Երեկ մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի վարչապետի գավաթի խաղարկության ավանդական՝ երրորդ մրցաշարը:
Այս միջոցառումը ոչ միայն մեկն է հանրապետությունում մարզական-մասսայական միջոցառումների կազմակերպման, առողջ ապրելակերպի արմատավորման պետական համալիր ծրագրի շարքում, այլեւ նպատակաուղղված է հատկապես պետական կառավարման մարմինների աշխատակիցներին այս ոլորտ ներգրավելու գործին:
Հայաստանի կառավարության կյանքի կոչած այս մրցաշարը, որ անցկացվում է 2009 թվականից՝ ՀՀ վարչապետի որոշմամբ, ամեն տարի կազմակերպում եւ անցկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը՝ հիմնականում ֆուտբոլի ֆեդերացիայի, առողջապահության նախարարության, հանրապետության ոստիկանության աջակցությամբ: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի մեկնաբանությամբ՝ մրցաշարը, որ մեկն է պետության կողմից մշտապես կազմակերպվող բազմաթիվ մարզական-մասսայական միջոցառումներից, եզակի է այն առումով, որ ուղղված է պետական կառավարման մարմինների աշխատակիցների շրջանում մասսայական սպորտի, առողջ ապրելակերպի արմատավորմանն ու ակտիվացմանը: «Տարբեր առիթներով ասել եմ, որ խոսքի եւ իրական աշխատանքի միջեւ տարբերություն չպետք է լինի: Եթե կոչ ես անում, նախ պետք է ինքդ դրա օրինակը ծառայես: Տվյալ դեպքում խոսքը մասսայական սպորտի մասին է: Ուզո՞ւմ ես՝ մարդիկ ամեն օր հաղորդակից դառնան սպորտին, բարի եղիր ինքդ սպորտով զբաղվել: Եվ կառավարության, վարչապետի նախաձեռնությունը, ի դեմս այս ֆուտբոլային մրցաշարի, խոսքի ու գործի միասնականության լավագույն օրինակն է»,- ասաց Խ. Ասրյանը:
Ֆուտբոլի «Վարչապետի գավաթի» երրորդ խաղարկությունը տեւելու է մեկ ամիս: Մրցանակների եւ դրամական պարգեւատրությունների արժանանալու համար պայքարի մեջ մտել է գերատեսչական 14 թիմ: