Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Ինչպես իրականությունը արվեստ դարձնել

Սեպտեմբեր 24,2011 00:00

\"\"Ռեժիսոր, լուսանկարիչ Ժիրայր Աղավելյանի ցուցահանդեսը

Ժիրայր Աղավելյանը հանրությանը հայտնի է որպես տասնյակ գեղարվեստավավերագրական, այդ թվում՝ միջազգային փառատոների մասնակից կինոնկարների ռեժիսոր, օրինակ` «Վարդանանք» (1984), «Քարերի սիմֆոնիա» (1987), «Լավաշ» (1988), «Հավերժի ճամփորդը» (1989թ.) եւ շատ այլ ֆիլմերի: Վերջերս «Նարեկացի» արվեստի միությունում նա ներկայացավ որպես լուսանկարիչ` իր հայաստանյան առաջին «99 Pleasant» խորագիրը կրող ցուցահանդեսով: Իր անձնական ցուցահանդեսի բացմանը, սակայն, ռեժիսորը ներկա չէր: Նա 1991-ից ի վեր բնակվում է Միացյալ Նահանգներում` Բոստոնում:
«Առավոտը» կապվեց ռեժիսոր-լուսանկարչի հետ: Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ զգացումով է սպասել 20 տարի դադարից հետո հայ հասարակության առջեւ ներկայանալուն. «Քսան տարի զրկված եմ եղել իմ հայրենիքի փոփոխություններին հետեւելու հնարավորությունից, սակայն վստահ, որ այն անընդհատ զարգացման պայքարների մեջ է: Հայրենիքից հեռու լինելով՝ հասկանում ես հոգեւորի, կրոնի, ինքդ քեզ գտնելու ուժը ու հայտնաբերում, որ քո փրկությունը քո հայ լինելու ու հայ մնալու մեջ է: Այս զգացումներով եմ սպասել ցուցահանդեսին»:   Նշենք, որ «99 Pleasant» -ը ռեժիսորի ամերիկյան հասցեն է: Նրա փոխանցմամբ, միայն այդտեղ են ծնվում իր արվեստի նմուշները. «Ասում են՝ արդյունքին հասնելու միջոցն ավելի կարեւոր է, քան բուն արդյունքը, դրա համար եմ իմ հասցեով` «99 Pleasant» անվանել ցուցահանդեսս: Բնության մի գողտրիկ անկյուն է այն վայրը, որտեղ ես ապրում եմ. այս պարագայում բնությունն է ինձ համար միջոց դարձել: Ես միշտ ինձ բնության մի մասնիկն եմ զգացել, «99 Pleasant»-ում բարեբախտություն ունեցա մեկ անգամ եւս դրանում համոզվելու: Էլ չեմ ասում բնության մեջ ծնված զգացողությունների մասին»:
Ցուցահանդեսի համակարգողն է Սուսաննա Խանվելյանը, ով շեշտեց, որ «99 Pleasant» ցուցահանդեսում ռեժիսոր-լուսանկարիչը ներկայացրել էր թե առանձին լուսանկարներ, թե լուսանկարների ու կոլաժների ամբողջական շարքեր, որոնցից մեկի հերոսները, օրինակ` ԽՍՀՄ-ից Բոստոն արտագաղթած Հայրենական մեծ պատերազմի վետերաններն են: Ժ. Աղավելյանը նշում է, որ հետաքրքիր ապրումներով է հետեւել նրանց կյանքին եւ սիրով ֆիքսել իր տեսախցիկում:
Երկար ժամանակ է Ժ. Աղավելյանը կինոխցիկը փոխարինել է ֆոտոխցիկով: Ըստ նրա, կինոխցիկը օգնում է իրականությունը արվեստ դարձնել. «Ինձ համար նույն բանն է, կինոխցիկ, թե ֆոտոխցիկ: Երկուսի պարագայում էլ պատմություն ունես պատմելու: Ես ստեղծագործում եմ մի նպատակի համար` հայի շունչը պահելու: Հայրենիքը մնում է հայրենիք: Դրսում ավելի արագ ես շարժվում, որ ապրես ու վազել կարողանաս: Հայրենիքում հանգիստ ես, քոնն է ու չես պատկերացնում վազքի ուժը: Ամեն մի կադրս ուղերձ է` տեսնել, հասկանալ ու կարողանալ նվիրել»:
Ցուցահանդեսի համակարգող Ս. Խանվելյանը նաեւ հավելեց, որ հայրենիքում ցուցահանդես բացելը Ժ. Աղավելյանի ցանկությունն է եղել: Ցուցահանդեսը հեղինակը նվիրել է Հայաստանի անկախության 20-ամյակին: 
    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել