Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՓԱԿՎԻ»

Սեպտեմբեր 27,2011 00:00

\"\"Ալավերդցիները մտածում են ստամոքսի մասին, բնապահպանները՝ բնության

Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտանետումների ազդեցությունը այսուհետեւ քաղաքի բնակիչների վրա 10 անգամ պակաս է լինելու: «Առավոտի» հետ զրույցում վստահեցնում էր «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը: Քաղաքում բնապահպանական խնդիրները որոշ չափով լուծելու համար ընկերությունը օրեր առաջ մեկնարկեց նոր ծխատարի շահագործումը: 780 մետրանոց ծխնելույզը բարձրացել է եւս 298 մետրով: Ըստ պարոն Մեջլումյանի. «Այս քայլով էկոլոգիական լուրջ խնդիր ենք լուծում, արտանետումների ազդեցությունն էականորեն կնվազի»: Չնայած նրա լավատեսական պնդումներին, բնապահպանները խիստ մտահոգված են: «Կանաչների միություն» հ/կ նախագահ Հակոբ Սանասարյանի կարծիքով, նոր ծխատարի շահագործմամբ, հնարավոր է, որ ալավերդցիների համար արտանետումները համեմատաբար քիչ լինեն, բայց. «Պետք է հաշվի առնենք, որ այդ տոքսիկ նյութերը հենց այնպես չեն կորչում, դրանք կարող են հասնել մոտակա բնակավայրերը՝ Օձուն ու մինչեւ շրջակա անտառներ»: Բնապահպանի խոսքերով, միայն ծխատարի բարձրությունը փոխելով՝ հնարավոր չէ վերահսկել ու կանոնակարգել արտանետումների ծավալը, քանի որ Ալավերդիում, բացի կազմակերպված արտանետումներից, կան նաեւ ոչ կազմակերպված արտանետումներ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է գործարանի ձուլարանի արտադրամասի վառարանից քաղաքի վրա տարածվող թունավոր գազերի արտանետումներին: «Ցավոք, ոչնչացվել են այն լաբորատորիաները, որտեղ անալիտիկ ուսումնասիրություններ պետք է կատարվեին, ու մեզ՝ բնակչությանը տեղեկացնեին, թե ինչ օդ ենք շնչում ու ինչ նյութեր են լցվում ջրային համակարգերը»: «Էկոլուր» հ/կ նախագահ Ինգա Զարաֆյանն էլ մեզ հետ զրույցում հավելեց, որ վերջին ժամանակահատվածում լուրջ վտանգի տակ են հայտնվել Թումանյանի անտառները. «Ծուխն ուղղորդվում է դեպի անտառներ, եթե նախկինում անտառները օդը զտելու հնարավորություն ունեին, հիմա առաջին հերթին անտառներն են ծխախեղդ լինելու»: Ալավերդիում տիրող էկոլոգիական աղետի պատասխանատուները արդյունաբերողները չեն, համոզված է Հակոբ Սանասարյանը. «Այլ այն մարդիկ, որոնք անխնա հանքարդյունաբերության թույլտվություններ են բաշխում: Բնապահպանության նախարարությունը պետք է փակվի, այն նպատակին չի ծառայում: Նախարար Արամ Հարությունյանը փողատերերի կողքին է ու գործում է ի վնաս բնակչությանը»:
Վալերի Մեջլումյանը չմեկնաբանեց բնապահպանների մտահոգությունները՝ միայն նշեց, թե ինքն էլ շատ կցանկանար բնապահպան լիներ ու անվերջ խոսեր. «Թող խոսեն, էլի»: Նա, սակայն, անդրադարձավ ընկերության առաջիկա ծրագրերին՝ տեղեկացնելով, որ նախատեսել են ավարտին հասցնել ծծմբաթթվի աշխատամասի շինարարությունը. «Այն թույլ կտա Ալավերդիում է՛լ ավելի բարելավել էկոլոգիական վիճակը եւ զուգահեռ ծծմբաթթու արտադրել, որը կարելի է շահութաբեր օգտագործել օքսիդացված հանքաքարը մշակելիս եւ ավելորդ արտադրություն տալ նույն Թեղուտի հանքավայրում: Հայաստանում ծծմբաթթվի շուկա ստեղծելու ու զարգացնելու ծրագրեր ունենք»: Լոռու նորանշանակ մարզպետ Արթուր Նալբանդյանն էլ բնական է համարում արդյունաբերական քաղաքի բնապահպանական լուրջ խնդիրները. «Մտահոգվելու կարիք չկա: Ալավերդու հանքերը այսօրվա վիճակում չեն աշխատում, իսկ Թեղուտի ծրագրերից մտահոգվողներին էլ վստահեցնում եմ, որ Թեղուտն իր բոլոր բնապահպանական խնդիրներով համապատասխանում է միջազգային նորմերին»: Պարոն Սանասարյանը Թեղուտի հանքավայրերի շահագործումը պարզապես հակապետական ծրագիր է համարում, ինչի արդյունքում վնասվում են լեռնային գետերը, դրանցից երկուսն էլ՝ ընդհանրապես ոչնչանում են. «Վերանում է ջրային համակարգը գյուղացիների համար: Այս նախագծում ամենաանհեթեթն այն է, որ անտառային հողերի գներն են իջեցվել. 1քմ անտառային հողի կորուստը գնահատվում է 80 լումա: Այս ծրագիրը բացառիկ գերակա շահ է միայն առանձին ընտանիքների համար, սա պետական ունեցվածքի ոչնչացում է»: Հակառակ բնապահպանների, քաղաքի ոչ մի բնակիչ չգտանք, որ մտահոգված լիներ օդի աղտոտմամբ կամ բնության ոչնչացմամբ: Նրանց համար էլ, ինչպես իրենք են ասում, ստամոքսը լցնելու խնդիրն է գերակա շահ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել