Երեկ Երեւանի պետական համալսարանում «Կրթությունը, գիտությունը եւ տնտեսագիությունը բուհերում. ինտեգրում միջազգային կրթական տարածքներում» թեմայով միջազգային գիտական եռօրյա կոնֆերանսի բացումն էր: Ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կոնֆերանսի հայաստանյան կողմի կազմակերպչական մասի ղեկավար Արա Իսպիրյանի խոսքով՝ մասնակիցների թիվը 120 է, որոնք Ռուսաստանից են, Լեհաստանից, Ղազախստանից, Սլովակիայից, Կանադայից: Նպատակն է՝ դիտարկել ոլորտում առկա խնդիրներն ու ներկայացնել դրանց լուծման հնարավոր ուղիները:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ իր խոսքում կարեւորեց փոխհամագործակցության միջոցով միջազգային կրթական մակարդակներին ինտեգրվելը՝ այն անհրաժեշտ համարելով մրցունակ կրթական համակարգի ստեղծման եւ զարգացման համար: «Մենք պետք է գիտակցենք, որ բոլորս միջազգային սոցիալ-մշակութային համակարգի մասն ենք կազմում եւ կրթական ոլորտում համագործակցությունը հանդիսանում է ժողովրդավարական պետության խաղաղ եւ կարեւոր զարգացման կարեւոր գործոններից մեկը»,- ասաց Տիգրան Սարգսյանը: Վարչապետը վստահաբար նշեց, որ 2020թ. մեզ հաջողվելու է ստեղծել որակյալ եւ մրցունակ կրթական համակարգ, որը համապատասխան կլինի ժամանակակից պահանջներին՝ դրա հետ մեկտեղ դառնալ եվրոպական կրթական համակարգի արժանի գործընկեր: