Լրահոս
Օրվա լրահոսը

«Կինոաշունը» նոր թափ է առնում

Սեպտեմբեր 24,2011 00:00

Այսօր Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մեկնարկում է Ռուսաստանում հայերի միության եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնած «Կինոաշուն-2011» ծրագիրը, որն այս տարի նվիրվում է Հայաստանի անկախության 20-ամյակին: Այս մասին երեկվա ասուլիսում հայտնեց կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը: Ծրագիրն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո:
Նրա խոսքով, արդեն երկրորդ տարին անցկացվող ծրագիրն այս տարի ընդլայնել է իր ծավալներն ու աշխարհագրությունը. «Կինոաշունը», բացի մարզերից, «մտնելու» է նաեւ զորամասեր, ուսանողական հաստատություններ, սահմանամերձ շրջաններ, Երեւանի բոլոր համայնքները, կինոդահլիճներն ու զբոսայգիները: Այդ ընթացքում Հայաստանը կվերածվի կինոթատրոնի` բաց երկնքի տակ, քանի որ մի շարք վայրերում նախատեսված են նաեւ ֆիլմերի բացօթյա ցուցադրություններ, այդ թվում՝ Կասկադի տարածքում, Սիրահարների այգում: Մարզերից յուրաքանչյուրում նախատեսված է մինչեւ 5 ցուցադրում: Մուտքը կինոդահլիճներ, անվճար է»:
«Կինոաշունի» շրջանակներում, ըստ Գ. Գեւորգյանի, սպասվում է նաեւ 3 գրքերի շնորհանդես. «Դա ռեժիսորների եւ կինոյի երախտավորների մասին պատմող գիրքն է, Ռոբերտ Սահակյանցին եւ Դմիտրի Քեոսայանին նվիրված գրքերը: Այս տարի էլ ենք անցկացնելու հոբելյանական երեկոներ, ստեղծագործական հանդիպումներ եւ գրախոսական մրցույթ: Այս կինոնախագիծը նպատակ ունի վերականգնել կինոյի տարածման բոլոր խողովակներն ու միջոցները՝ Հայաստանում արտադրված ֆիլմերի ցուցադրության բարի ավանդույթ, մարզային կինոցանց»:
Ինչ վերաբերում է  «Կինոաշուն-2011»-ի կինոցանկին, կինոկենտրոնի տնօրենը նշեց. «Բոլորն ուզում են հին հայկական ֆիլմերը դիտել, բայց այս տարի որոշեցինք անկախության տարիներին նկարահանված ֆիլմերին նվիրել ծրագիրը: Ցուցադրվելու են հայկական հին ու նոր խաղարկային, վավերագրական, անիմացիոն եւ մանկական ֆիլմեր: Կա եւս մեկ անակնկալ, որը մեզ մատուցել է Ազգային կինոարխիվը: Նրանց ֆոնդերից հանդիսատեսին կներկայացվեն տասնամյակներ առաջ նկարահանված եւ այս կամ այն գյուղին կամ քաղաքին նվիրված վավերագրական ֆիլմեր, որոնք ցույց կտան տվյալ բնակավայրի ստեղծման ու զարգացման պատմությունը: Սրանք այնպիսի կադրեր են, որոնք երբեւէ չեն ցուցադրվել, ժողովուրդը չի տեսել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել