Հայաստանում Ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) նշում է հիմնադրման 20- ամյակը: Այս կապակցությամբ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 1-ը համալսարանը կազմակերպել է «Զարգացման 20-ամյակ. կրթության փառատոն» խորագիրը կրող տոնակատարությունների շարք, որի առիթով Հայաստան են ժամանել համալսարանի հիմնադիրներ` ՀԱՀ հիմնադիր նախագահ, դոկտոր- պրոֆեսոր Միհրան Աղբաբյանը, համալսարանի հիմնադիր, դեկան Արմեն Տեր-Կյուրեղյանը եւ ՀԱՀ նախագահ, դոկտոր Բրյուս Պողոսյանը:
Երեկ նրանք հանդիպեցին լրագրողների հետ:
Ըստ Մ. Աղբաբյանի, 20 տարվա պատմություն ունեցող համալսարանը կարեւոր գործ է անում Հայաստանում: ՀԱՀ հիմնադիր, դեկան Արմեն Տեր-Կյուրեղյանն անդրադարձավ համալսարանի անցած ուղուն. «Հայաստանի եւ Կալիֆոռնիայի համալսարանների միջեւ կա պաշտոնապես հաստատված համաձայնագիր, որը եզակի է, քանի որ Կալիֆոռնիայի համալսարանը չունի աշխարհում որեւէ համալսարանի հետ նման համաձայնագիր: Այն Կալիֆոռնիայի համալսարանից պահանջում է ապահովել առաջնորդություն՝ ակադեմիական ղեկավարման եւ ուսումնական ծրագրերի առումով: Հայաստանի համալսարանը հավատարմագրվել է ամերիկյան դպրոցների եւ քոլեջների ասոցիացիայի կողմից: Այն ունի նաեւ ուսման որակի հավաստագրային կարգ, որը հաստատում է, թե համալսարանն իր ուսման որակով համապատասխանում է միջազգային չափորոշիչներին, եւ ուսումնառությունն իրականացնում է Կալիֆոռնիայի համալսարանի չափանիշներին համապատասխան»: Պարոն Տեր-Կյուրեղյանը նաեւ հավելեց . «Ունենք 2000-ից ավելի շրջանավարտներ, որոնք Հայաստանի զարգացման գործում մեծ դեր են ունեցել: Նրանց 80 տոկոսը ապրում եւ աշխատում է Հայաստանում»:
Անդրադառնալով ՀԱՀ 20-ամյակին նվիրված տոնակատարություններին, համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանն ասաց, որ 20 տարիների ընթացքում հավաքել են Ամերիկյան համալսարանի պատմությանը վերաբերող նյութեր, որոնք կհրապարակվեն առանձին գրքով եւ հասանելի կլինեն բոլորին: Նկարահանվել է համալսարանի մասին պատմող ֆիլմ, որի ցուցադրությունը կկայանա սեպտեմբերի 30-ին»: