Սյունիքի մարզի համայնքները սեփական եկամուտները 8 ամսվա համար նախատեսված 670,231 միլիիոն դրամի փոխարեն հավաքել են միայն 84.2 տոկոսով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 8,1 տոկոս աճ է արձանագրվել: Աճել է նաեւ համայնքի սեփականություն հողերի վարձակալության վճարների գծով եկամուտների կատարման գործընթացում: Սակայն, Սյունիքի որոշ համայնքերում վարձավճարների հավաքագրումն անբավարար է: Բնունիս, Թասիկ, Ծղուկ, Նժդեհ, Տոլորս, Վարդավանք եւ Սվարանց համայնքներում եկամուտները հավաքագրումը 20-ից ավել չի կազմում: Անտառաշատ, Գեղանուշ, Դավիթ-Բեկ, Կաղնուտ, Սվարանց, Բնունիս գյուղերում 10 տոկոսից ցածր է գույքահարկի հավաքագրումը: Սյունիքի 109 համայնքներից 14-ում գույքահարկի հավաքագրումը չի գերազանցում նախատեսվածի 30 տոկոսը, 14 համայնքում էլ հողի հարկի հավաքագրումը 50-75 տոկոսի սահմաններում է: «Սեպտեմբերին հողի հարկի եւ գույքահարկի գծով համայնքների բյուջեներ մուտքեր են եղել ընդամենը 46 համայնքներում, իսկ մինչեւ եռամսյակի ավարտը մնացել է ընդամենը 1 աշխատանքային շաբաթ»,- մտահոգված է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Աշոտ Մարդյանը:
Ի տարբերություն եկամուտների հավաքման, մի շարք գյուղերում հաջող է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքն ու աշնանացանի ընթացքը: Սակայն, ինչպես սեպտեմբերի 9-ի «Հացի խնդիր» հրապարակման մեջ էինք նկատել Սյունիքի գյուղերում՝ հատկապես Գորիսի տարածաշրջանում գերխոնավությունն արդեն իր «սեւ գործն» արել է: Մարդիկ չեն կարողացել բերքը հավաքել ու էլ չեն հավաքի, բերքը փչացել է: Նման վիճակ է Հարժիս, Հալիձոր, Տաթեւ եւ էլի այլ գյուղերում՝ մոտ 700-800 հետկար արտ բերք չի տվել:
Այս տարվա հոկտեմբերի 12-21-ը մարդահամարին լիովին պատրաստ է միայն Քաջարան քաղաքը. փողոցներն ու շենքերը կրում են հասցեային ցուցանակները, մյուս համայքներում մարդահամարի նախապատրաստական աշխատանքները ընթացքի մեջ են: Կապանի փողոցներում մեր փոքրիկ հարցումը ցույց տվեց, որ մեր համաքաղաքացիները տեղյակ չեն, որ երեք շաբաթ անց բոլորիս հաշվելու են: