Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

713 800 ՀՀ դրամ՝ 10 ամիս ու 3 օր անհիմն կալանավորելու դիմաց

Սեպտեմբեր 27,2011 00:00

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վարդուհի Հովնանյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի դասախոս Ժոզեֆ Կարայանի հայցադիմումը՝ ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության:
Կայացված որոշմամբ ՀՀ-ից՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, հօգուտ Կարայանի պետք է բռնագանձվի 713 800 ՀՀ դրամ՝ որպես անօրինական ձերբակալման, կալանավորման եւ որպես մեղադրյալ ներգրավելու հետեւանքով պատճառված գույքային վնասի հատուցում:
Բացի այդ՝ հօգուտ Կարայանի պետք է բռնագանձվի 150 000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Արդարացված Ժ. Կարայանի՝ քրեական գործով հանցանքի կատարման մեջ անհիմն կասկածվելու, մեղադրվելու, անհիմն ձերբակալման, կալանավորման եւ տեւական անազատության մեջ պահվելու, կիրառված դատավարական հարկադրանքի այլ միջոցների հետեւանքով կրած ընդհանուր վնասը գնահատվել է 3. 076. 079 ՀՀ դրամ, որից նյութական վնասը՝ 1 541. 079 դրամ, ոչ նյութականը՝ 1 535 000 դրամ:
Դատարանը, սակայն, հայցվորի բարոյական վնասի հատուցման պահանջի մասով կարճել է սույն քաղաքացիական գործի վարույթը: Դատարանը որոշման հիմքում դրել է այն փաստը, որ ՀՀ քաղաքացիական հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը չի նախատեսում բարոյական վնասի հատուցումը՝ որպես պատասխանատվության տեսակ: Ժոզեֆ Կարայանը մեղադրվում էր ՀՀ քրօրի 38-311-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ կաշառք ստանալուն օժանդակելը, այն էլ մի վկայի ցուցմունքով: Վերջինս Ազգային անվտանգության ծառայությունում հայտարարել էր, թե գումար է տվել Կարայանին, որպեսզի նա այն փոխանցի ամբիոնի վարիչ Մխիթարյանին, մեկ այլ դասախոսի՝ այս գործով համաներմամբ ազատ արձակված Հովհաննես Արաբյանի կուրսային աշխատանքը դրական գնահատելու համար:
10 ամիս եւ երեք օր կալանավորված Ժոզեֆ Կարայանը նախորդ տարվա հունիսի 9-ին դատարանի դահլիճից ազատ արձակվեց՝ առաջադրված մեղադրանքում ճանաչվելով անպարտ ու արդարացված:
«Իմ պաշտպանյալը գոհ է դատավճռից, հիմա միակ ցանկությունն այս պատմությունը մոռացության տալն է»,- ասում է Ժոզեֆ Կարայանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել