Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՆՁՆԻՑ ԾՐԱԳԻՐ ԵՆ ԳՈՂԱՑԵԼ»

Սեպտեմբեր 24,2011 00:00

Բաց նամակ վարչապետ Տիգրան Սագսյանին 

  Մեծարգո ՀՀ վարչապետ պրն. Տ. Սարգսյան
ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ղեկավար կազմի մի ստվար խմբի կողմից` ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ պրն  Հրանտ Բագրատյանի անմիջական ղեկավարությամբ,  2009թ. աշնանից սկսած խախտվում են իմ հեղինակային իրավունքները: Սա փաստացի գողություն է:   Մի խումբ անձինք ջանում են յուրացնել  իմ հեղինակած «ՀՀ գիտության ու կրթության ոլորտների համակարգային վերափոխման եւ կայուն զարգացման ծրագիրը» (այսուհետ` համալիր «Ծրագիրը»), այս պահի դրությամբ` նրա «Գիտության բաժինը»:
Իմ հեղինակած համալիր «Ծրագիրը» մշակել եմ մենակ, վերջին 17 տարիների ընթացքում:  Ուսումնասիրել եմ առաջատար գիտակրթական եւ  բարձրտեխնոլոգիական արտադրությունների հզոր համակարգեր ունեցող երկրների գիտակրթական ոլորտները, այդ համակարգերի միջեւ փոխգործակցության ու փոխազդեցության առավել էֆեկտիվ տարբերակները, այն քայլ առ քայլ հղկել ու տեղայնացրել եմ մեր Երկրի գիտակրթական ոլորտների համար, հիմնվելով  հազարամյակների փորձություններով թրծված հայոց հոգեւոր ու մշակութային իրական արժեհամակարգի հենքի վրա:
Իմ համալիր «Ծրագրի» նկատմամբ միանձնյա հեղինակային իրավունքներ ունեմ (այն ամրագրված է 08/1779 30.04.2010թ.;  № -07/150, 03.05.2010թ.): Բացի այդ, այն  ամբողջությամբ տպագրվել է «Հետք»-ում (02.09.2010թ. «Ծրագրի» «Գիտության բաժինը», 13.10.2010թ.` «Հանրակրթության բաժինը» եւ 20.10.2010թ.` «Բարձրագույն կրթության բաժինը»): Եվ այս ամենի մասին ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ղեկավար կազմը, ի սկզբանե, գրավոր կերպով տեղեկացված է եղել:
31.08.2011թ. «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» երիտասարդ գիտնականների շարժման Facebook-յան https://www.facebook.com/science.and.finance  էջում հայտնաբերեցի 07.08.2011թ. տեղադրված «ՀԱԿ-ի ՀՀ գիտության ոլորտի համակարգային բարեփոխումների ծրագրի նախագիծ» հրապարակումը, որին որպես հեղինակներ նշված են Հ. Բագրատյանն ու Հ. Կարապետյանը, ովքեր այն ներկայացրել են նաեւ ՀԱԿ-ի հավանությանը:
Ավելին, մի շարք տեղեկատվական աղբյուրներ` «Ժամանակ», «Armtown.com» եւ այլն, այդ, այսպես կոչված, «ՀԱԿ-ի ՀՀ գիտության ոլորտի համակարգային բարեփոխումների ծրագրի նախագիծն» անվանում են «Աննախադեպ կապիտալ Ծրագիր» եւ եզրահանգում. «Այսպիսով, ինչպես և սպասվում էր, Հ. Բագրատյանի մշակած այս ծրագիրը, նրա մյուս ծրագրերի նման, արմատական համակարգային փոփոխություններ է նախատեսում, որի նպատակն է “ՀՀ-ն վերածել բարձր տեխնոլոգիական արտադրանք, գիտություն և կրթություն արտահանող երկրի”»:
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ.
 Այն փաստաթուղթը, որ Հ. Բագրատյան-Հ. Կարապետյան զույգը փորձում է քայլ առ քայլ վերագրել իրեն, յուրացնել եւ լրատվամիջոցներում այն, արդեն իսկ, հայտարարում Հ. Բագրատյանի մշակած «աննախադեպ կապիտալ Ծրագիր», իրականում իմ համալիր «Ծրագրի» «Գիտության բաժինն» է, որի տեքստում Հ. Բագրատյանն, իր խոսքերով ասած, “փոքրիկ կոսմետիկ ավելացումներ” էր արել, ինչն իրականում խաթարում, խարխլում է իմ «Ծրագրի» բուն տրամաբանությունը: 
Ավելին, այդ խայտառակ “փոքրիկ կոսմետիկ ավելացումներ” ասվածը Հ. Բագրատյանն  “իրականացրել” է ոչ թե հիմա, այլ մեկ տարուց ավել առաջ եւ  23.08.2010թ. էլ.-փոստով այն ուղարկել է ինձ, իմ “Ծրագրի” այդ “փոքրիկ կոսմետիկ ավելացումներով տարբերակի” մասին իմ կարծիքն իմանալու նպատակով:
Հետաքրքիր է, որ իմ «Ծրագրի»` 23.08.2010թ.  ինձ ուղարկված “փոքրիկ կոսմետիկ ավելացումներով տարբերակի” տեքստը նույնական է 07.08.2010թ. Facebook-յան https://www.facebook.com/science.and.finance էջում  տեղադրված տարբերակի տեքստին, սակայն դրանցում տարբեր են համահեղինակները:  23.08.2010թ.  իմ «Ծրագրի» այդ “փոքրիկ կոսմետիկ ավելացումներով  տարբերակում”, որպես համահեղինակներ նշված են Հ. Բագրատյանը, Հ. Կարապետյանը, ես` Մ. Հակոբյանս (համալիր «Ծրագրի» միակ հեղինակս) եւ ոմն Վ. Հարությունյան: Իսկ  Facebook-յան https://www.facebook.com/science.and.finance էջում 07.08.2011թ.  տեղադրված նույնական տարբերակում, արդեն, համահեղինակներ են Հ. Բագրատյանն ու Հ. Կարապետյանը:
Ավելին, իմ «Ծրագրի» 23.08.2010թ. “փոքրիկ կոսմետիկ ավելացումներով տարբերակին” համահեղինակների շարքի կցումն իր գլխավորությամբ, Բագրատյանն իրեն թույլ էր տվել առանց իմ համաձայնության, ինքնակամ, ինչը ես հետագայում բացառել եմ:
Եթե ավելի ստույգ լինենք, ապա պրն. Բագրատյանը որեւէ կապ չունի ո՛չ 23.08.2010թ. իր կողմից ինձ ուղարկած իմ «Ծրագրի»  “փոքրիկ կոսմետիկ ավելացումներով տարբերակի” եւ, որպես հետեւանք, ո՛չ էլ 07.08.2010թ. Facebook-յան https://www.facebook.com/science.and.finance էջում  տեղադրված տարբերակի հետ, ինչի ապացույցը մանրամասն Ձեզ կներկայացնեմ «Բաց նամակին» կցված փաստաթղթերում:
Բացի այդ, ես որեւէ պարագայում համաձայն չեմ, որ իմ ««Ծրագրի» գիտության բաժինը», “փոքրիկ կոսմետիկ փոփոխություններով” կամ առանց  դրանց, ներկայացվի որպես «ՀԱԿ-ի ՀՀ գիտության ոլորտի համակարգային բարեփոխումների ծրագիր»: Այս մասին ես բազմիցս գրավոր հայտարարել եմ ՀԱԿ կենտրանական գրասենյակի ղեկավարությանը` պրն Լ. Զուրաբյանին, պրն Հ. Բագրատյանին, տկն  Մ. Պետրոսյանին, պրն  Ա. Սարգսյանին, պրն. Ա. Ավագյանին,  պրն Ա. Մանուկյանին, պրն Ա. Բանուչյանին եւ այլոց:
Մեծարգո ՀՀ վարչապետ
Ես գիտեմ, որ մշակել եմ «աննախադեպ կապիտալ  համալիր «Ծրագիր»», ինչպես հայտարարում են լրատվամիջոցները: Գիտեմ, որ այն աշխատող «Ծրագիր» է, գիտեմ, թե որտեղից է պետք սկսել եւ գիտակրթական ոլորտներում ինչ համատեղ, միաժամանակյա քայլեր է անհրաժեշտ իրականացնել, որ հաջողենք: Գիտեմ նաեւ, որ սա է այն միակ, ճշմարիտ ուղին, որը կդառնա ՀՀ տնտեսության կայուն զարգացման համար ամուր հիմք եւ հզոր խթան: Մնում է այն կյանքի կոչել: Սակայն, իմ այդ «աննախադեպ կապիտալ համալիր «Ծրագրի»» հետ Հ. Բագրատյան-Հ. Կարապետյան զույգը որեւէ առնչություն չունի եւ չէր էլ կարող ունենալ: Ավելին, նրանք նաեւ կրողը չեն այն գաղափարների ու արժեհամակարգի, որ իմ համալիր «Ծրագրի» ողնաշարն ու հոգեւոր հենքն են կազմում:
Մեծարգո ՀՀ վարչապետ
Խնդրում եմ օգնել ինձ բացահայտել Հ. Բագրատյան-Հ. Կարապետյան  զույգի եւ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ղեկավար կազմի մի ստվար խմբի կողմից իմ նկատմամբ իրականացրած կանխամտածված ծանր խմբակային խարդախության արդյունքում իմ համալիր «Ծրագրի» «Գիտության բաժնի», փաստացի գողությունը, մեղավորներին պատժել օրենքի ողջ ուժով եւ ապահովել իմ կողմից մշակված համալիր «Ծրագրի» նկատմամբ ՀՀ օրենքներով ամրագրված իմ միանձնյա հեղինակային իրավունքների անձեռնմխելիությունը:
Իմ համալիր «Ծրագիրը» պատրաստ եմ եղել եւ պատրաստ եմ քննարկել ՀՀ իշխանությունների եւ բոլոր նրանց հետ, ովքեր իմ «Ծրագրի» հենքը կազմող գաղափարների ու արժեհամակարգի կրողներն են եւ պատրաստ են գնալ այս դժվարին, սակայն միակ ճշմարիտ ու կարճ ճանապարհով, նպատակ ունենալով ՀՀ-ը վերածել բարձր տեխնոլոգիական արտադրանք, գիտություն եւ կրթություն արտահանող հարուստ ու առաջատար Երկրի:

Հարգանքով`
ֆիզ.մաթ.գիտ.թեկն., դոցենտ,  Մանե
Հակոբյան 

Ա Ակնկալում ենք ՀԱԿ կենտրոնական գրասենյակի պատասխանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. […] – Հայցվորը 2011թ. սեպտեմբերի 24–ին,  «Հետք Online»–ում հրապարակումից մեկ տարի հետո, բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ օֆշորագետ Տիգրան Սարգսյանին՝ տես «Առավոտ», https://www.aravot.am/2011/09/24/336440/ […]

Պատասխանել