Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Սեպտեմբեր 24,2011 00:00

\"a\"

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ երեսուներորդ

ՎԵՐՋԵՐԳ

Ինձ իսկապես բջջային պետք  չէր. ընդհակառակը. մշտապես բջջային չունենալով՝ մշտապես զգում ու մտածում էի, որ ինձ ավելին է տրված՝ քան սովորական մի մահկանացուի պիտի տրվեր, եւ չնայած էդ բանը մշտապես զգում ու գիտակցում էի, այդուհանդերձ, հազվադեպ էի  գիտակցում որ՝ ում շատ է տրված, հենց նրանից է շատ պահանջվում, եւ եթե նույնիսկ էս պարզ ու հասարակ  բանը գիտակցեի էլ, էլի որեւէ բան չէի կարող ձեռնարկել, որովհետեւ չգիտեի՝ ինձանից կոնկրետ ինչ է պահանջվում, եւ եթե ասում եմ, որ ինձ շատ է տրված, առաջին հերթին կյանքի ու մարդկանց հանդեպ սերս նկատի ունեմ, ավելի ճիշտ՝ էդ սիրո չափազանց մեծ քանակությունը, եւ էդ քանակությունն էնքան մեծ է, որ նույնիսկ երեսունտոկոսանոց թոքավորի էս բարդ ու դժվարին կյանքն եմ սիրում, եւ էդ քանակությունն էնքան մեծ է, որ առաջ էլ ու հիմա էլ մեջներիցս ամենավատերին է նույնիսկ բաժին հասնում, եւ հատկապես ու առանձնապես մեջներիցս վատերին եւ  նույնիսկ ամենավատերին է բաժին հասնում, եւ հատկապես ու առանձնապես  վերջերս եմ էդ վատերին ու ամենավատերին սկսել սիրել, որովհետեւ վերջերս՝ էս վայրի ու վայրենի կապիտալիզմի օրոք եմ սկսել հասկանալ, որ  վայրին ու վայրենին ոչ թե մարդն է, այլ՝ էս ափաշկարա ու մերկապարանոց կապիտալիզմը, որի ընթացքում լավ մարդը հեշտուհանգիստ կարող է վատի տեղ անցնել, եւ՝ հակառակը, եւ հենց էս պայմաններում է վատին ու վատերին նկատելն ու սիրելն անհրաժեշտություն դառնում, որովհետեւ լավին նկատելն ու սիրելը չափազանց դյուրին է՝ մանավանդ էս պայմաններում ու էսօր, երբ լավն ամեն օր ու ամենուր է իր լավ լինելն աչքդ խոթում, եւ լավ մարդ ասելով՝ առաջին հերթին տվյալ մարդու ազնվությունը, հայրենասիրությունն ու մարդասիրությունը նկատի ունեմ, եւ սիրողներն ու սիրվողներն էլ էդ նկատի ունեն, եւ, փաստորեն, էսօր՝ կապիտալիզմի մեր տարբերակի օրոք մարդկային էդ երեք հատկանիշներն ամենապահանջված ու ամենալավ ծախվող ապրանքներն են, եւ եթե մեր վայրի ու վայրենի կապիտալիզմի օրոք ազնիվ, հայրենասեր ու առնվազն մարդասեր չես, ուրեմն՝ ոտովգլխով ես կորած, եւ չնայած վայրի ու վայրենի կապիտալիզմն էսքան շատ եմ ասում ու շեշտում, Սովետի օրոք էլ առանձնապես մի բան չէր, եւ հատկապես ինձ համար մի բան չէր, եւ ինձ համար հիմա էլ մի բան չի, որովհետեւ եթե Սովետի օրոք ազնիվ  ու մարդասեր լինելս չէին տեսնում ու նկատում, հիմա անազնիվ ու մարդատյաց լինելս են աջուձախ տեսնում ու նկատում, եւ ես թքած կունենայի տեսնողների ու չտեսնողների տեսնելու ու չտեսնելու վրա, բայց, ցավոք սրտի, էդ անել չեմ կարող, որովհետեւ տեսնողներն ու չտեսնողներն իսկապես ազնիվ, իսկապես հայրենասեր եւ իսկապես մարդասեր արարածներ են, եւ չնայած սրանց ազնիվ, հայրենասեր ու մարդասեր լինելն էլ տեսնող ու նկատող չկա, սրանց վեջն էլ չի, որովհետեւ սրանց բուն բանուգործն էս կյանքում ոչ թե տեսնվելն ու նկատվելն է, այլ՝ տեսնելն ու նկատելը, եւ սրանք բոլոր ժամանակներում ամենաանապահով  խավը լինելով ու հանդիսանալով՝ էդ, ուրեմն, նշածս ապրանքների հիմնական գնորդներն են, ու էդ է պատճառը, որ սրանք ամենաանապահով ու ամենաաննկատը լինելով՝ հաշվառվում ու հաշվի են առնվում բոլորից  ու բոլոր կողմերից, եւ երբ էս խեղճերին ժողովուրդ ես անվանում, հաճույքից նվաղում ու իրենց միանգամայն վարձատրված են զգում, եւ  չնայած ասում եմ, որ ազնվությունը, հայրենասիրությունն ու մարդասիրությունը մեր օրերում ամենածախու ու ամենալավ ծախվող ապրանքներն են, էդ բնավ չի նշանակում թե՝ էդ ապրանքներից բոլ-բոլ ունեցող բոլորին է հաջողվում իրենց ունեցածն իրացնել, որովհետեւ, չնայած ապրանքի պահանջարկը չափազանց կարեւոր ու էական հանգամանք է, այդուհանդերձ, վաճառականի ու վաճառողի հանգամանքն էլ է չափազանց էական ու չափազանց կարեւոր, որովհետեւ մանավանդ վայրի, վայրենի ու վայրիվերո կապիտալիզմի մեր օրերում նշածս էդ ապրանքներից շատերն ունեն, ընդ որում՝ շատ-շատ ունեն, բայց էդ շատ ունեցողներից քչերին է հաջողվում իրացնել ու պրծնել էդ վերոնշյալ ապրանքատեսակներից, եւ գաղտնիք չէ, որ մեր օրերում հիմնական ապրանքատերերը քաղաքական գործիչներն ու մտավորականներն են, ու նաեւ գաղտնիք չէ, որ մշտապես ու մանավանդ մեր օրերում էդ ապրանքատեսակների հիմնական գնորդն ու հիմնական սպառողը ամենաանապահով ու ամենաանվճարունակ խավն է՝ ժողովուրդը, եւ նմանապես գաղտնիք չէ, որ մանավանդ մեր օրերում ապրանքատիրոջ համար ռեկլամն ու գովազդը չափազանց կարեւոր  նշանակություն ունեն, եւ հատկապես ու առանձնապես նշածս ապրանքատեսակների իրացման հարցում գովազդն ու ռեկլամը կարեւորագույն նշանակություն ունեն, եւ քանի որ մեզանում գովազդն ու ռեկլամը հիմնականում հեռուստաընկերությունների ձեռքին է, եւ  քանի որ նշածս ապրանքատեսակները հիմնականում քաղաքական գործիչների ու մտավորականների մոտ է կուտակում տվել, էսօրվա օրով հենց նրանք են հանդիսանում մեր լրագրողների հիմնական ու հիմնավոր կլիենտները, ու էդ է պատճառը, որ մեր երրորդ կարգի քաղաքական գործիչները  զանազան ու զարմանազան խմբագրություններ եւ հեռուստաընկերություններ այցելելով՝ մեր չորրորդ կարգի լրագրողների հետ ակնհայտ քծնանքով են առնչվում, եւ նույնը կարող եմ ասել երկրորդ կարգի քաղաքական գործիչների մտավորականների մասին, բայց առաջին կարգի գործիչների ու մտավորականների մասին նույնը չեմ կարող ասել՝ ոչ թե էն պատճառով, որ մեզանում էդպիսիք չկան, այլ էն պատճառով, որ մեզանում բոլորն են իրենց առաջին կարգի գործիչ ու մտավորական համարում, եւ եթե առաջին կարգի գործիչների ու մտավորականների վերաբերյալ որեւէ թարս բան ասեմ, բոլորը միահամուռ ու համախմբված կհարձակվեն վրաս, առանց հասկանալու, որ եթե ես էլ իրենց տեղը լինեի՝ նույնն էի անելու, եւ եթե նույնը չեմ անում, դրա պատճառն ընդամենն էն է, որ ժամանակին չեմ կողմնորոշվել, եւ հիմա էլ արդեն շատ ուշ է, եւ ուշ ասելով՝ ոչ թե թոքերիս տոկոսայնությունը նկատի ունեմ, այլ հիմնականում՝ առաջացած ու սրընթաց առաջացող տարիքս, որովհետեւ իմ տարիքում նորովի ապրելն առավել ծիծաղելի է, քան նույնիսկ՝ իմ էսօրվա վիճակը, եւ էսօրվա իմ վիճակում ինձ ընդամենը մտածել է հասնում՝ էսպես երկարբարակ մտածել ու խոսել, եւ ճարահատյալ ու պարապությունից մտածելով՝ մանրից սկսում եմ հասկանալ, որ իսկապես՝ ում շատ է տրված, նրանցից  շատ էլ պահանջվում է, եւ ավելի ու ավելի սեւեռվելով ու մտածելով՝ փորձում եմ հասկանալ թե՝ կոնկրետ ինձանից կոնկրետ ինչ է պահանջվում, եւ սեւեռվելով, կենտրոնանալով, մտածելով ու մտմտալով՝ մանրից  սկսում եմ հասկանալ թե՝ կոնկրետ ինձանից ինչ է պահանջվում, եւ էս պահի դրությամբ՝ արդեն կարծես թե հասկացել եմ՝ կոնկրետ ինձանից ինչ է պահանջվում, ընդ որում՝ միանգամայն ինքնուրույն եմ մտածել ու հասկացել, ու նաեւ մեր էս ինքնուրույն մտածելու ու հասկանալու ընդունակությունը հաշվի առնելով եմ մեր մասին ասում թե՝ մեզ ուրիշներից շատ է տրված, եւ ուրիշներ ասելով՝ բնավ էլ  կենդանական աշխարհի ներկայացուցիչներին նկատի չունեմ, այլ հիմնականում վերոնշյալ ապրանքներն սպառողներին, որովհետեւ մենք, ի տարբերություն էդ չունեւոր խեղճերի, ոչ միայն Ոսկե օրենքը գիտենք, այլեւ պատվիրաններն ու այլ կարեւոր բաներ էլ ենք իմանում, բայց, իմանալով հանդերձ, առանձնապես չենք կիրառում դրանք, ավելի ճիշտ՝ ուրիշների նկատմամբ ենք դրանք  կիրառում, եւ ուրիշներ ասելով՝ արդեն ոչ թե չունեւոր ու խեղճուկրակ  սպառողներին նկատի ունեմ, այլ՝ անխտիր բոլորին, որովհետեւ մենք մշտապես բոլորից ամեն ինչ պահանջելով՝ ինքներս մեզանից որեւէ բան չենք պահանջում, ու մենք ասելով՝ առաջին հերթին ինձ նկատի ունեմ, եւ մեզ  հիշում ենք միայն էն ժամանակ, երբ բանը բանից անցած է լինում, ու էս ասելով էլ՝ ոչ թե երեսուն ու երեսունհինգ տոկոսանոց թոքերիս վիճակը նկատի ունեմ, այլ այն, որ կարեւորագույն պահանջներն ուրիշների առաջ դնելով՝ ժամանակի ընթացքում անողոք դատավորներ ենք դառնում՝ մշտապես մոռանալով ու չենթադրելով, որ ամենից ավելի  ինքներս ենք դատավորի կարիք զգում, ավելի ճշգրիտ՝ ոչ թե դատավորի կարիք ենք զգում, այլ՝ դատավորի կարիք ունենք, որովհետեւ շատ հնարավոր է՝ դատավորի կարիքն ունենաս, բայց չզգաս, եւ առավել հնարավոր է՝ դատավորի պահանջ չունենաս, որովհետեւ մենք մշտապես դատավորի կեցվածքն ու վիճակը գերադասելով՝ սովորաբար դատավորի դերը մեզ ենք վերապահում, որովհետեւ դատավորի վիճակն ակնհայտորեն ենք գերադասում  դատվողի վիճակից, եւ չնայած բոլորիս է ասված՝ մի դատիր, որ չդատվես,- այդուհանդերձ, մենք կեցվածքներից ու վիճակներից հենց դատողինն ենք նախընտրում, այլ ոչ  թե՝ դատվողինը, ու էդ է պատճառը, որ  պատգամներից ամենից ավելի էդ մի դատվիր, որ չդատվես-ը հիշելով՝ մշտապես ուրիշների վերաբերյալ ենք էդ պատգամը  հիշում, եւ ուրիշների վերաբերյալ ու ուրիշների առթիվ էդ պարզ ու հոդաբաշխ պատգամը հիշողներս բազում ու անթիվ ենք՝ տարբեր տարիքի, տարբեր սեռի ու տարբեր մակարդակի, եւ մակարդակ ասելով էլ՝ մեր ցուցադրական ու կարծեցյալ մակարդակը նկատի ունեմ, այսինքն՝ կրթականը, եւ երբ մենք ասում ու կրկնում ենք՝ ում շատ է տրված,   նրանից շատ է պահանջվում, հիմնականում մեր ցուցադրական ու կարծեցյալ մակարդակն ենք նկատի ունենում, այսինքն՝ կրթականը, ու էդ է պատճառը, որ մենք, էսօրվա դրությամբ, էդ ցուցադրականն ու կարծեցյալը դրոշակի պես ծածանողներին ենք մտավորական համարում եւ դրանց մտավորական համարելով՝ հազար ու մի  ակնկալիքներ ենք հետները կապում՝ չհիշելով, որ Հիսուսն աշակերտներ ընտրելիս հենց մտավորականներից վազն անցավ՝ նախընտրելով ու գերադասելով ձկնորսներին ու այլոց, եւ աշակերտներից միակն Իսկարիովտացի Հուդան էր, որ ուսյալ ու կրթյալ լինելով՝ միանգամայն համապատասխանում էր մտավորականի մեր պատկերացրած չափանիշներին. այսինքն, Հիսուսի կյանքն ու գործը մեզ համար ոչ միայն ուսանելի ու ընդօրինակելի չեն դարձել, այլեւ Իր արածի ճիշտ հակառակն ենք անում՝ անընդհատ մեր միջից մտավորական Հուդաներ հայտնաբերելով ու առաջացնելով, բայց սրանց հետեւողականորեն  առաջացնելով ու առաջ քաշելով՝ դատավորի փայտիկն, այնուամենայնիվ, սրանց չենք զիջում ու մշտապես ձեռքերս ենք պահում, եւ մշտապես նախընտրում ենք դատավորի դերի մեջ գտնվել, քան՝ մտավորականի, եւ չնայած բարձրագույն կրթության դիպլոմները մեր գրպաններում ունենք, այդուհանդերձ, շատերս մտավորական համարվելուց խուսափում ու խուսանավում ենք՝ մտավորականի դերը դատավորինից թերադասելով, եւ նմանապես մտավորականներն իրենք են դատավորի դերակատարությունը  գերադասում մտավորականինից, ու էդ է պատճառը, որ իրենց բուն բանուգործը թողած՝ առավոտից իրիկուն ուրիշներին են դատում ու դատափետում, եւ չնայած Քրիստոնեությունն առաջինը պետական կրոն դարձնելով՝ ուրիշներից  ավելի ենք Հիսուսի, առաքյալների ու ավետարանիչների ասածները հիշելով մեջբերում, եւ չնայած մի դատվիր, որ չդատվես-ն էլ ենք սիրով ու շարունակաբար մեջբերում, եւ չնայած հատկապես ու առանձնապես մի դատիր, որ չդատվես-ն ենք սիրով ու շարունակաբար մեջբերում, այդուհանդերձ, դատավորի ու դատելու մեր կիրքն ու մոլուցքը երբեւէ չենք թարգում ու չենք դադարեցնում, եւ նույնիսկ դատվողներն ու դատվածներն են դատավորի դերին հավակնում, եւ նմանապես քաղբանտարկյալներն են  դատավորի դերին հավակնում, եւ դատավորի կեցվածքը հատկապես քաղբանտարկյալներին է սազում, ինչպես նաեւ էն ընդդիմադիրներին, որոնց քաղբանտարկյալ լինելու բախտը դեռեւս չի ժպտացել, մի խոսքով՝ բոլորը բոլորին դատում են. մտավորականը՝ մտավորականին, բանտարկյալը՝ բանտարկյալին, քաղբանտարկյալը՝ քաղբանտարկյալին, ընդդիմադիրը՝ ընդդիմադիրին, իշխանամետը՝ իշխանամետին, եւ բոլորը միասին՝ իշխանություններին, եւ իշխանությունները՝ բոլորին, ընդ որում՝ իշխանություններն ու  իշխանավորները դատավորի դերը նույնիսկ դատավորներից են խլել, եւ, փաստորեն դատավորները մեզանում միակ խավն են, որ ոչ թե դատում են, այլ ընդամենը հրահանգ ու պատվեր են կատարում, եւ իշխանություններին վերադառնալով՝ ավելացնեմ, որ սրանք, ի տարբերություն ընդդիմադիրների, ոչ միայն խոսքով  ու  բարոյապես են դատում, այլեւ՝ միանգամայն գործնականորեն, ընդ որում՝ ազգային անվտանգության շահերից մղվելով, եւ էդ նույն շահերից մղվելով ու դրդվելով՝ առավոտից իրիկուն մեր դատավճիռներն են ի կատար ածում ու ածել տալիս, եւ քանի որ բոլորն են բոլորին դատում, եւ քանի որ դատողները բազում են եւ դատվողները՝ սակավք, էդպես էլ իրական մեղավորներն ի հայտ չեն գալիս ու չեն բացահայտվում, եւ, փաստորեն, Հիսուսի պարագայում էլ էր նույնը. բազմահազար մեղավորներն ահավոր ու դիվային մոլուցքով դատում էին Անմեղին ու Միակին՝ Նազովրեցուն, եւ էնքան մոլեգին ու էնքան համոզված էին դատում, որ սրանց մոլեգնության առաջ նույնիսկ Պիղատոսն էր խեղճացել ու շիվարել, եւ սրանց զինավոր վճռականության դեմ Պիղատոսն ինքն էր անզեն ու ճարահատ, բայց էս ասածս ոչ թե Պիղատոսին արդարացնելու նպատակ ունի, այլ՝ մյուս մեղավորներիս ու մահկանացուներիս չարդարացնելու նպատակ, որովհետեւ մենք մշտապես Պիղատոսին ու ժամանակակիցներին դատելով ու դատափետելով՝ մշտապես ու շարունակաբար ձեւ ենք անում թե՝ Հիսուսի ու Պիղատոսի ժամանակ չենք եղել ու գոյություն չենք ունեցել, մինչդեռ իրականում լավ էլ եղել ու լավ էլ գոյություն ենք ունեցել, եւ երբ ժամանակ առ ժամանակ անմահների անունից ենք խոսում ու ելույթներ ունենում, դա ոչ էնքան մեր մեծամտությունից է, ինչքան՝ մեր հիշողության երբեմնակի վերածնունդից, որովհետեւ երբեմն-երբեմն Պիղատոսին դեմ արած մեր աններում հայացքները հիշելով ու տեսնելով՝ մեր կամքից անկախ հասկանում ու գիտակցում ենք, որ եթե նույնիսկ անմահ ենք, մեր մեղքի շնորհիվ ու մեր մեղքի մեծությամբ ենք անմահ, եւ ժամանակ առ ժամանակ ինքներս մեզ էդ ահավոր ժամանակի մեջ նկատելով ու հայտնաբերելով՝ երբեւէ մեր մեղքը բարձրաձայն ու իրար առաջ չենք խոստովանում, որովհետեւ չափազանց հստակ տեսնում ու հասկանում ենք, որ հիմա՝ էս պահին էլ ենք անում այն՝ ինչն էդ ահավոր ժամանակի մեջ արեցինք, եւ հիմա՝ մեր էս օրերում էլ  էդ նույնն անելով՝ վերստին ձեւ ենք անում եւ ինքներս մեզ ու իրար խաբում ենք՝ իբր ոչ թե մեր միածին ու մինուճար Աստծո դեմ ենք էդ նույնն անում, այլ, ընդհակառակը, հանուն ու ի սեր մեր միածին ու մինուճար Աստծո, չնայած, այդուհանդերձ, մեր հազարավոր մեղքերի եւ մեր մարմնական ու հոգեկան հիվանդությունների հետ  մենմենակ մնալով՝ ժամանակ առ ժամանակ եւ նույնիսկ հաճախակի սկսում ենք լռելյայն ու մտովի հիշել մեր հարյուրավոր ու հազարավոր մեղքերից մի քանիսը, եւ սովորաբար էդ բանը եկեղեցիներում ու վանքապատկան տարածքներում ենք անում, որովհետեւ եկեղեցիների ու վանքապատկան տարածքների մթնոլորտը միանգամայն ու միանշանակ նպաստում է, որ գոնե ինքներս մեր խոստովանությանն ու ապաշխարանքին հավատանք, եւ եկեղեցիներում ու գմբեթների ներքո լռելյայն ու մտովի ենք ապաշխարում ու խոստովանում՝ ոչ էնքան էն պատճառով, որ մեր միածին ու մինուճար Տերն է հորդորել՝ հատկապես տաճարներում ցուցադրական ու բարձրաձայն չաղոթել ու չխոստովանել, այլ էն պարզ պատճառով, որ մեր խոստովանածն էնքան քստմնելի ու ամոթալի է, որ ստիպված ենք լռելյայն ու մտովի արտաբերում ու արտասանում, որ հանկարծ կողմնակի ներկաները չլսեն ու չիմանան, ու էս ասածս ընդամենը մի քանի օր առաջ Կրիվոյի մեր սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում զգացի ու հասկացա եւ էդ բանը զգալով ու հասկանալով՝ զուգահեռաբար նաեւ հասկացա, որ ինչքան մեղքերս հիշելով հիշատակում եմ, էնքան դրանք ավելանում են, այլ ոչ թե  պակասում. այսինքն, ավելի հասկանալի ասած՝ խոստովանությանդ էդ պահերին մեկ էլ հասկանում ես, որ գործածդ մեղքերն իրականում էնքան շատ են, որ ինչքան էլ հիշես ու թվարկես՝ վերջ չեն ունենալու, եւ ընդամենը մի քանի օր առաջ Կրիվոյի մեր սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում էդ բանը վերջնականապես հասկանալով՝ հասկացա նաեւ, որ էսպես բոլորից թաքուն՝ լռելյայն ու մտովի խոստովանելն ու ապաշխարելն էլ ելք ու փրկություն չի, եւ դրանում  վերջնականապես համոզվելով՝ որոշեցի գնալ սբ. Զորավոր եկեղեցի եւ Տեր Վարդանին խնդրել, որպեսզի մեղքերիս թողության իմաստով միջնորդի դեր ստանձնի, եւ հաջորդ իսկ առավոտ հենց էդպես էլ արեցի, եւ, ինչպեսեւ սպասում էի, Տեր Վարդանն ինձ սիրով ու խանդավառությամբ ընդունեց, եւ մեղքերիս թողության համար Տեր Վարդանին ընտրելս մի քանի  հիմք ու պատճառ ուներ. իմ հոգեւորական ընկերներից մյուսը՝ Տեր Ավետիսն արդեն նստավայր չուներ, որովհետեւ, էդ պահի դրությամբ, ոչ միայն  սբ. Աստվածածնին հարող Լեզվի ինստիտուտն էին քանդել, այլեւ՝ Տեր Ավետիսի սենյակն ու նստավայրը, եւ Տեր Մաղաքիային էլ մեղքերիս թողության իմաստով չէի դիմի, որովհետեւ իր հետ մտերմությանս աստիճանը դեռեւս էն չէր, եւ, էդ ամենից էլ բացի, Տեր Վարդանը մի քանի տարի առաջ, իր իսկ նախաձեռնությամբ, մեղքերիս թողություն մի անգամ արդեն տվել էր, եւ էդ մի քանի տարի առաջվանն իմ կյանքում երկրորդն էր, որովհետեւ առաջինը երկրորդից տարիներ առաջ Հավատացյալ Խորենի միջոցով ու միջնորդությամբ էր եղել՝ Կինոյի տանն ու էսօրվա Վերնիսաժին հարող տարածքում, եթե չեմ սխալվում՝ ութսունհինգի ամռանը, եւ եթե չեմ սխալվում՝  օգոստոսին, եւ չնայած օգոստոսն էր, էդ ամառային իրիկվա խոստովանությունիցս սկսած՝ մի ահավոր տեղատարափ սկսվեց, բայց ես ու Խորենը մնացինք ու չփախանք, որովհետեւ խոստովանությունս չափազանց անկեղծ էր, ու անգամ էդ տեղատարափի պայմաններում զգացվում էր, որ մեղքերիս թողությունը չափազանց մոտ է, եւ Խորենն ու ես տեղատարափին դիմադրելով ու դիմանալով՝ վերջում լրիվ ցեխաջուր դառանք, բայց հոգով արդեն չտեսնված մաքուր էի, ավելի ճիշտ՝ մաքրված, որովհետեւ երկու տարի  մոսկովյան մեր հանրակացարանում ինչ ղալաթներ որ արել էի, էդ տեղատարափի ընթացքում մեկ առ մեկ խոստովանեցի, եւ, հիշում եմ, ահագին հուզված էի, ու տեղատարափի ողջ ընթացքում հավատացյալ Խորենն էլ էր ահագին հուզված, որովհետեւ Խորենը հավատացյալ լինելով ու հոգեւորական չլինելով՝ իրեն բավական պատասխանատու էր զգում էդ արարողության ու էդ տեղատարափի ամբողջ ընթացքում, եւ երբ արարողությունն ու տեղատարափը գրեթե միաժամանակ ավարտվեցին, երկուսս էլ ոտից գլուխ ցեխաջուր էինք, բայցեւ՝ մաքրված ու բացարձակ երջանիկ, եւ հատկապես Խորենն էր երջանիկ, որովհետեւ, ըստ ամենայնի, էդ արարողությունն իր համար էլ էր կարեւորագույն փորձ ու փորձություն, եւ չնայած էդ իրիկուն ու երբեւէ իրեն էդ մասին չհարցրի, միանգամայն համոզված եմ, որ էդ իրիկուն ինքը կյանքում առաջին անգամ էր ուրիշի մեղքերի համար Բարձրյալից ներում ու թողություն խնդրում, եւ առաջին անգամ խնդրելով՝  ահա կարծես թե ստացել ու ինձնից պակաս երջանիկ չէր, բայց էս անգամ, ինչպեսեւ նախորդ անգամ, ես չէի կարող Հավատացյալ Խորենին դիմել, որովհետեւ էս ու նախորդ անգամ Հավատացյալ Խորենն արդեն չկար, ավելի ճիշտ՝ կար, բայց արդեն ամբողջովին լույսերի մեջ էր, եւ չնայած առ էսօր էլ իր բարի ու անմեղ ժպիտն ուղեկից է ինձ, այնուամենայնիվ, էս ու նախորդ անգամ չէի կարող Հավատացյալ Խորենին խնդրել, որպեսզի էս նոր մեղքերիս համար էլ Բարձրյալից ներում ու թողություն հայցի, որովհետեւ մեզնից մաքուրների հետ շփվելու պատիվը մեզ միայն երկրի վրա է տրված, իսկ հեռավորության վրա պարզապես անհնար է, եւ հեռավորության վրա հատկապես Հավատացյալ Խորենի հետ շփվելս է անհնար, որովհետեւ ութսունհինգից ու մեղքերիս էդ  առաջին թողությունից սկսած՝ իմ ու Խորենի միջեւ տարբերությունը ոչ թե պակասեց, այլ հարյուրապատիկ ու հազարապատիկ մեծացավ ու խորացավ, եւ քանի որ Հավատացյալը վաղուց ի վեր լույսերի մեջ է, էս անգամ ստիպված էի սբ. Զորավորի Տեր Վարդանին դիմել, եւ դա ավելի քան տրամաբանական էր, որովհետեւ Հավատացյալ Խորենից հետո Տեր Վարդանը մի անգամ արդեն մեղքերիս հարցով  Բարձրյալից թողություն խնդրել էր, եւ, ըստ ամենայնի, մեղքերիս թողություն տրվել էր, որովհետեւ դրանից հետո ազատ ու անպատիժ  ինչ ասես անում էի ու էս վեպիս տարածքում էլ էի ինչ ասես գրում, եւ հիմա, երբ թոքերիցս ընդամենը երեսուն տոկոսն է մնացել, ես մտածելով սկսել եմ հասկանալ, որ ոչ միայն ամեն ինչ չի կարելի անել, այլեւ՝ ամեն ինչ չի կարելի գրել, եւ եթե ութսունհինգի ամռանը Հավատացյալ Խորենին միջնորդ ունենալով՝ հիմնականում Մոսկվայում ու մոսկովյան մեր հանրակացարանում կատարածներիս համար էի Բարձրյալից թողություն հայցում, հիմա արդեն Տեր Վարդանին միջնորդ ընտրելով՝ ահագին ուշացումով հասկանում եմ, որ ոչ միայն արածներիս, այլեւ գրածներիս համար էլ Տեր Վարդանը պիտի Բարձրյալից թողություն խնդրի, եւ եթե սկզբնական շրջանում իբրեւ սկսնակ արձակի անցնելով՝ ամեն ինչի մասին առանց խտրականության գրում էի, հիմա արդեն ամեն ինչի մասին զգուշորեն պիտի գրեմ, ավելի ճիշտ՝ ամեն ինչի մասին չպիտի գրեմ, այլ միայն՝ էնպիսի բաներ, որոնք օրինավոր լինելով՝ պատճառ չհանդիսանան, որպեսզի եւս մի անգամ Տեր Վարդանին կամ որեւէ ուրիշին մեղքերիս թողության առումով դիմեմ, եւ երեկ  առավոտ՝ մինչ Տեր Վարդանն իմ կապակցությամբ իր պարտադիր տեքստն էր մրմնջում, ես էս բաների շուրջ էի մտածում ու մտմտում, եւ հիմա՝ էս պահին էլ եմ նույն բաների շուրջ մտածում, որովհետեւ հակված եմ կարծել, որ երեկ առավոտ Տեր Վարդանի միջոցով  ստացածս թողությունն ամենավերջինն է՝ ոչ միայն էն պատճառով, որ երեսունտոկոսանոց թոքերով արդեն դժվար թե երկար ձգեմ, այլեւ էն պատճառով, որ հերթական անգամ մեղքերի թողություն ստանալով՝ արդեն իրավունք չունեմ Բարձրյալի մեծահոգությունը, վստահությունն ու համբերությունը չարաշահել, եւ միակ բանը, որ պարտավոր եմ կատարել մեղքերիս հերթական թողությունն ստանալուց հետո, պատվիրանների հստակ կատարումն է, իսկ ավելի ստույգ՝ հետայսու անելու ու գրելու եմ բացառապես էնպիսի բաներ, որոնց պատճառով ստիպված չլինեմ վերստին սբ. Զորավորի ու Տեր Վարդանի դուռը գնալ, բայց էս ասածս ամենեւին չի նշանակում թե՝ հետայսու էապես են փոխվելու էս վեպիս ընթացքն ու բովանդակությունը. ոչ թե էս վեպիս ընթացքն ու բովանդակությունն են փոխվելու, այլ՝ էդ ընթացքի ու էդ բովանդակության հանդեպ իմ վերաբերմունքն ու մոտեցումները, եւ հենց էս լավատեսությամբ էլ ուզում եմ ավարտել էս տասներկուերորդս ու տասներեքերորդն սկսել, մանավանդ որ՝ էս պահի դրությամբ արդեն տասներեք թվի առումով տագնապալի նախապաշարումներ չունեմ. այսինքն, հայկական ժամանակն իմ ու ձեր կյանքին համընթաց շարունակվելու է, ընդ որում՝ ոչ միայն ներկան է շարունակվելու, այլեւ՝ անցյալը, եւ, եթե հիշում եք, ես իմ սկիզբն ու անցյալը սկսելով ու շարունակելով՝ հասել էի անցյալ դարի յոթանասունյոթ թվական եւ անցյալ դարի «Ծիծեռնակ» մանկական պատկերազարդ ամսագրի խմբագրություն, ուր բախտն ինձ հանդիպացրեց ինձ նման ու ինձնից ավելի հետաքրքիր մի քանի ուրիշների հետ, եւ նրանց հետ կյանքն ակնհայտորեն ավելի հետաքրքիր ու բովանդակալից էր, քան՝ առանց նրանց, եւ ես մեզ ու մեր էդ օրերը զվարթ ու շողշողուն եմ հիշում՝ ոչ միայն էն պատճառով, որ էդ օրերին մենք, էսօրվա համեմատ, ակնհայտորեն ջահել ու գեղեցիկ էինք, այլեւ էն պատճառով, որ էդ օրերին Երկիր մոլորակն ու մարդկությունն էին էսօրվա համեմատ ակնհայտորեն ջահել ու գեղեցիկ:
ՎԵՐՋ ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԳՐՔԻ
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930