Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՐԱՆՑ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԿԱԾԵԼԻ Է

Սեպտեմբեր 27,2011 00:00

\"\"«Հրապարակի ճարտարապետական տեսքի եւ հուշարձանների պահպանությամբ մտահոգվող ՃՄ նախագահն է ստորագրել Լենինի
արձանի պատվանդանը քանդելու թույլտվությունը»,- ասում է Երեւանի ավագանու անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը:

– Պարոն Իգիթյան, կառավարության շենքի թմբուկի կառուցմանը դեմ հանդես եկող ճարտարապետները շարունակում են պնդել, որ ներկայումս առաջարկվող տարբերակը որեւէ կապ չունի թամանյանական էսքիզի հետ՝ թե իր չափերով, թե արտաքին տեսքով եւ թե իր ներքին բովանդակությամբ: Ի վերջո, դա այդպե՞ս է, թե՞ ոչ:
– Նախ այսօր թմբուկի կառուցմանը դեմ խոսողներից եւ Թամանյանի գաղափարներով մտահոգվողներից շատերն իրենց եւ ստեղծագործական, եւ վարչական գործունեությամբ ողջ կյանքում զբաղված են եղել Թամանյանի իդեաները ոչնչացնելով ու դեֆորմացնելով: Օրինակները բազմաթիվ են եւ մասնագետների համար՝ ակնառու: Այնպես որ, նրանց մտահոգությունն ինձ համար կասկածելի է: Ինչ վերաբերում է թմբուկի առաջարկվող նախագծին, ապա այն իր ծավալատարածական չափորոշիչներով որեւէ կերպ չի տարբերվում Թամանյանի տարբերակից: Կերպարը, ուրվագծերը, ծավալը եթե պահպանվում են, ապա այդ դեպքում արդեն ներքին բովանդակությունն արվում է այնպես, ինչպես որ այսօրվա կյանքը, երկրի վիճակը եւ տվյալ դեպքում կառավարության պահանջներն են պահանջում:
– Բայց արդյոք շենքի ներքին բովանդակության փոփոխությունը չի՞ անդրադառնա արտաքին լուծումների վրա:
– Շատ փոքր, առանձին դետալների փոփոխություններ կարող են լինել՝ կապված աշխատասենյակների լուսավորության համար անհրաժեշտ խորշերի բացման հետ: Այսինքն, հնարավոր է այդ խուլ պատը փոխվի եւ պատուհաններ արվեն: Դա արդեն զուտ մասնագիտական վարպետության հարց է եւ կարող է քննարկման առարկա լինել:
– Դուք ասում եք՝ կարող է քննարկման առարկա լինել: Բայց խնդիրն էլ հենց քաղաքի համար նման կարեւոր հարցերի շուրջ հանրային քննարկումների բացակայությունն է:
– Երբ ասում են հանրային քննարկումներ, ես հասկանում եմ մասնագետների շրջանում քննարկումներ: Այլապես դա նման է նրան, որ մենք հիմա քննարկումներ անենք՝ պետք է ատոմակայանը փակե՞լ, թե՝ ոչ: Մի անգամ հանրային քննարկումներով «Նաիրիտը» փակեցինք՝ տեսանք, թե ինչ եղավ: Իսկ մասնագիտական քննարկումներ թմբուկի հարցով եղել են, այդ թվում եւ՝ քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդում, որի անդամների գերակշիռ մասը կողմ քվեարկեց:
– Բայց Ճարտարապետների միության նախագահն ասում է, որ քաղաքաշինական խորհրդի անդամները մոլորության մեջ են գցվել:
– Միության նախագահը տարբեր բաներ է ասում նույն հարցի շուրջ: Նա ասում է, որ միության անդամները, որոնք նաեւ քաղաքաշինական խորհրդի անդամներ են, կայացած մասնագետներ են: Բայց միեւնույն ժամանակ նաեւ պնդում է, որ այդ մարդկանց մոլորեցրել են: Ես ուղղակի չեմ հասկանում, ինչպես կարելի է լուրջ, կայացած մասնագետներին մոլորեցնել մի հարցում, որը քննարկվել է Երեւանի քաղաքապետի գլխավորությամբ եւ նրանցից յուրաքանչյուրն արտահայտվելու անսահմանափակ հնարավորություն է ունեցել: Այն աստիճան, որ նրանցից ոմանք իրենց խոսքը սկսում էին Վերածննդի մասին դատողություններից…
– Պարոն Իգիթյան, Դուք հաճախ շատ կտրուկ եք Ձեր գնահատականներում, եւ միգուցե նաեւ դա է պատճառը, որ ՃՄ նախագահը վերջերս Ձեզ որակեց իբրեւ պրովոկատոր, որը շատ հեռու է ճարտարապետությունից: Ինչպե՞ս եք մեկնաբանում նման գնահատականը:
– Գիտեք, այդ մարդու հնչեցրած գնահատականների մասով առանձնապես մեկնաբանելու բան չունեմ՝ այն պարզ պատճառով, որ դրանք լուրջ չեմ ընդունում: Ընդ որում, հավանաբար ինքն էլ իր ասածները լուրջ չի ընդունում: Հակառակ դեպքում չէր ասի, թե հրապարակի տեսքն աղճատում են հարակից փողոցներից երեւացող նորակառույց շենքերը եւ որպես օրինակ չէր նշի նաեւ Ամիրյան փողոցը, որի ամենահակաճարտարապետական շենքի հեղինակը հենց ինքն է: Հիմա եթե այն, ինչ ինքը կառուցում է, դա ճարտարապետություն է համարում, ապա այդ դեպքում՝ այո, ես ճարտարապետությունից հեռու մարդ եմ: Բացի այդ, ես չեմ կարող լուրջ ընդունել մի մարդու խոսքը, ով պարզապես սուտ է խոսում:
– Նկատի ունեմ այն, որ Մկրտիչ Մինասյանը հայտարարում է, թե «Սեւան» հյուրանոցը քանդվել է Նարեկ Սարգսյանի օրոք:
– Դա բացահայտ սուտ է: Կարելի է ընդամենը նայել, թե երբ է աշխատել Նարեկ Սարգսյանը եւ երբ է քանդվել «Սեւան» հյուրանոցը: Էլ չասած, որ Մինասյանը շատ լավ գիտի, որ Նարեկը կարողացել էր հասնել նրան, որ սեփականատերը համաձայնել էր պահպանել շենքի առնվազն ճակատը: Բայց Նարեկ Սարգսյանի հեռանալուց հետո տեսանք, թե ինչ եղավ: Հիմա այս մարդն այդ ամենն իմանալով՝ սուտ է խոսում, ես ինչպես վերաբերվեմ նրան: Եվ մի բան էլ. ստեղծագործական նվազ հնարավորություններ ունեցող մասնագետն իրեն չպիտի թույլ տա կոլեգաների մասին գնահատականներ հնչեցնել:
– Պարոն Իգիթյան, այնուամենայնիվ, չեք կարող ժխտել, որ քաղաքի կենտրոնն այսօր առանց այդ էլ չափազանց խիտ է կառուցապատված: Եթե թմբուկի կառուցման հարցում որպես փաստարկ նշում եք Թամանյանի չիրականացված նախագիծը, ապա չեք կարող չհամաձայնել Մկրտիչ Մինասյանի այն մտահոգության հետ, որ հրապարակի մետրոյին կից 4 աստղանի հյուրանոցի կառուցմամբ տրանսպորտային ծանրաբեռնվածության խնդիրն էլ ավելի կբարդանա:
– Տարիներ առաջ նույն Մկրտիչ Մինասյանը եւ Ջիմ Թորոսյանն առաջարկում էին այդ նույն տարածքում բազմաֆունկցիոնալ շենք կառուցել՝ փակելով այսօրվա գոյություն ունեցող նախարարությունների շենքը: Ընդ որում, այն ավելի բարձր էր լինելու, քան ներկայումս առաջարկվող հյուրանոցի նախագիծը: Կարող եք գնալ-տեսնել՝ մինչեւ հիմա մնացել է այդ շենքի շինարարության համար փորված փոսը: Ավելի ուշ նույն հեղինակներն այդ տարածքում սփյուռքի նախարարության համար շենք նախագծեցին:
– Իսկ ինչո՞ւ այդ շենքը չկառուցվեց:
– Հենց այն պատճառով, որ այդ նախագծով որեւէ կերպ չէր լուծվում ոչ միայն կայանատեղիների, այլեւ անգամ Նալբանդյան փողոցից շենքին մոտենալու հնարավորությունների հարցը: Ու հիմա այդ նույն նախագծի հեղինակը սկսել է մտահոգվել, որ այդ տարածքում հյուրանոցի կառուցման դեպքում կարող է ավտոկայանատեղիների խնդիր առաջանալ: Ի տարբերություն իր արած նախագծի, այս դեպքում այդ բոլոր հարցերը լուծված են, քանի որ շենքի տեղադրությունը փոփոխված է դեպի Նալբանդյան փողոց:
– Իսկ ի՞նչ կլինի մետրոյի վարդյակի ճակատագիրը:
– Այն, ինչ եղավ Կասկադի հետ: Ներդրողների միջոցներով քայքայվող վարդյակը կծաղկի եւ կսկսի գործել: Եվ վերջում. պետք չէ ինձ ստիպել, որ ես մի օր ասեմ այդ վարդյակի նախագծման պատմությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել