Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿԸ՝ ԹՈՒՐՔ, ՄՅՈՒՍԸ՝ ՀԱՅ

Սեպտեմբեր 24,2011 00:00

Մեկը՝ թուրք, մյուսը՝ հայ… մեկը իմամի թոռ, մյուսը հոգեւոր դպրոցի շրջանավարտ… Աշխարհ այսպես են եկել, այսպես մեծացել, սակայն հետագայում իրենցից ակնկալվող որոշումներից տարբեր որոշումներ են ընդունել, մեկ այլ կյանք են կառուցել: Ժալեն ու Զաքարիան իրար սիրել ու ամուսնացել են, մեծացրել են «առանց ազգության» երեխաներ:

\"\"

Միլդանօղլու զույգը 34 տարի է, ինչ միասին է, որից 31 տարին՝ ամուսնացած: Բնակվում են Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասում, միջին կարգի մի շենքում: Ժալե Միլդանօղլուն կենսալի մի կին է… Պետական գործից թոշակի է գնացել, այժմ զբաղվում է հասարակական գործունեությամբ: Իսկ հանգիստ ու վստահություն ներշնչող Զաքարիա Միլդանօղլուն Վանի Աղթամար եկեղեցու վերականգնման ժամանակ խորհրդատվություն տված ճարտարապետներից է:
«Եթե հրաժարվելու ես, ապա չսկսենք»
Զաքարիան ծնվել է Կայսերիի Էքրեք գյուղում, որը ի սկզբանե հայկական գյուղ է եղել, իսկ 1950-ականներին այնտեղ միայն հայկական երկու ընտանիք է մնացած եղել: Մանկության մասին պատմելիս նշում է հետեւյալը. «Հանգիստ չէինք, դա ասեմ: Մեր տունը քարկոծվում էր, ծեծվում էինք: Դպրոց գնալիս, հենց անկյունից այն կողմ էինք թեքվում, ամեն օր այնտեղ բռնում-ծեծում էին: Էշի նման մարդիկ էին…»: Նրան պաշտպանելու համար ամեն օր դպրոցից տուն բերող մի ուսուցիչ էլ կար, բայց երբ Զաքարիան ութ տարեկան էր՝ մի հայկական դպրոցում ուսանելու համար նրան ուղարկեցին Ստամբուլ: Տարրական դպրոցից հետո գնաց հոգեւոր վարժարան: Սակայն պատարագների ժամանակ Աստվածաշնչի մեջ վեպ էր դնում ու կարդում, աթեիստ դարձավ: Համալսարանում ճարտարապետի մասնագիտություն ստացավ: Ժալեի հետ ճանապարհը խաչվեց մի ձախակողմյան արհեստակցական կազմակերպությունում՝ 70-ականների կեսերին, երբ Թուրքիայում քաղաքական կյանքն ալեկոծ էր:
Ժալե Միլդանօղլուն իմամի թոռ էր, պահպանողական ընտանիքից էր: Սակայն «կարճ տաբատ  մի հագիր», «եղունգներիդ լաք մի քսիր» ու նման արգելքները նրան «անհավատ» դարձրին: «Կյանքումս միշտ չբավարարված հետաքրքրվածություն եմ ունեցել», պատմում է Ժալեն, որին՝ դեպի Զաքարիա ձգող բաներից մեկն էլ հայերի հանդեպ հետաքրքրվածությունն էր. «18 տարեկան էի: Հետաքրքրված էի թե՛ հարաբերություն ունենալով, թե՛ «մարդիկ հայ լինելու դեպքում ինչպիսի՞ն են» հարցով… Ոչ մի օրգան էլ ավելի չէր, նա էլ երկու ականջ ուներ…»:
Երբ հարաբերությունները լրջացան, այդ ժամանակ 26 տարեկան Զաքարիան Ժալեին նախազգուշացրեց. «Չասես, թե «դու հայ ես, ընտանիքս թույլ չի տալիս, ներիր ինձ»: Եթե հրաժարվելու ես՝ ընդհանրապես չսկսենք»: Ժալեն պատասխանեց, թե «Քեզնից չեմ հրաժարվի»: Ըստ իր պատմածի՝ Ժալեն «այդ պահից սկսած ոչ մի օր իր խոսքից հետ չի կանգնել»:
Դպրոցն ամենաբարդ խնդիրն է
Միլդանօղլու զույգին իրականում պետք էր շատ բարդությունների դեմ պայքարել: Ընկերները հարցնում էին, թե «Ձեր երեխաների հետ ի՞նչ է լինելու, լավ, իսկ շիրիմների՞», իսկ Ժալեի մայրը պնդում էր. «Դա հնարավոր չէ: Թուրք գտիր»: Սակայն նրանք հետ չկանգնեցին: Ամուսնացան նույնիսկ այն դեպքում, երբ հարսանիքին չեկան Ժալեի ծնողները: Ժալեի ընտանիքը երիտասարդ զույգի հետ հաշտվեց ամուսնությունից մեկ տարի անց: Հետո, ըստ Ժալեի, Զաքարիային շատ սիրեցին: «Չէինք կարող իմանալ, որ այս երեխան այսքան լավը կլինի», – ասացին: Իսկ Զաքարիայի մայրն էլ, թեեւ հայ հարսներին սիրում էր, բայց Ժալեի տեղը հատուկ էր:
Ժալեն բացատրում է, թե ոնց են երկու ընտանիքների միջեւ հավասարակշռությունը պահել. «Իմ մայրը իմամով պսակադրություն էր ուզում, նրանը՝ եկեղեցով… Մենք երկուսն էլ չարեցինք՝ հավասարակշռությունը պահեցինք»: Միլդանօղլու զույգը երեխաների անուններն ընտրելիս Արդա ու Արաս անունները դրեցին՝ դրանք թե հայկական, թե թուրքական են: Իսկ երեխաներն էլ եկեղեցու կողմից չեն կնքվել, քանի որ մայրը քրիստոնյա չէ:
Երեխաների կրթությունը ամենաբարդ խնդիրը եղավ: Մեծ որդի Արդային նախ ուղարկեցին թուրքական դպրոց, որպեսզի ավելի լավ կրթություն ստանա: Սակայն այն օրը, երբ Արդան եկավ ու հորը հարցրեց, թե «Մենք թուրքերին ինչո՞ւ ենք մորթել», դպրոցը փոխեցին: Երկու երեխաներն էլ մինչեւ միջնակարգ դպրոց հայկական դպրոց հաճախեցին, հետո արդեն քննությունների արդյունքում շահած դպրոցները գնացին:
«Երեխաներն իրենց ո՞ր կրոնի, ո՞ր ազգին են դասում» հարցին Զաքարիան պատասխանում է. «Նրանք ազգություն չունեն, նրանք աշխարհի քաղաքացի են», իսկ Ժալեն՝ «Երկու կողմերի տոներին էլ ամբողջ ընտանիքը հավաքվում է՝ իմ, Զաքարի եղբայրները, քույրերը, նրանց ամուսինները, զավակները, թոռները… Այժմ այդ տունը ո՞ւմն է: Երեխաներն այդպիսի միջավայրում են մեծացել»:
«Հայկական ինքնությունը պահպանելու համար հայի հետ ամուսնանալն ավելի լավ չի՞ լինի» հարցին էլ Զաքարիան պատասխանում է, թե «Կրոնը, ազգությունը հետո են հորինվել ու անհայտանալու են»: Համաձայն Զաքարիայի, որեւէ մեկ ժողովրդի կերտած արժեքին պետք է անձնվիրաբար տեր կանգնենք, սակայն ազգայնականություն անելով՝ «հայերը մշտապես լինելու են» ասելն էլ ճիշտ չէ: Թուրքերի, գերմանացիների ու բոլոր ազգերի նման նրանք էլ պատմության բեմից հեռանալու են:
«Լավ, Աստված երկար կյանք տա, բայց մահանալուց հետո որտե՞ղ եք հանգչելու» հարցիս Ժալեն պատասխանում է, որ ընտանիքների կողքը մեկինը թուրքական, մյուսինը հայկական գերեզմանոցներում տեղերը պատրաստ են: Ասում է, թե «Կարեւոր չէ, մահանալուց հետո կյանքին չեմ կարողանում հավատալ», սակայն ամեն դեպքում ցավում է, որ առանձնանալու է երեխաներից ու ամուսնուց, որոնց հետ ապրել է իր կյանքը, ու հետո ավելացնում, թե «չգիտեմ, գուցե ես էլ մի բան անեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել