոգեւոր հոր ու գլխավոր ճարտարապետի հանդեպ. տասնհինգ տարի առաջ նրանց նետած բումերանգը հետդարձին, ճակատագրի հեգնանքով, հիշեցրեց նրանց իսկ կողմից առաջինը իրականացրած կարգախոսի «անմահությունը»` հետեւում թողնելով տասը անմեղ զոհ եւ ծխացող Երեւան:
Իշխանատենչությունը չխնայեց նույնիսկ Արցախը. հերթական ընտրությունները կեղծելուց հետո հասարակության արդարացի ընդվզումը զսպելու համար ժողովրդի կողմից ընտրված, ինքնորոշված, անկախ Արցախի նախագահին բերեցինք եւ նշանակեցինք Հայաստանի վարչապետ: Այսօր էլ ազգովի փորձում ենք գլուխկոտրուկ լուծել` ինչպե՞ս եղավ, որ Արցախը դուրս մնաց բանակցային գործընթացից: Եվ, վերջապես,  բավական չէ՞ ամեն հերթական կեղծված ընտրություններից հետո բռնաբարենք ժողովրդի անկեղծ քաղաքացիական զայրույթը` նրան դարձնելով պարբերաբար շահարկվող կայունության պատանդը` Արցախի հերոսաքարտը մանրադրամի վերածելով եւ լկտիաբար շպրտելով արդարություն պահանջող հասարակության երեսին:  Փաթեթներով եթերներում հերթապահող այդ քարոզիչ-կայունասերները նույնպես ստույգ համոզված են, որ այդ անկայունությունը ընդամենը հետեւանք է: Պատճառը քրեաօլիգարխիկ համակարգը պահելու համար ամեն գնով, եւ հատկապես` ընտրություններն ամենաանբարո մեթոդներով կեղծելն է, երկրի ֆինանսատնտեսական ամբողջ կարողությունները քրեական աշխարհի կոդերով մի խումբ մարդկանց ձեռքին պինդ պահելն է, կիսագրագետ, կիսաքրեական, կիսա-կիսա-կիսաներով խորհրդարանն ու ամբողջ պետական համակարգը ապականելն է, ժողովրդին իր պետությունից ու իր ձայնի իրավունքից օտարելն է: Արդյունքում` ամեն մի արժան ու անարժան միջազգային կառույց, մեր վրա մատ թափ տալով, իրենց հազար ու մի բանաձեւերով ապրելու տարրական այբուբեն են մեզ դասավանդում` որպես սկսնակ տառաճանաչի, հետն էլ` հայ-թուրքական  արձանագրություններ ստորագրել տալիս:
    Պետության ողնաշարը ցանցաթաղանթի վերածած կոռուպցիան այսօր մեր պետականության չմակարդվող ներքին արյունահոսությունն է, որն իր ճանապարհին խժռում ու աղտոտում է այն ամենը, ինչն օդ ու ջրի նման անհրաժեշտ է մեր նորաստեղծ պետականության ամրապնդմանն ու պետության կայացմանը: Իշխանությունները պատեհ որեւէ առիթ բաց չեն թողնում ժողովրդին երդվելու, թե պայքարում են կոռուպցիայի դեմ: Այդ երդումների փոխարեն գուցե հետ—եի՞ն «Սինգապուրյան հրաշքի» բանաձ—ին: Կոռուպցիայի վերացման համար առաջարկվում է պարզագույն մի  բանաձեւ. հատկապես մեր նման փոքր պետություններում բավական է, որ բարձրագույն իշխանության հինգ-վեց ամենավերեւինները ընդգրկված չլինեն կոռուպցիայի մեջ, իրենց իշխանությունը չօգտագործեն ազգ ու բարեկամներին ագարակներով, հանքերով, երթուղիներով, պատգամավորական մանդատներով եւ յուղոտ այլ պատառներով ապահովելու համար,  ու գլուխը պատովը կտա ստորադաս չինովնիկը, եւ, ընդհանրապես, մեզանից յուրաքանչյուրը` ոտքը վերմակից դուրս պարզելու դեպքում: Սինգապուրում կես դար առաջ հայտնվեցին այդպիսի հինգ-վեց ամենավերեւիներ եւ երրորդ-չորրորդ աշխարհներում թափառող պետությունը շատ կարճ ժամանակում հայտնվեց ամենազարգացած եւ հեռանկարային պետությունների շարքում: Իսկ մենք մի գլուխ հայտարարում ենք, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, բայց այդ հրեշին օր օրի ավելի ենք սնում «էլիտար» նոր շենքերի համար անօրինական հողհատկացումներով, նախարարական պորտֆելներով, համայնքներով եւ  հազար ու մի մեդալներով ու պատվոգրերով:
Ինձ համար մեր քսանամյա անկախ պետականության գնահատման հիմնական եւ գլխավոր չափանիշը` Հայաստանից փախեփախն էղ արտագաղթ կոչվածը, մեր ժողովրդագրության տագնապալի վիճակը, որն արդեն ուղղակի սպառնում է մեր ազգային անվտանգությանը: Մնացած վիճակագրություններն ու ինքնագովազդ ճառերը հոտնկայս կենացներ են` «Հայաստանը դու ես»-ի երաժշտական ձ—ավորմամբ: 
Քսանամյա մեր անկախ պետականությունն այսօր նման է մի մարմնի, որին անխնա զօր ու գիշեր հոշոտում ենք, երբեմն ընդմիջումներին թամաշա բռնողներին հիշեցնում եւ հոխորտում ենք Արցախում շահած ճակատամարտով` չհասկանալով հանդերձ, որ այդ մարմինը գրեթե կորցրել է իր դիմադրողականությունը եւ ուժասպառ է լինում: Եվ այս «լինումին» մենք հասանք անկախության գաղափարը ուղղակի կամ անուղղակիորեն նվաստացնելու ու ամեն Աստծո օր  մեր սեփական տանից նրան դուրս վռնդելու հավաքական ջանքերի շնորհիվ:
Որպես ՀՀ ԳԽ պատգամավոր, քվեարկել եմ Հայաստանի, իմ երեխաների Անկախության համար: Այն իմ քաղաքական գործունեության թերեւս ամենագիտակցված եւ արժանապատիվ ստորագրություններից է, ինչի համար հպարտ եմ: Բայց նաեւ Ձեզ հետ անկեղծորեն ուզում եմ կիսել իմ տագնապները` հավատով, որ վերջապես խելքի կգանք եւ մեր երեխաների ապագան կփրկենք հազիվհազ ձեռք բերած մեր պետականությունը քայքայող  այս տխուր ընթացքից:
Շնորհավոր Անկախությունդ, Հայաստա՛ն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել