Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռիի աշխատաշուկան խառն է

Սեպտեմբեր 24,2011 00:00

Մի ոլորտում մասնագետներ չկան, այլ տեղ՝ աշխատանք

Երեկ Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան պալատը սովորականից մարդաշատ էր՝ Լոռիում աշխատանքի հերթական տոնավաճառն էր:
Տոնավաճառի մասնակիցներից մեկը՝ Հայաստանի սահմանադրական իրավունքի կենտրոնի (ՀՍԻԿ) ղեկավար Գեւորգ Մանուկյանը պարբերաբար գործավար-քարտուղար տեղի համար հայտարարություն է տալիս: Պարոն Մանուկյանը կարծում է, որ հիմնական պատճառը ոչ թե աշխատատարությունն է, այլ ցածր աշխատավարձը: Թափուր աշխատատեղի մասին հայտարարություններն իհարկե օգնում են, բայց տոնավաճառին մասնակցելու հնարավորությունը բաց թողնել չարժե. մեկ վայրում անմիջական շփման մեջ են թե գործատուները, թե գործազուրկները: ՀՍԻԿ-ը իր «Բյուրակն» կրթահամալիրի Մարդու իրավունքների հայկական դպրոցի համար մասնագետներին գտել է հենց աշխատանքի տոնավաճառի շնորհիվ:
«ACP» ընկերության իրավաբան Հրաչյա Թանդիլյանն էլ տոնավաճառներից հետո նկատել է, որ կան բանվորական մասնագիտություններ, որ եթե քո հիմնարկ-ձեռնարկությունում չես սովորեցնում՝ մոռացության են մատնվում: Օրինակ՝ դրսում չկան կապարազոդող մասնագիտությամբ վարպետներ: Դատելով տոնավաճառում ներկայացված առաջարկներից, Լոռիում կա ծանրաքարշ մեքենաների վարորդների կարիք: «Թեղուտ» ընկերությունը նման 60 աշխատողի կարիք ունի, սակայն վարորդների պակասի պատճառով արդեն 2 տարի  է՝ հանքի շինարարությունը տեղից չի շարժվում: Վանաձորի զբաղվածության կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս տարի մասնակցությունն ավելի մեծ էր ու ակտիվ. 34 գործատու է մասնակցում՝ 525 աշխատատեղ էր ներկայացված եւ 726 սպասվելիք թափուր աշխատատեղ:
Արա Առաքելյանը համամիտ էր գործատուների կարծիքին, թե կա որոշակի մասնագետների պահանջարկ, բայց՝ չկան մասնագետներ: Մեքենաշինության բնագավառի բանվորական մասնագիտությունների խիստ կարիք է զգացվում, քանի որ երիտասարդությունն այդքան էլ չի ձգտում գործարաններում այդպիսի աշխատանք փնտրելու-աշխատելու: Լոռիում, պարզվում է, շատ լուրջ խնդիր է սպասարկման ոլորտի աշխատողներ գտնելը՝ մատուցող եւ խոհարար: Մասնագետները նկատում են, որ աշխատաշուկայում առաջարկի եւ պահանջարկի անհամապատասխանություն կա: Կան մասնագիտություններ, օրինակ՝ բուհը նոր ավարտած մանկավարժներ, որ աշխատանք չունեն: Այստեղ էլ հակառակ խնդիրն է՝ կա մասնագետների կուտակում, չկա աշխատանք:
Փորձագետներն առաջարկում են առաջարկի եւ պահանջարկի անհամապատասխանությունը վերացնել կամ գոնե նվազեցնել՝ ուսումնական հաստատությունների ծրագրերը աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելու միջոցով: Ու նաեւ բարձր դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշման հարցում օգնել դպրոցականին: Շատ է խանգարում վճարովի ուսուցման համակարգը: Երբեմն ծնողը քաջ գիտակցելով, որ երեխան սովորում է միայն դիպլոմի համար՝ վճարում է վարձը: Ու ստացվում է, որ ծնողը, որ պետք է վճարեր որեւէ մասնագիտության համար՝ մասնագիտություն պատվիրեր, իրականում վճարում է աշխատաշուկայում առաջարկի եւ պահանջարկի անհամապատասխանություն առաջացնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել