Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՐԱՆԸ «ՓՐԿԵՑ» ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ

Սեպտեմբեր 27,2011 00:00

\"\"Հասմիկ Պողոսյանը վկայություն չի տալու Մինասի որմնանկարների թեմայով

Մինաս Ավետիսյանի 4 ստեղծագործությունները Գյումրիից կառավարության շենք ու «Զվարթնոց» օդանավակայան տեղափոխելը ոչ միայն վիրավորել է գյումրեցիներին, այլ նաեւ որմնանկարչի որդուն՝ Արման Ավետիսյանին: Վերջինս, գտնելով, որ իրեն զրպարտել ու  արժանապատվությունը վիրավորել են, դատի է տվել Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանին: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, տեղի ունեցավ այս գործով նախնական դատական երկրորդ նիստը: Ի դեպ, նշենք, որ զրպարտության ապաքրեականացումից հետո «պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքման, հրապարակայնորեն ներողություն խնդրելու պարտավորեցման, պատճառված վնասի հատուցման» պահանջով դատավարություն՝ առաջին անգամ է տեղի ունենում Շիրակի մարզում: Թե ինչի՞ց է վիրավորված որմնանկարչի որդին, կոնկրետ ո՞ր հրապարակումներն ու արտահայտություններն են դարձել դատի տալու պատճառ, հայցվորի ներկայացուցիչ Անի Խլղաթյանը «Առավոտի» հետ զրույցում այսպես պարզաբանեց. «Բնականաբար, յուրաքանչյուր անհատ, յուրաքանչյուր անձ չի կարող վիրավորական չհամարել «լարախաղաց» բառը, «հոր որմնանկարներից ֆինանսական եկամուտներ ստանալու», «վզից չանգյալ եւ գդալ կախելու», «Էռնեկյանի պատվերով գործելու» արտահայտությունները: Այդ հոդվածներում հնչում են նաեւ այնպիսի տեղեկություններ, որոնք վիրավորում են նաեւ տղամարդկային արժանապատվությունն ու չեն համապատասխանում իրականությանը, մասնավորապես ի՞նչ է նշանակում՝ «մենք կարծել ենք, թե տղամարդու հետ ենք գործ ունեցել», ի՞նչ է նշանակում՝ «թռավ իր պայմանավորվածությունից»: Լեւոն Բարսեղյանը մեկնաբանություններ է տվել «Երկիր մեդիայով», «Ասպարեզ» ակումբն էլ, ճիշտ է, որպես լրատվամիջոց գրանցված չէ, բայց իրականացրել է լրատվական գործունեություն: Մենք հայցը համապարփակ ձեւով ենք ներկայացրել, բնականաբար՝ հիմքը  հրապարակված հոդվածներն են»: Նախնական դատական նիստի ընթացքում պարզվեց, որ «Ասպարեզ» ակումբի կայքում Մինասի որմնանկարների թեմայով ոչ բոլոր նյութերն են պատկանում «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահի գրչին: Այսինքն, ստացվում է, որ հայցվորը սխալ հասցեատեր է ընտրել: Լեւոն Բարսեղյանը, մատնանշելով Նարեկ Լեւոնյան անուն-ազգանունը, զարմացել էր, թե նյութը ընթերցելիս մի՞թե ուշադրություն չեն դարձնում հեղինակին: Սա հայցվոր կողմը պատճառաբանում էր «Ասպարեզ» ակումբի կայքէջի տեխնիկական անհարմարություններով: Այդուհանդերձ, դատարանի դահլիճից դուրս մենք Անի Խլղաթյանից հետաքրքրվեցինք, այս առումով սխալ հասցեատեր չի՞ ընտրված: «Մենք դա դեռ կպարզենք: Երբ մենք ուղարկել ենք հերքման պահանջը, նա չի ասել, թե այդ հոդվածների հեղինակը ինքը չէ, այսինքն՝ նա պետք է ասեր, որ դուք սխալ հասցեատիրոջ եք դիմել՝ հարգելի կողմ, ես հեղինակն եմ այս մի հոդվածի, սրա հերքումը տեղադրում եմ կամ չեմ տեղադրում: Մենք էլ գտել ենք, որ նա է այդ հոդվածների հեղինակը, եւ հայցը նրա դեմ ենք ներկայացրել»,- ասաց հայցվորի ներկայացուցիչը: Վերջինս նաեւ տեղեկացրեց, որ իրենց ոչ այնքան նյութական վնասի փոխհատուցումն է հետաքրքրում, որքան՝ բարոյական վնասի: Հայցվորը Լեւոն Բարսեղյանից պահանջում է 200 հազար դրամ, որը ծախսել է իր իրավունքների պաշտպանության համար եւ 2 մլն դրամ՝ վիրավորանքի եւ զրպարտության համար: «Եթե հրապարակային ներողություն լինի, դատարանի վճիռը տեղադրվի կայքէջում, նյութական մասով հնարավոր է փոխզիջումներ լինեն, մեր գերնպատակը նյութական փոխհատուցում ստանալը չէ, այլ՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքումը»,- տեղեկացրեց Անի Խլղաթյանը: «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը հայցը չի ընդունում, չի գտնում, որ ինքը վիրավորել է Մինասի որդու արժանապատվությունը, «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ինքը գնահատականներ է տվել մշակույթի գործիչների տարածած հայտարարությունների, հաղորդած տեղեկությունների հիման վրա: «Մենք, իհարկե, հայցը չենք ընդունում, դրա համար էլ էս դատական վեճի մեջ հանգամանորեն ներգրավված ենք, ակնկալում ենք եւ շատ շահագրգիռ ենք, որ լինի հանգամանալից դատաքննություն, ինչքան ուզում է տեւի, շահագրգիռ ենք բոլոր հնարավոր վկաներին դատարանում տեսնել, լսել, որոնց վկայությունների հիման վրա եմ ես տվել իմ գնահատականները»,- ասաց Լեւոն Բարսեղյանը: Ի դեպ, դատավորը մերժեց մշակույթի նախարարին ու փոխնախարարին որպես վկա հրավիրելու «Ասպարեզ» ակումբի նախագահի միջնորդությունը: Մինչդեռ այս վկաները կարող էին ողջ Գյումրիին հետաքրքրող տեղեկություններ հաղորդել, մասնավորապես ասել, թե որմնանկարները գաղտնի՞ են տեղափոխվել մայրաքաղաք. թե՞ կատարվել է իրենց գիտությամբ, եւ առհասարակ որմնանկարների շուրջ ի՞նչ է քննարկվել, ի՞նչ պայմանավորվածություն է եղել նախարարությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել