ՀՀ մարզպետարանների նորացված կայքերը պատրաստ են
Դեռեւս այս տարվա փետրվարի 9-ին «Հանուն մատչելիության եւ թափանցիկության» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID) 3 միլիոն դրամ ֆինանսավորմամբ իրականացվելու է ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ ՀՀ տասը մարզպետարանների կայքերի բարեփոխում: Նախարարության բարելավված կայքը վաղուց հասանելի է, մարզպետարանների նոր կայքերի շնորհանդեսը երեկ էր՝ Կոտայքի մարզպետարանում:
Միջոցառմանը ներկա էր ՀՀ տարածքային կառավարման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը, ով էլ նկատեց, որ կայքերի նորացված տարբերակների շնորհանդեսը Կոտայքում կազմակերպելը պատահական չէ, քանի որ Կոտայքը հայտնի է տեղեկատվական տեխնոլոգիաները՝ հանուն թափանցիկ աշխատանքի օգտագործելու իր ավանդույթներով: Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն էլ նկատեց, որ այսօր անհնար է պատկերացնել արդյունավետ, թափանցիկ աշխատանք՝ առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:
Ծրագրի հովանավորի ներկայացուցիչը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID) ժողովրդավարության եւ կառավարման գրասենյակի ղեկավար Սթիվեն Բրագերը ասաց, որ օրը անպայման պետք է նշվի եւ հիշվի, քանի որ ստեղծվում է տեղեկատվության մատչելիության գործիք: Ըստ պարոն Բրագերի, այսկերպ բարձրանում է տարածքային իշխանությունների վստահության աստիճանը, քաղաքացիական հասարակության հետ համագործակցության նոր հիմք դրվում, որից շահում են թե իշխանությունը, թե բնակչությունն ու քաղաքացին:
Հայ-թուրքական հարաբերություններում արդար արբիտրի դեր կատարած, «Իրավարար վճիռ» կայացրած ու դրանով հայերի սիրտը շահած ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը ժամանակին ասել է՝ կառավարությունը պետք է ամբողջությամբ դրսում լինի եւ ոչ ներսում: Այլ խոսքով՝ լինի առավելագույնս թափանցիկ: Հիշեցնելով իր երկրի նախկին նախագահի այս խոսքը, Սթիվեն Բրագերը հույս հայտնեց, որ նորացված նոր հնարավորություններով կայքերը կնպաստեն որոշումների կայացման գործում քաղաքացիների ակտիվ մասնակցությանը: