Լրահոս
Օրվա լրահոսը

Սուպերգավաթ. սուպե՞ր, թե՞ գավաթ

Սեպտեմբեր 27,2011 00:00

Հայաստանում ֆուտբոլային մրցաշրջանի օրացույցը 1996թ.-ից ի վեր մի հատուկ օր ունի, որը կոչվում է «Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթ»… Սուպերգավաթ. կարծես թե ամեն ինչ պարզ է՝ տիտղոսը վիճարկում են չեմպիոնն ու գավաթակիրը: Տրամաբանորեն՝ ուժեղագույնների մրցամարտ, ինչը պիտի որ հետաքրքիր լինի: Պիտի որ: Եթե, իհարկե, խոսքն ընդամենը ութ թիմ ունեցող առաջնության մասին չէ, որում մի կողմից՝ առանձնապես ինտրիգ չկա, մյուս կողմից՝ նույն թիմերի տարեկան առնվազն հինգ հանդիպումները (չորս անգամ առաջնության շրջանակներում՝ գումարած սուպերգավաթային հանդիպումը, իսկ եթե «բախտը ժպտա», նաեւ գավաթի խաղարկությունում) հոգնեցնում են երկրպագուին… Անգամ ամենահզոր թիմերի դիմակայություններն են առօրեական դառնում ու մի տեսակ արժեզրկվում, երբ ժամանակային առումով հաճախակի են դառնում: Էլ ուր մնաց…
Ու միայն երկրպագուները չէ, որ մի տեսակ «լուրջ» չեն վերաբերվում այս խաղարկությանը. թիմերը նույնպես առանձնակի ոգեւորված չեն: Դրա վառ ապացույցն են այն կազմերը, որոնցով սուպերգավաթի մասնակիցները ներկայանում են «վճռական» խաղին: Այդսես, ընդամենը մի քանի օր առաջ տեղի ունեցած Հայաստանի 2010 թվականի սուպերգավաթի խաղարկությանը թե՛ «Փյունիկն» ու թե՛ «Բանանցը» իրենց մեկնարկային կազմում էին ընդգրկել երկրորդ համարի մի քանի ֆուտբոլիստների՝ առաջատարներին հանգստանալու հնարավորություն տալով ու նաեւ՝ այդպիսով չենթարկելով նրանց վնասվածք ստանալու վտանգին… Դա արդեն շատ բանի մասին է խոսում… Ու էական էլ չէ, որ սեպտեմբերի 24-ին «Փյունիկը» դարձավ ութակի սուպերգավաթակիր, իսկ «Բանանցն» էլ իր չորրորդ մասնակցությունը կրկին տապալեց… Դա ընդամենը վիճակագրություն է… Վիճակագրություն՝ առանց բովանդակության, որովհետեւ վերջինս կորել է հայկական ակումբային ֆուտբոլի միօրինակ միջանցքներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել