Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՄԺԵՐ՝ ԸՍՏ ԹԱՂԱՊԵՏԻ

Սեպտեմբեր 24,2011 00:00

Արաբկիրի թաղապետը թիվ 26 մանկապարտեզը «բոմժանոց» է անվանել, բայց նկատի է ունեցել «բոմժ ծնողներին»

\"\"

«Մա՛մ, արագացրո՛ւ, վե՛ր կաց, շուտ գնանք մանկապարտեզ, որ չթողնենք քանդեն»,- ամեն առավոտ Արաբկիրի թիվ 26 մանկապարտեզ հաճախող 4-ամյա Արթուրը արթնանում է այսպիսի տագնապով: Մայրը պատմում է, որ երեխան սթրեսի, ծանր հոգեկան ապրումների մեջ է, մտածում է, որ մի օր կարող է ուշ գնալ ու տեսնել իր հարազատ մանկապարտեզը քանդված: Արդեն 7 տարի է՝ այս նույն տագնապն ունեն այդ մանկապարտեզի հարյուրավոր սաներ ու ծնողներ: Մանկապարտեզն ուզում են քանդել եւ փոխարենը 3 անգամ ավելի փոքր տարածքով մանկապարտեզ կառուցել:
Երեկ այս մասին մեզ հետ զրույցում ծնողները դժգոհում էին. «Առանց այդ էլ մանկապարտեզի ներկայիս տարածքը առողջապահության նախարարության սահմանած նորմայից փոքր է եւ 100 երեխայի տարհանել ու խցկել մի «բնի» մեջ, ինչ է թե՝ մի գործարար աչք ունի այս տարածքի վրա՝ ուղղակի անթույլատրելի է: Մենք չենք թողնելու, երեխաների հետ գնալու ենք միտինգների, ցույցերի: Նախկինում մեր երեխաները վախենում էին, որ թուրքերը կգան՝ իրենց տները, մանկապարտեզը կքանդեն, այսօր խաղաղ պայմաններում մեր երեխաները նույն վախն ունեն: Եվ հետո սա տարածքի միակ կանաչ գոտին է, որտեղ երեխաները կարողանում են թթվածին շնչել»:
Նշենք, որ թիվ 26 մանկապարտեզի շենքը 3-րդ կարգի վթարային է եւ այն, իրոք, հիմնանորոգման կարիք ունի: 2011-ի ՀՀ պետբյուջեով 1.7 մլրդ դրամ է հատկացված՝ Երեւանի նախադպրոցական ուսումնական հաստատությունների նորոգման ու հիմնանորոգման համար: Ծնողների խոսքերով՝ «այդ գումարը բավական է նույնիսկ 8 նոր մանկապարտեզ կառուցելու համար»:
Մի քանի օր առաջ ծնողների հետ հանդիպել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը՝ Էդուարդ Մուշեղյանը: Ծնողներից մեկի՝ Սուսաննա Մինասյանի պատմելով՝ «թաղապետը մանկապարտեզի համար ասաց՝ էս ի՞նչ ա, բոմժանոց ա, ինչքան բոմժ կա՝ գալիս ա էդտեղ: Թաղապետն իրավունք ունի՞ երեխաներին բոմժ ասելու: Ընտրությունների ժամանակ երեխաներին օգտագործում են, ասում են՝ երեխաները մեր ապագան են, իսկ ընտրվելուց հետո բոմժ անվանում»: Աննա Մկրտչյանն էլ պատմեց, որ թաղապետը բոլոր ծնողներին էգոիստ է անվանել. «Ասում է՝ փոխանակ շնորհակալություն հայտնեք, որ մանկապարտեզներն անվճար են դարձել, բողոքում եք: Կարծես՝ իր գրպանից է տալիս վարձը»:
Մեզ հետ զրույցում մանկապարտեզի ավագ խմբի երեխաներից մեկը՝ Դավիթը վստահեցրեց. «ես մեծանամ՝ շինարար եմ դառնալու, որ թաղապետի քանդած մանկապարտեզը նորից սարքեմ»:
«Առավոտի» հետ զրույցում ինքը՝ թաղապետ Է. Մուշեղյանը վստահեցրեց, որ դրա կարիքը չկա. «Ես որոշել էի լավ բան անել, բայց որ տեսնում եմ ժողովուրդը չի ուզում՝ ոչ մի բան էլ չեմ անելու: Սա առաջինը ձեզ եմ ասում: Գործարար էի գտել, որ պատրաստվում էր 220 մլն դոլար ներդնել եւ մանկապարտեզի նոր շենք կառուցել: Պայմանագրում նշվում էր, որ պետք է 1 տարի 2 ամսում հանձնեին նոր մանկապարտեզը, բայց եթե տեսնում եմ, որ ծնողների համար դժվար է լինելու երեխաներին այդ ժամանակ տանել Վրացականի կամ Կոմիտասի մանկապարտեզները, եթե չեն մտածում հաջորդ սերնդի համար՝ ոչինչ էլ չեմ անելու, ես ուղղակի 3 ամիս խնդրել եմ ներդրողին, իրենք ինձ չհասկացան: Ասում են՝ էդ հավեսը չունենք՝ 1 տարի Ավետիսյան փողոցից տանել երեխաներին Կոմիտաս: Դա փոխշահավետ գործարք էր լինելու: Ես այդ մասին արդեն քաղաքապետին էլ եմ զեկուցել: Բա ես լավ բան անեմ՝ ինձ թերթերի մեջ վարկաբեկե՞ն»: Մենք պարոն Մուշեղյանից ճշտեցինք, թե ինչո՞ւ է երեխաներին բոմժ ասել ու ի՞նչ է նկատի ունեցել: Նրա խոսքերով՝ «Իրենք բացատրություն ուզեցին, թե ինչից է, որ մանկապարտեզներում տեղ չկա, ես էլ բացատրեցի, որ քանի որ անվճար են դարձել մանկապարտեզները, բոմժեր կան, որոնք աղբամաններից են հաց վերցնում, առավոտ 8.30-ից երեխեքին բերում են, իրիկունը 6-ին տանում են, այստեղ իրենց երեխային կերակրում են, լվացացնում են, դրա համար տեղ չկա մեր մանկապարտեզներում»: Այսինքն՝ երեխաները բոմժե՞ր են: «Երեխաները բոմժեր չեն, ծնողնե՛րն են, լիքը մարդիկ կան, որ էսօր փողոցներում են մնացել, իրենց երեխաներին չեն կարողանում պահել ու տանում են այդ մանկապարտեզ, սա՛ եմ ասել»:
Մեր տեղեկություններով՝ մի քանի օր առաջ թաղապետը մանկապարտեզների տնօրենների հետ ընդհանուր ժողով է արել, ու այդ ժողովին թիվ 26 մանկապարտեզի տնօրեն Զվարթ Զաքարյանը չի ներկայացել: Թաղապետը նկատողություն է տվել ու պահանջել բժշկից տեղեկանք: Մեր հարցին՝ ճի՞շտ է, որ Զվարթ Զաքարյանի եւ ձեր հարաբերությունները լարված են՝ թաղապետը պատասխանեց. «Ո՞նց կարող է լարված լինի, եթե ամբողջ կյանքում իրեն օգնել եմ: Եթե վատ լինի՝ ուղղակի կարող եմ հանել աշխատանքից: Ես յուրաքանչյուր բացակայող տնօրենից եմ այդ տեղեկանքը պահանջում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել