Թուրքիայի Էդրինե քաղաքի Թրակիայի համալսարանի ռեկտոր Էնվեր Դուրանը ցանկանում է իր համալսարանում հայագիտության ամբիոն բացել: Այդ մասին նա Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողներին հայտարարեց երեկ: «Աշխարհը գնալով փոքրանում է, գլոբալիզացվում է: Մենք եկել ենք իմանալու, թե արդյոք մեր Թրակիայի համալսարանում կարո՞ղ ենք բացել հայագիտության ամբիոն, կարո՞ղ ենք այստեղից մասնագետներ տանել»,- ասում է Թրակիայի համալսարանի ռեկտորը՝ ավելացնելով. «Սահմանները եւ ղեկավարները կարող են փոխվել, բայց մարդու մայրենի լեզուն չի կարող փոխվել: Եթե մենք կարողանանք սովորել մեկս մյուսի լեզուն, գուցե կարողանանք նաեւ քանդել այն չերեւացող պատնեշները, որոնք գոյություն ունեն երկու ժողովուրդների միջեւ»: Ներկաներին հետաքրքրում էր Թուրքիայի իշխանությունների վերաբերմունքը նման նախաձեռնության նկատմամբ: Էնվեր Դուրանն էլ խնդրեց բոլորին՝ զրույցը չքաղաքականացնել, ասաց, որ նմանատիպ հարցերի չի պատասխանի՝ հավելելով. «Թուրքիան ժողովրդավար երկիր է: Մեր երկրում ցանկացած համալսարանի ռեկտոր ցանկացած տեղ կարող է գնալ եւ ցանկացած մարդու հետ կարող է խոսել եւ իր երկրում ցանկացած ամբիոն բացել»: Թուրք ռեկտորը նկատել է, որ ինչպես հայ ուսանողների մեջ կա հետաքրքրություն թուրքերենի նկատմամբ, այնպես էլ թուրք ուսանողներն են հետաքրքրվում հայերենով: Նա նաեւ նշում է, որ Թուրքիայում կան համալսարաններ, որտեղ դասավանդում են հայագիտություն, բայց դրանք այնքան էլ հաջողության չեն հասել: Ըստ նրա, Թուրքիայում կա ազգությամբ հայ 50 000 քաղաքացի, բայց նրանցից միայն մեկն է, ով հայոց լեզվի եւ գրականության մասնագետի ատեստավորում ունի, որը, ռեկտորի կարծիքով, մեծ թերություն եւ բացթողում է: «Կարծում եմ, որ մարդիկ իրենց մայրենի լեզուն չպետք է կորցնեն»,- ասում է նա: