«Երբ ինչ-որ թերթ ինչ-որ բան է գրում, չգիտես ինչու, աժիոտաժ է սկսվում: Դուք առաջինն ինձանից կլսեք, եթե նման ծրագիր լինի, իսկ ես նման բաներից տեղյակ չեմ», – երեկ հայտարարեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով մեկ շաբաթ առաջ ռուսական «lifesports.ru» ինտերնետային կայքի տարածած տեղեկությանը, ըստ որի՝ առաջիկայում ռուսական առաջնությունը կհամալրվի հայկական ֆուտբոլային ակումբով: Կայքում անգամ նշվում էր, որ բանակցություններ են ընթանում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ու ՌՖՄ ղեկավար Սերգեյ Ֆուրսենկոյի միջեւ: Ըստ լրատվամիջոցի՝ հայկական կողմը իրենց հետ զրույցում հաստատել էր նման գործարքի իսկությունը, իսկ ռուսական կողմը դիվանագիտորեն խուսանավել էր պատասխանելուց: Սակայն փաստ է, որ ծուխն առանց կրակ չի լինում, ինչին էլ, ի վերջո, անդրադարձավ ՀՖՖ նախագահը: Իսկ կրակը տվյալ պարագայում ՈՒԵՖԱ-ի կոնֆերանսն էր, որը օրերս տեղի է ունեցել Կիպրոսում: Հայրապետյանը նշեց, որ կոնֆերանսի ընթացքում ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հանդես է եկել փոքր երկրներում ֆուտբոլը զարգացնելու իր հերթական առաջարկով, որը ենթադրում է՝ «փոքր երկրների» ակումբներին թույլ տալ մասնակցել խոշոր առաջնություններին: «Ֆեդերացիաներն իրենց համաձայնությունը տվել են, այժմ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն էլ կաշխատի այդ ուղղությամբ: Թե որքան կտեւի այդ աշխատանքը, դժվարանում եմ ասել: Մնացածը ժամանակը ցույց կտա», – ասաց Հայրապետյանը: «Առավոտի» հարցին, թե, այնուամենայնիվ, ի՞նչ է ենթադրում նման նախագծի իրականացումն ու ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ մեր առաջնության վրա, ՀՖՖ նախագահը նշեց, որ էական փոփոխություններ չեն կատարվելու: «Փոքր առաջնությունները» որեւէ ֆորմատային փոփոխություն չեն կրի ու Հայաստանի առաջնության վրա նման նախագծի իրականացումը որեւէ կերպ չի ազդի: Եթե, օրինակ, հայաստանյան ակումբին թույլ տան մասնակցել Ռուսաստանի կամ Ուկրաինայի առաջնությանը, ապա կստեղծվի մի թիմ, որը կմասնակցի տվյալ առաջնությանը: Իսկ մեր ներքին առաջնությունը կմնա իր 8 կամ 9 թիմերով: Գիտեք, ակումբ պահելը շատ ծանր գործ է, որը ֆինանսական մեծ ներդրումներ է պահանջում: Հայաստանում ու մեր պես շատ երկրներում այդ խնդիրը կա: Այս ծրագիրը կօգնի ինչ-որ չափով հաղթահարել այդ խնդիրը գոնե կոնկրետ ակումբի պարագայում: Բացի այդ, անշուշտ, իր ազդեցությունը կունենա հավաքականի ելույթների վրա. որքան շատ ֆուտբոլիստը ուժեղ առաջնության մասնակից լինի, այնքան նրա որակները կզարգանան»,- ասաց ՀՖՖ նախագահը:
Թե ինչ կերպ, երբ ու ինչ տեսքով կիրականացվի Պլատինիի առաջարկած նախագիծը, մշուշոտ է, սակայն եվրոպական ֆուտբոլում այն, որպես այդպիսին, նորություն չէ: Հենց այս մրցաշրջանում անգլիական պրեմիեր լիգայում սկսել է հանդես գալ «Սուոնսի» ակումբը Ուելսից, մեկ այլ ուելսական ակումբ՝ «Կարդիֆֆը», անգլիական երկրորդ դիվիզիոնի առաջատարներից է արդեն մի քանի տարի: Իսկ «ակումբային պատվաստման» ամենադասական օրինակը «Մոնակոն» է՝ Մոնակո իշխանության ակումբը, որը կանոնավոր մասնակցում է Ֆրանսիայի առաջնությանն ու վերջինիս կողմից «գործուղվում» է եվրագավաթային հանդիպումների: Այնպես որ, ամեն ինչ իրագործելի է: Ափսոս միայն, որ դրանից հենց Հայաստանի առաջնության մակարդակը դժվար թե բարձրանա: Ու հույսներս էլի հավաքականի վրա կմնա: Իսկ այն, որ մենք արդեն ունենք զարգացման ռեսուրսով հավաքական, ոչ ոքի մոտ կասկած չի առաջացնում: Մնում է միայն սատարել ու հավատալ մեր թիմին. առջեւում Մակեդոնիայի հետ երեւանյան խաղն է:
Հ. Գ. ՀՖՖ նախագահի ասուլիսը շատ բազմապրոֆիլ էր ու ընդգրկուն, սակայն բոլոր թեմաներին այս կամ այն կերպ բազմիցս անդրադարձ կատարվել էր: Ուստի՝ «Առավոտն» իր ընթերցողների համար առանձնացրեց առավել հրատապ, կարեւոր ու շատ քննարկվող այս հատվածը: