Գնահատում է ՀԱԿ-ի հետ երկխոսության կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավար, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:
– Սեպտեմբերի 30-ին ավարտվում է ՀԱԿ-ի սահմանած վերջնաժամկետը, եւ եթե իշխանությունը չփոխի Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը՝ արդեն իսկ առկախված երկխոսությունը ՀԱԿ-ը կհամարի ավարտված: Կարո՞ղ ենք արդեն իսկ արձանագրել, թե երկխոսությունը ձախողված է, թե՞ մինչեւ ուրբաթ օրն այս կապակցությամբ դեռ հնարավոր եք համարում որեւէ փոփոխություն:
– Ի սկզբանե պարզ էր, որ եթե կողմերը երկխոսության ժամանակ խոսում են վերջնագրերով, ապա այդ երկխոսությունն, իհարկե, ձախողված էր լինելու: Եվ կարծում եմ, որ երկու կողմերն էլ երկխոսությունը սկսելուց քաջ գիտակցում էին, որ երկխոսությունը վերջնագրերով խոսելը չէ, այլ սեփական փաստարկները ներկայացնելն ու դիմացինի փաստարկները լսելը: Եվ անգամ այն պարագայում, երբ ի վերջո չեք համաձայնում ու չեք գտնում ընդհանուր եզրեր, այնուամենայնիվ՝ ավելի լավ եք պատկերացնում յուրաքանչյուր կողմի փաստարկները:
Ինձ համար երկխոսությունը շարունակում է մնալ այն կարեւոր հնարավոր հարթակներից մեկը, որը կարող է ծառայել երկրի առաջընթացին:
– Սեպտեմբերի 23-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը 8 պահանջներ առաջադրեց՝ այս անգամ տարեվերջը նշելով արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերջնաժամկետը: Արդյոք սեպտեմբերի 30-ից հետո կոալիցիայի աշխատանքային խումբը հրապարակելո՞ւ է իր կազմած այն փաստաթուղթը, որը սկսել էր ընթերցել ՀԱԿ-ի պատվիրակության համար՝ ժխտելով արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը:
– Այս պահին մենք դեռեւս չենք պատրաստվում այն հրապարակել, քանի որ, ինչպես նշել ենք՝ ճիշտ ենք համարում փաստաթուղթը ներկայացնել երկխոսության մյուս կողմին ու նոր՝ հանրության դատին:
Ինչ վերաբերում է նոր պահանջներ ներկայացնելուն ու նոր վերջնաժամկետներ սահմանելուն՝ կարծում եմ, որ ՀԱԿ-ն ուղղակի արդեն սկսել է ընտրապայքարը: Իսկ ընտրապայքարում քաղաքական յուրաքանչյուր մասնակից ստանձնում է որոշակի դերակատարում, հայեցակարգ, որով էլ գնում է ընտրությունների՝ անկախ նրանից, թե դրանք հերթակա՞ն են, թե՞ արտահերթ: Անգամ հերթական ընտրությունների պարագայում ՀԱԿ-ը փորձելու է օգտագործել իր որոշակի ծայրահեղական հարցադրումները՝ որպես հիմք իր ներկայացրած պահանջների եւ շահելու համար դժգոհ ընտրազանգվածի շահերը: Այսինքն՝ ես այս ամենը դիտում եմ ընտրություններին ընդառաջ զուտ քաղաքական համատեքստում:
– ՀԱԿ առաջնորդներն իրենց ներկա գործելակերպի այլ հիմնավորումներ ունեն. այն է, որ իշխանությունները զիջումների պատրաստակամությունն այս պահին սպառել են, նրանք հասկանում են միայն ճնշումների լեզուն, ուստի իրենք պետք է ավելացնեն ճնշումները եւ ստիպեն կատարել իրենց պահանջները:
– ՀԱԿ-ի ներկայացրած պահանջներում ես ամենեւին նոր բան չեմ տեսնում: Կարծում եմ, սա շարունակությունն է այն ամենի, ինչ տեղի էր ունենում նախկինում, եւ հիմա ՀԱԿ-ն ընդամենը շարունակում է քաղաքական նույն գիծը: Զիջումներ պարտադրելու վերաբերյալ պնդումներն էլ, կարծում եմ, նոր չեն՝ նրանք միշտ նույն ձեւով են արտահայտվել:
– Հոկտեմբերի 7-ին ԵԽԽՎ-ն քննարկելու է Հայաստանի պարտավորությունների կատարման վերաբերյալ հերթական զեկույցը: Այն թերեւս աննախադեպ է այն առումով, որ բավական դրական շեշտադրումներ է պարունակում: Ինչպե՞ս Ձեզ՝ իբրեւ իշխանության ներկայացուցչի, հաջողվեց հասնել նման արդյունքի:
– Կարծում եմ՝ այս առումով իշխանության հաջողել-չհաջողելու մասին չէ, որ պետք է խոսենք: Սա օբյեկտիվ գնահատական է՝ այս զեկույցը չի կարելի գնահատել իբրեւ զուտ դրական, զեկույցում մատնանշված են բազմաթիվ՝ դեռեւս առկա խնդիրներ: Զեկույցը միշտ պետք է գնահատենք որպես կողմնակի դիտորդի հայացք, թե արդյոք մեր առջեւ ծառացած բոլո՞ր խնդիրներն են, որ այնտեղ արտացոլված են: Վստահ եմ, որ ո՛չ: Վերջիվերջո, չպետք է մոռանանք, որ սա զուտ գնահատական է. խնդիրները մե՛նք մեզ համար պետք է առաջադրենք եւ ստանձնենք դրանց լուծումը:
– Հաշվի առնելով, որ այս փաստաթուղթը պատրաստվել է ակնհայտորեն այն ժամանակ, երբ երկխոսությունը դեռ ընթանում էր՝ այժմ՝ դրա ձախողումից հետո, բացառո՞ւմ եք արդյոք բանաձեւի նախագծում փոփոխությունները:
– Ո՛չ, չեմ բացառում փոփոխությունները: Իսկապես, զեկույցը գրվել է այն ժամանակ, երբ երկխոսությունն ընթացքում էր: Եվ դրա կասեցումը, կարծում եմ, կարող է իր անդրադարձն ունենալ նաեւ զեկույցում:
– Դժգոհություն է հարուցել բանաձեւի նախագծի հատկապես այն կետը, ըստ որի՝ «2008-ի մարտի դեպքերի էջը կարող է վերջապես համարվել փակված»: Ձեր կարծիքով՝ ԵԽԽՎ համազեկուցողներն ինչո՞ւ են նման պնդում արել, երբ նույն փաստաթղթում հերթական անգամ արձանագրված է, որ լուծված չեն մարտի 1-ի զոհերի համար մեղավորների պատասխանատվության խնդիրը:
– Կարծում եմ, հնարավոր չէ գնահատական տալ մարտի 1-ի վերաբերյալ համազեկուցողների դիրքորոշմանը՝ կարդալով բանաձեւի նախագծի ընդամենն այդ մի նախադասությունը: Եթե փաստաթուղթն ընթերցում ես ամբողջությամբ՝ տեսնում ես, որ մարտի 1-ին բազմաթիվ անդրադարձներ կան, եւ դրանց մի մասը լուրջ պահանջներ են, որոնք ներկայացվում են Հայաստանի Հանրապետությանը:
– Վերջերս Ձեր ստացած «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալը ընդդիմախոսները համարեցին երախտագիտության դրսեւորում, որ Հայաստանի իշխանությանը կարողացաք դուրս բերել ԵԽԽՎ-ում ստեղծված բավական աննպաստ իրավիճակից: Որքանո՞վ է հիմնավոր այս մեկնաբանությունը:
– Կարծում եմ՝ այն բացարձակ անհիմն է: Ասեմ, որ հպարտ եմ նման պարգեւ ստանալու համար: Եվ կարծում եմ՝ սա գնահատականն է շատ ավելի երկար տարիների իմ աշխատանքի եւ գուցե մի շարք այլ հաջողությունների եւս: Կարծում եմ, սա իմ անցած ուղու գնահատականն է՝ սկսած 1995 թվականից: Բազմաթիվ հարցերում, կարծում եմ, հաջողվել էր հասնել որոշակի հաջողությունների, եւ դրանք մնայուն արժեքներ են: