NEW
Քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը դա չի բացառում
Այն բանից հետո, երբ անցած շաբաթավերջին հայտնի դարձավ, որ ոչ թե Դմիտրի Մեդվեդեւը, այլ ՌԴ վարչապետ Պուտինն է լինելու այդ երկրի հաջորդ նախագահի թեկնածուն, առաջինը հայկական լրատվական կայքերում էր, որ կրկին բարձրացվեց Հայաստանում հաջորդ նախագահական ընտրություններում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածության հնարավոր առաջադրման հարցը: Այս տեղեկությունն ավելի շատ գույժի էր նման ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր ճամբարներում: Իշխանության ներկայացուցիչները երեկ շտապեցին հայտարարել, թե ՀՀԿ թեկնածուն Սերժ Սարգսյանն է եւ վերջ, որ Պուտինի թեկնածության առաջադրումը Քոչարյանի առաջադրման հետ առնչություն չունի եւ չի կարող ազդել ՀՀ ներքաղաքական զարգացումների վրա, իսկ ընդդիմության ներկայացուցիչները շեշտեցին, որ Քոչարյանն իր ութամյա կառավարման տարիների ձախողումներով ու այդ ընթացքում տեղի ունեցած «Հոկտեմբերի 27»-ի եւ «Մարտի 1»-ի դեպքերով ընդհանրապես սպառել է իրեն, եւ հասարակության ներսում իր վերադարձի համար ո՛չ վստահություն եւ ո՛չ էլ համակրանք է վայելում:
Այլ կարծիքի է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը: Նրա դիտարկմամբ, Հայաստանում ներկայումս վարվող քաղաքականության պարագայում բոլոր քաղաքական ուժերն ու անհատներն էլ կարող են իրենց անհանգստությունը հայտնել եւ վերադառնալ քաղաքականություն, եւ եթե 90-ականներին վարկաբեկված նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարողացավ իր վերադարձն ապահովել, ապա, Թեւանյանի կարծիքով, ցանկացած մեկը կարող է վերադարձի հնարավորություն ունենալ: «Եվ բնականաբար, ոչ միայն Քոչարյանի, այլեւ նրանց համար, ովքեր շահագրգիռ են Հայաստանի անվտանգության խնդիրներով՝ ուղղակի հնարավորություն կա ակտիվանալու: Այդ ակտիվացումը հնարավոր չէր լինի, եթե ՀՀ իշխանությունները նորմալ՝ տնտեսական, ներքին եւ արտաքին քաղաքականություն վարեին»,- հայտարարեց քաղաքական վերլուծաբանը՝ հավելելով, որ ներկայիս պայմաններում երկրորդական հարց է, թե ով կակտիվանա. «կարեւորը, որ երկրում վարվող քաղաքական գիծը փոխվի. թե ումո՞վ կփոխվի եւ ինչպե՞ս կփոխվի՝ երկրորդական հարց է, կարեւորը վեկտրի փոփոխությունն է»: Ա. Թեւանյանը սա ասաց ի պատասխան «Առավոտի» այն հարցին՝ թե տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, բայց գործնականում արդյոք Ռ. Քոչարյանը հետդարձի հնարավորություն ունի՞ նկատի ունենալով նրա անձի նկատմամբ հասարակության ներսում ձեւավորված հակակրանքն ու մե՜ծ վերապահումները:
Խոսելով ՌԴ-ում այդ երկրի ղեկավարի պաշտոնում Պուտինի վերադարձի՝ հայաստանյան զարգացումների վրա հնարավոր ազդեցության մասին, քաղաքագետն ասաց, թե այդ ազդեցությունը կարող է լինել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի՝ զուտ մարդկային հարաբերություններից մինչեւ քաղաքական գործոն: Նա շեշտեց առավելապես քաղաքական գործոնը՝ նկատի ունենալով ՌԴ-ի եւ ՀՀ-ի հարաբերությունների որակը: «Ասել, որ դա վճռորոշ, վերջնական ազդեցություն կլինի՝ ճիշտ չի լինի, բայց ասել, որ էական որեւէ ազդեցություն չի թողնի՝ դա էլ սխալ կլինի: Բայց մեծ հաշվով Հայաստանի քաղաքական զարգացումները ՀՀ քաղաքացիների ձեռքում են: Կարծում եմ, այդ զարգացումները պայմանավորված են լինելու այն արդյունքներով, որ ապահովել է գործող իշխանությունը, իսկ իշխանությունը տապալվել է քաղաքական բոլոր՝ ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին ուղղություններով, եւ այդ գործոններով պայմանավորված էլ հասարակությունն իր որոշումը կկայացնի: Թե ինչպիսի զարգացումներ կլինեն, կարծում եմ՝ կերեւա խորհրդարանական ընտրությունների ժամանակ, մանավանդ, որ իշխանության հետ զուգահեռ տապալվել է նաեւ տիտղոսային ընդդիմությունը՝ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ,- հայտարարեց Թեւանյանը՝ թվարկելով,- նա հասարակությանը 2008-ին խոստացել էր, որ հաղթելու է, եւ չի հաղթել, պարտվել է Երեւանի ավագանու ընտրություններում, հետագայում չի կարողացել ՀԱԿ-ի առջեւ դրված խնդիրները լուծել: Նրա պարտությունն էր նաեւ «երկխոսություն» կոչված խեղկատակությունը: Այս հանգամանքով պայմանավորված՝ հիմա ՀՀ քաղաքական դաշտում, կարելի է ասել, խոշոր վակուում է առաջացել, նաեւ ռեալ այլընտրանքի ու Հայաստանում իրականացվող քաղաքականության փոփոխության պահանջ կա: Թե ով կդառնա դրա դրոշակակիրը՝ ժամանակը ցույց կտա: Նա ակնհայտ համարեց այն, որ գործող իշխանությունը խնդիրներ է ունենալու ոչ միայն այն պատճառով, որ չի կարողացել նորմալ հարաբերություններ ունենալ պուտինյան Ռուսաստանի հետ, այլեւ այն, որ ունի լեգիտիմության եւ հասարակական վստահության պակաս, իսկ Արեւմուտքն էլ նրան աջակցում է այնքանով, որքանով նա պատրաստ է արագ լուծումների գնալ հայ-թուրքական եւ «արագ հանձնումների»՝ հայ-ադրբեջանական հարցերում. «Մենք գիտենք, որ պուտինյան շրջանակները Սերժ Սարգսյանին չէին ընդունում, եւ եթե ընդունում էին՝ ապա զուտ արարողակարգային մակարդակով: Իսկ Մեդվեդեւի վարած քաղաքական գիծը, որը ինչ-որ առումով նաեւ համահունչ էր Ս. Սարգսյանի վարած քաղաքականությանը, նաեւ այն իմաստով, որ նրանք ներիշխանական պայքարում իրենց համար հենարան փորձում էին գտնել «դրսում»՝ ակնկալելով մասնավորապես Արեւմուտքի աջակցությունը: Ս. Սարգսյանը ՌԴ շահերի դեմ քայլեր է անում, եւ դրա վառ ապացույցը «ֆուտբոլային դիվանագիտությունն է», որին աջակցում էր Մեդվեդեւը: Մեդվեդեւի շահն էլ այն էր, որ նա փորձում էր ԼՂ հարցը արագ լուծողի իմիջ ունենալ եւ, արտաքին գործոնով պայմանավորված, իր դիրքերն ուժեղացնել: Այսինքն՝ հանգամանքի բերումով եւ ներքին քաղաքական զարգացումներով պայմանավորված՝ Մեդվեդեւի եւ Սարգսյանի քաղաքականության վեկտորները համընկնում էին, բայց դրանք չէին բխում Հայաստանի շահերից: Հիմա, երբ Մեդվեդեւը հեռանում է ասպարեզից, Արեւմուտքի աջակցությունն «այնքանով, որքանով» է, կարելի է ասել՝ Սարգսյանն ընդհանրապես զրկվում է ՌԴ «դրսի» աջակցությունից: Եթե սրան էլ գումարվում է այն, որ Ս. Սարգսյանն իր նախագահ դառնալու առաջին օրվանից չի ունեցել լեգիտիմության անհրաժեշտ պաշար՝ ստացվում է, որ հիմա նա զուտ իներցիոն ուժով է պահպանում իր իշխանությունը, եւ փաստացի հիմա նրա իշխանության գոյատեւման երաշխավորն առնվազն եւ անուղղակիորեն դառնում է Տեր-Պետրոսյանը, որը չի գնում իրավիճակի սրման եւ փաստացի դառնում է իշխանության կայունության երաշխավորը, ինչն անում էր այս տարվա փետրվար-մարտ ամիսներից սկսած: Երկու այս տապալված ուժերը հիմա փորձելու են միմյանց աջակցել: Ես չեմ բացառում, որ երկխոսության իմիտացիան էլ կարող է վերականգնվել, բայց դա արդեն էական չէ. փաստացի Հայաստանում քաղաքական վակուում է, որում նաեւ ինչ-որ իմաստով կատալիզատորի դեր է կատարում նաեւ Ռուսաստանի փոփոխությունը, բայց կարծում եմ՝ մեր հարցերը, ի վերջո, Հայաստանում են լուծվելու, եւ արտաքին գործոնները ընդամենը հարակից էլեմենտներ են լինելու»:
Հնարավո՞ր է, որ Քոչարյանի ակտիվացման դեպքում գործող իշխանության՝ Սերժ Սարգսյանի համար այդպիսի հենարան դառնա Տեր-Պետրոսյանը՝ իր գլխավորած ՀԱԿ-ով: «Կարծում եմ՝ Տեր-Պետրոսյանն այս պահի դրությամբ փաստացի հենարանի գործառույթ այս կամ այն կերպ արդեն կատարում է: Այլ հարց է, որ հանրության լայն շրջանակների համար դա, միգուցե, դեռ տեսանելի չէ, բայց դա տեսանելի կդառնա ընտրությունները մոտենալուն զուգահեռ: Տեր-Պետրոսյանը կառաջնորդվի այն կոնցեպտով, որ՝ ավելի լավ է պաշտպանել Ս. Սարգսյանին, բայց դա ավելի շատ կախված է այն բանից, թե որքանով այդ պրոցեսներում ներգրավված կլինի Ռ. Քոչարյանը կամ քաղաքական ինչ ձեւաչափեր կլինեն ընտրություններում: Բայց ակնհայտ է, որ Հայաստանում պետք է փոխվի քաղաքական վեկտորը առաջին հերթին՝ ներքին, եւ արտաքին քաղաքական առումներով: Դա անող ուժը մեծ հաշվով դեռ հայտ չի ներկայացրել, եւ այդ է պատճառը, որ խոսում եմ վակուումի մասին: Ով կբարձրացնի այդ դրոշակը՝ նա էլ Հայաստանում կվերցնի իշխանությունը, եւ, բնականաբար, կփոխի քաղաքական վեկտորը: Այսօր Ս. Սարգսյանի իշխանության օրոք մեր երկրի տնտեսական, արտաքին քաղաքականությունը, ազգային անվտանգությունը հարվածի տակ են հայտնվել, եւ Տեր-Պետրոսյանը դրան փաստացի աջակցել է: Առայժմ փողոցը ՀԱԿ-ի տրամադրութան տակ է, բայց չեմ կարծում, որ Ազատության հրապարակը պետք է վերածել Հայաստանի անվտանգության հարցերով սակարկությունների կազմակերպման կենտրոնի: Ս. Սարգսյանը զրկված է արտաքին աջակցությունից եւ հույսը կապում է իր երկխոսող զույգի հետ, բայց նրա դժբախտությունն այն է, որ ՀԱԿ-ի ֆորմալ շարքերը «Սերժիկ, հեռացիր» են գոռում: Այսինքն՝ եթե նրանք քաղաքական ամուսնություն էլ կնքեն, այն ի սկզբանե դատապարտված է լինելու, նաեւ դրա հետեւանքները շատ ավելի խոցելի կդարձնեն ամուսնացող զույգին, եւ մենք կունենանք ավելի զզվելի պրոցես, քան տեսել ենք Արթուր Բաղդասարյանի եւ Արտաշես Գեղամյանի պարագայում, որովհետեւ վերջիններս գնացին «հաճախորդացման» ճանապարհով՝ առանց 10 զոհերի եւ բազում վիրավորների եւ բանտարկվածների»: