Լրահոս
Օրվա լրահոսը

«Անբան Հուռին»՝ նոր մուլտֆիլմ-մյուզիքլ

Սեպտեմբեր 27,2011 00:00

Երիտասարդները սպասում են կինոկենտրոնի աջակցությանը

\"\"

Մի խումբ երիտասարդներ, ռեժիսոր Արթուր Միքայելյանի գլխավորությամբ, նոր մոտեցումներով մուլտֆիլմ են նկարում՝ թումանյանական «Անբան Հուռի» հեքիաթի հիման վրա: 2011թ. Հայաստանի ազգային կինոկենտրոնը Արթուրին դեբյուտ անելու հնարավորություն է ընձեռել՝ տրամադրելով 1մլն 330 հազարդրամ: Ռեժիսորն ասում է, որ այդ գումարով պատրաստել են ֆիլմի 2 րոպեն, իսկ բուն ֆիլմը պետք է 15-17 րոպե լինի: «Անբան Հուռին» գունեղ մյուզիքլ է, երաժշտությունը գրել է Գեղայր Խլղաթյանը: «Ֆիլմի ողջ անձնակազմը երիտասարդներից է բաղկացած, բեմադրող նկարիչներն են Գայանե Բաբայանը, Տիգրան Ասատրյանը, Լիլյան: Հայաստանում մուլտիպլիկացիան նկարիչներից կաղում է, լավ է, որ մեր խմբում աշխատող ուսանողների հետ մեկ տարի շարունակ աշխատել է լավագույն մուլտնկարիչներից մեկը՝ Իգոր Պատրինը: Սցենարի հեղինակը Վանուհի Դունամալյանն է: Խնդիր ունենք ֆիլմը շարունակելու, նպատակն է մինչեւ գարուն այն ավարտին հասցնել: Նկարում ենք նոր տեխնոլոգիայով՝ Full HD, 1920-1980 չափով, մի բան, որ Հայաստանում մինչ այժմ չի արվել: Երգչուհիներն էլ՝ կոնսերվատորիայի շրջանավարտներ Կատերինան, Աստղիկը եւ Նվարդը մեծ հաճույքով անվճար համաձայնեցին մասնակցել նախագծին: Այժմ բոլորս սպասում ենք կինոկենտրոնի հետագա ֆինանսավորմանը: Մեզ տարածքի եւ տեխնիկական ցանկացած հարցով էլ օգնել է «Այ-այսպես» ստուդիան»,- պատմեց Ա. Միքայելյանը: Նա հավելեց, որ իրենց մուլտֆիլմի մեկ վայրկյանը բաղկացած է 18- 21 նկարից, մինչ այժմ եղած մուլտֆիլմերում մեկ վայրկյանում 15 նկար է եղել:
Իսկ ինչու հենց «Անբան Հուռին»: Ռեժիսորը նշում է, որ այս նախագծով փորձել են հակադրվել այն մտայնությանը, թե «Անբան Հուռին» Թումանյանի անհաջող գործերից է եւ հնացած հեքիաթ. «Անբան հուռիներ այսօր էլ կան, չնայած այնպես չէ, որ նրանք Հայաստանում շատ-շատ են: Ֆիլմը հումորային զարգացում է ստացել, վերջում էլ փոքրիկ ռեժիսորական մոտեցում կա, որն անակնկալ է»:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավար Գեւորգ Գեւորգյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Գիտեմ, որ երիտասարդների մի խումբ նկարահանում է «Անբան Հուռին», որը, ցավոք, չեմ տեսել: Նրանք դիմել են Ազգային կինոկենտրոնին՝ աջակցության համար, բայց դեռ չեմ հասցրել ծանոթանալ դիմումին: Դրական եմ վերաբերվում երիտասարդների նախաձեռնությանը, քանի որ մենք էլ ենք սկսել հայկական հեքիաթներին անդրադառնալ՝ «Սասնա Ծռեր», «Արա Գեղեցիկ», հիմա «Անահիտն» ենք նկարում: Ուրախ եմ, որ երիտասարդները անդրադառնում են մեր արմատներին, մշակույթին, հեքիաթներին: Նրանք «Անբան Հուռին» կինոկենտրոնից անկախ են նկարահանել, բայց հիմա ունեն մեր աջակցության կարիքը, որը, կարծում եմ՝ անպայման կլինի»:
Արթուր Միքայելյանը եւ ողջ ստեղծագործական կազմը մի ցանկություն ունի՝ հանկարծ աջակցությունը շատ չուշանա: Երիտասարդները չէին ուզենա, որ այն «Սասունցի Դավթի» նման ձգձգվեր. դա անդրադառնում է ոգեւորության եւ որակի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930