Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը Վանաձորում էր

Սեպտեմբեր 27,2011 00:00

\"\"«Ժառանգության» համար կարեւորը քանակը չէ, որակն է

ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանգստյան օրերին հանդիպեց վանաձորցիների հետ: Ի սկզբանե հանդիպումը նախատեսված էր Վանաձորի պետական մանկավարժական համալսարանում, որպեսզի Հովհաննիսյանի եւ նրա կուսակցության համակիրներից զատ՝ նաեւ անկախության տարեկից երիտասարդները մասնակցեն հավաքին, սակայն ընդդիմության ներկայացուցչի մուտքը կրթական հաստատություն արգելվել էր: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի նպատակն էր լսել վանաձորցիների կարծիքը այսօրվա մասին ու տեսակետների բախման միջոցով առկա խնդիրները լուծելու եղանակներ գտնել, նաեւ քաղաքացիների մտահոգությունները հնչեցնել ՀՀ Ազգային ժողովի բարձր ամբիոնից:
«Ժառանգության» ղեկավարը՝ ընդգծելով, որ անկախությունը մեծագույն արժեք է, հիշեց ոչ միայն ձեռքբերումների, այլ նաեւ կորուստների մասին՝ հոկտեմբերի 27, մարտի 1… Սակայն, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, այսօր ամենամեծ կորուստը արտագաղթն է՝ շարքային քաղաքացու օտարումն իր հողից: «Ցավալի է, երբ դա կատարվում է ոչ թե ՍՍՀՄ, օսմանյան տիրապետության, այլ մեր օրերում, երբ չեն փախչում թշնամուց, այլ չհամակերպվելով՝ իրենց հավատի կորստի ցավը արտահայտում են սեփական երկրից հեռանալով»,- նշեց «Ժառանգության» ղեկավարը: Նա ուրախ է, որ մեր բանակը մարտունակ է, բայց տխրում է եւ մեծ ցավ ապրում, երբ խաղաղ պայմաններում հայ զինվոր է մահանում: Րաֆֆի Հովհաննիսյանը չի ուզում, որ հայ ծնողը ապրի իր հայրենասեր զավակի կորստի ցավը, եւ ունի մեր ինքնիշխանության եւ ազատության արժեքը որոշող իր բանաձեւը՝ գնահատել սեփական ազատությունն ու քաղաքացու իրավունքը, ապահովել սոցիալ-տնտեսական նվազագույն շեմ: Հակառակ դեպքում, ըստ նրա, չեն լինի ազգային եւ ամուր ու ապահով սահմաններ:
Վանաձորցիները իրենց խնդիրները ներկայացրեցին Րաֆֆի Հովհաննիսյանին՝ աշխատատեղի բացակայություն, աշխատավարձի եւ կենսաթոշակի անհամապատասխանությունը գնաճին, ավանդների փոխհատուցում: «Ժառանգության» ղեկավարը նկատեց, որ արժանապատիվ ապրելու համար միայն միասնությամբ կարելի է լուծել առկա խնդիրները, սակայն հավելեց նաեւ, որ հացի խնդիր լուծող քաղաքացին ի զորու չէ մտածել համընդհանուր ու ազգային շահի մասին. «Հայաստանի Հանրապետությունը պատկանում է բոլորիս եւ ոչ թե մեկ մարդու: Կարծես կրկնվում է Խորհրդային Միության կուսակցապետությունը, եւ դրանով է պայմանավորված, որ «Ժառանգությունը» այս տարվա սկզբից հայտարարեց իր չմասնակցությունը ԱԺ նիստերին»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ժառանգությունը» դեռեւս ժամանակավրեպ է համարում խոսել առաջիկա՝ 2012 թվականի ԱԺ ընտրություններից, չի բացառում կոալիցիայով ընտրության գնալու տարբերակը, նախընտրում է միավորվել ոչ միայն քաղաքական կուսակցությունների, այլեւ հասարակական կազմակերպությունների, մտավորականների, անհատ քաղաքացիների հետ, կարեւոր չի համարում «Ժառանգություն» կուսակցությունից ընտրվելիք պատգամավորների թիվը, կարեւորը՝ մի գաղափարի շուրջ տեսնել բոլոր քաղաքական կուսակցություններին: «Մեր կյանքի նպատակն այն չէ, որ 7 մանդատի փոխարեն 17-ն ունենանք կամ ավելի մեծ թիվ կազմենք, մենք ուզում ենք մասնակցել ավելի մեծ ժողովրդական վերափոխման, որի համար յուրաքանչյուր կուսակցություն իր փոքր տարբերանշանից վեր պիտի կանգնի, շահը համազգայինը պետք է լինի»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանի համար հստակ են զարգացման հեռանկարները. կամ ներկա իշխանությունները պետք է փոխվեն եւ շրջվեն դեպի ժողովուրդը, կամ իշխանությանը պետք է փոխել: «Մենք պետք է կարողանանք մեր սերունդների համար ձեռք բերել իրատես փոփոխություն, որը հիմնված կլինի ազատ տնտեսվարման, ժողովրդավարական համակարգի եւ քաղաքացու իրավունքի վրա: Ժողովուրդը պետք է հավատա իր ձայնին եւ ուժին»,- վստահ է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել