Լրահոս
Օրվա լրահոսը

Լեզուների տոնը՝ Ֆրանսիականում

Սեպտեմբեր 27,2011 00:00

Հայաստանը միացավ 45 երկրի

Արդեն 10-րդ տարին ողջ Եվրոպան նշում է Լեզուների եվրոպական օրը: Հայաստանում այդ օրը, որպես տոն, առաջին անգամ նշվեց երեկ՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանում ԵՄ աջակցությամբ կազմակերպած «Եվրոպական միության լեզվական քաղաքականությունը. բազմազանություն եւ ինտեգրացիա ապահովող միջոցները» խորագիրը կրող համաժողովի շրջանակներում:
Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գլխավոր քարտուղար Ալեքսանդր Մարտինետին. «Համաժողովը հնարավորություն է՝ քննարկելու լեզվական քաղաքականության ոլորտի հիմնական խնդիրները: Այն նպատակ ունի Հայաստանում որոշում կայացնողներին, լրատվամիջոցներին, քաղաքացիական հասարակությանն ու լայն հանրությանը ծանոթացնել ոլորտում տեղի ունեցող եվրոպական զարգացումներին»: Իսկ ինչո՞ւ է Հայաստանն այս տարի առաջին անգամ նշում լեզուների եվրոպական օրը, Ա. Մարտինետին նկատեց. «Եվրոպայի շուրջ 45 երկիր նշում է այս օրը տարբեր միջոցներով. մրցույթների տեսքով՝ տարբեր լեզուներով շարադրություններ, բանաստեղծություններ գրելով: Հայաստանում Ֆրանսիական համալսարանից բացի, ոչ մի կրթական հաստատություն այս օրը չի նշել: Խնդիրը եղել է զուտ կազմակերպչական: Լեզուների եվրոպական օրվա խորհուրդն այն է, որ մարդիկ կարեւորեն տարբեր լեզուների տիրապետումը: Հայերդ մի ասացվածք ունեք՝ որքան լեզու գիտես, այնքան մարդ ես: Հայաստանում հայերին այդ մասին հիշեցնելու կարիք չկա, որովհետեւ յուրաքանչյուր երկրորդ հայ, բացի իր մայրենի լեզվից, տիրապետում է առնվազն երկու լեզվի՝ անգլերենի եւ ռուսերենի: Երբ Հայաստան հյուր է գալիս, նա չի փորձում սովորել հայերեն, որպեսզի կարողանա հաղորդակցվել: Հայե՛րն են տարբեր լեզուներ փորձարկում, մինչեւ գտնում են ընդհանուր հաղորդակցման եղանակը: Քանի որ հայերն էլ եվրոպական երկրներ են գնում, ու լավ կլիներ, որ եվրոպացիներն էլ հայերենին տիրապետեին»:
ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության ներկայացուցիչ, ազգային փորձագետ Մարինե Հովյանի հետ զրուցեցինք Հայաստանում լեզվական քաղաքականության խնդիրներից: Նա նշեց. «Պետությունը պետք է ապահովի օտար լեզուների հավասար բաշխումը, որպեսզի որեւէ մեկը մյուսի նկատմամբ գերակա չլինի: Իսկ պետական լեզվի նկատմամբ գերակայությունը ընդհանրապես անթույլատրելի է: Բազմազանություն եւ ինտեգրացումը պետք է լինեն ո՛չ պետական լեզվի հաշվին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել