Անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են: Օրերս Հայաստանի բնության պետական թանգարանում բացվեց գեղանկարիչ Հրաչյա Սաֆարյանի 5-րդ անհատական ցուցահանդեսը: Ներկայացված 3 տասնյակից ավելի աշխատանքները բնապատկերներ էին: Ներկա էին նաեւ «Արծիվ» մահապարտների միության անդամները, ղարաբաղյան պատերազմում կռվածները, ներկայացուցիչներ՝ ՀՀ բնապահպանության նախարարությունից:
«Մենք այսօր հպարտանում ենք մեր բանակով, հատկապես Անկախության օրը բոլորս տեսանք, թե ինչ հզոր բանակ ունենք: Կան պետություններ, որ երկար տարիների փորձ են ձեռք բերել, բայց մեր պաշտպանության նախարարության տղաները, որտեղ որ գնում են մասնակցելու ռազմավարությունների, միշտ առաջին կամ երկրորդ տեղում են լինում: Վստահ եմ, որ Հայաստանը ծաղկելու է, որովհետեւ մենք այսօր հզոր պետությունների հետ ենք ոտք գցում»,- ասաց Ղարաբաղյան պատերազմի վետերանների խորհրդի նախագահ, Ասպետաց ակադեմիայի միջազգային անվտանգության հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Ֆիդանյանը: Ավելի ուշ անդրադարձ եղավ արտագաղթին եւ ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին որոշակի արտոնություններ տալու հարցին: Միջոցառման ընթացքում կատարվեց ազգային երգուպար, իսկ միջոցառման մասնակիցները շուրջպար բռնեցին: