Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՀՎԱՆ ԱՊՐԵՑՆՈՂ ԱՂՈԹՔԸ

Սեպտեմբեր 24,2011 00:00

\"\"Նվիրում եմ անկախության գաղափարի համար
զոհված ընկերներիս
Նրանց մահն անմահ հորովել է՝
Հայրենի հողի հրավեր…
Եղիշե Չարենց

Ինձ համար երդումը միշտ կեղծ բարեպաշտություն է եղել: Քրիստոնեությունը նույնպես երդումը մերժելի է համարում, անգամ՝ անեծքի չափ մերժելի: Երեխա ժամանակ, երբ հասակակիցներիս հետ խաղում էի եւ դեռ չէի կարդացել Սուրբ գիրքը, հիշում եմ, որ այն ժամանակից ի վեր չէի երդվում: «Դե երդվիր, որ դու չես արել»: «Ես չեմ արել ու վերջ: Ուզում ես՝ հավատա, չես ուզում՝ մի հավատա»: Մանկությունս լիքն է նման հուշերով: Իհարկե, այն ժամանակ չէի կարող բացատրել, թե ինչու չեմ երդվում, բայց հիշում եմ, որ վիրավորվում էի, երբ ինձնից երդում էին պահանջում: Ու այդպես էլ ամբողջ կյանքում չերդվեցի: Չերդվեցի նաեւ Ազգային միացյալ կուսակցությունում:
Ի՞նչ երդում: Կյանքը, ինչպես բոլորին, ինձ էլ մի անգամ է տրվել: Վստահաբար կարող եմ ասել, որ այն նաեւ ժպտացել էր ինձ. բազմանդամ, ապահով ընտանիքի կրտսեր զավակն էի, մեծ տոհմի սիրելին: Իսկ ես այդ ամենից հրաժարվել, Տիրոջից խնդրել էի «ուրախությունն անանձնական» ու դրա դիմաց ստացել խորհրդային քաղբանտարկյալի կյանքը. թերեւս աշխարհում ամենից անմարդկային ու ստորացուցիչ կյանքը, որ կարող էր ունենալ գաղափարական մարտիկը: Ես իմ կատարած ընտրությունը, իմ կայացրած որոշումն արդեն իսկ երդում էի համարում: Երդումից էլ ավելին: Եվ մի՞թե հոգով մեղանչողը գործով չպիտի մեղանչի, ինչ է թե երդում է տվել: Իմ պայքարը պատերազմ չէր, այլ մենամարտ, որը եթե ընդունել ես, երդվելու պատճառ չկա: Մանկական խաղից մինչեւ գաղափարական պայքար, ինչ պարագայում էլ որ երդվում ես, ակամա հայտնվում ես մի կասկածյալի դերում, որը երդմամբ փորձում է փարատել դիմացինի կասկածը: Իսկ ես երբեք ինձ կասկածյալ չեմ զգացել ու այդ հարցում դիմացինին փարատելու հոգսը իմը չեմ համարել: Չերդվելու սկզբունքս տարբեր պարագաներում գուցե զանազան մտայնությունների տեղիք է տվել, բայց կյանքն էլ ինձ տեղիք տվեց անդրադառնալու երդման իրական ուժին ու կարեւորությանը, երբ ԱՄԿ-ի երդվյալ անդամներից շատերը ՊԱԿ-ի դրդիչ գործողությունների ճնշման տակ ինքնամերժ ներում խնդրեցին այն ամենի համար, ինչի համար ոչ վաղ անցյալում երդվել էին: Նրանցից ստացած նամակներից մեկում ահա թե ինչ կարդացի. «Մեզ համար չկա ուրիշ Հայաստան՝ Սովետական Հայաստանից բացի»: Կարդացի ու հիշեցի մեր կուսակցության երդման տեքստը՝ այս նամակի հեղինակի ոգեշունչ ընթերցմամբ. «Երդվում եմ ես քեզ, ժողովուրդ հայոց… երդվում եմ…»: Ի՞նչ արած: Չեմ մեղադրում: Կայացել էր՝ «խոստում՝ խոստումի դիմաց»: Սուրբ գրքում հենց նման դեպքերի համար է ասված. «Յուրաքանչյուր ոք փորձվում է՝ տարվելով ու խաբվելով իր իսկ ցանկություններից» (1 Հակոբոս 14):
Այսպես, կյանքը վերջնականորեն ապացուցեց՝ երդումով չէ, որ մարդը պիտի վստահություն ձեռք բերի կամ զերծ մնա մերժելիից:
Երդման հարցում բնազդս, կարելի է ասել՝ ի սկզբանե ճիշտ էր գործել: Բայց իմ ընտրած կյանքում՝ ազատության եւ, առավել՝ անազատության մեջ, կային սկզբունքներ ու մոտեցումներ, որոնք դեռ պիտի ճշտվեին, հղկվեին՝ ձեւավորելով կենսագրությունս, որի մեջ դեռեւս այն օրերին ներկա էին կյանքիս բոլոր ժամանակները, անգամ՝ ապագաս, քանի որ մենք ինքներս մեր հետեւանքն ենք, ամեն մի քայլից կազմված մեր ճանապարհը:
Խոսքս հերոսականության մասին է: Հերոսությո՞ւն էր արդյոք այն, ինչ մենք էինք անում: Այդ մասին կխոսի ժամանակը: Բայց մենք մեր պայքարի հետ մեկտեղ հերոսի կերպար էինք ստանձնել: Ինձ համար այդ հերոսը մեկն էր, որից որքան էլ որ առաջ եմ անցել, ամեն վայրկյան հիշում, ներում, կարոտում եմ նրան: Այսպես երեւի մարդու ստեղծածն է նյութականանում ու առանձնանում իրենից: Նյութականանում: Ահա իմ հուշագրության պատճառներից մեկը: Ես ասացի՝ ներում եմ: Դրա առիթն ամենից շատ ունեմ՝ կապված բանտային տարիների գոռոզամտությանս հետ, որի միակ դրսեւորումն իմ հերոսականությունն էր: Ինձ տանում էին պատժախուց, իսկ ես երգում էի: (Երեւի պայքարն առանց պաթետիզմի չի լինում): Ինձ կտտանքների էին ենթարկում, իսկ ես հպարտորեն լռում էի (չէ՞ որ հերոս էի): Ինչ-որ էական բան էր պակասում: Մի կարեւոր բանի կարիքն ունեի: Հնդիկ բանաստեղծ Տագորն ասում է. «Դեն եմ շպրտում հպարտությունս՝ իմ գիտությամբ ու կարողությամբ դատելու՝ որն է լավը, որը՝ վատ»: Հասել էր իմ այդ ժամանակը: Եվ երբ արդեն «փորձված» բանտարկյալ էի, ես դեն նետեցի հպարտությունս ու գտա… աղոթքը:
Ես ապրում էի առավոտ-երեկո աղոթողի պես, բայց իմ ներսում աղոթք չկար: Քրիստոնյայի իմ բնազդը, որ մանկուց ինձ ուղղորդել էր մերժել երդումը, իմ ըմբոստ, հալածական, որոնող էության մեջ արեց իր հաջորդ քայլը: Ես ուրախությամբ հայտնաբերեցի հոգուս կարիքը, եւ հենց այդ ժամանակ ձեռքս ընկավ Մահարու՝ մանկատանն ապրած տարիների աղոթքը.
Հիմա, որ ես պառկեմ պիտի, Հիսուս, աղոթք ընեմ Քեզի,
Բոլոր մեղքերս, Տեր, զիս ներե, Եթե նորեն ես չարթըննամ,
Շնորհե, ով Տեր, Քո քովդ գամ:
Ցեղասպանությունից փրկված մանուկների՝ հավատքով ողողված այս աղոթքը սկզբում թվաց, թե ուժասպառ արեց ինձ: Բայց աստիճանաբար հասկացա, որ դա հոգուս խաղաղությունն է: Ամեն գիշեր քնելուց առաջ այդ որբ երեխաները ոչ թե երդվում էին, որ սիրում են Աստծուն, այլ աղոթում էին նրա անունով: «Եթե նորեն ես չարթըննամ»: Տեսնես այս տողերն արտասանելիս ի՞նչ էին զգում այդ միամիտ մանուկները: Գիտեի՞ն արդյոք, որ խոսքը մահվան մասին է: Նրանց չիմացությունն ինձ թվում էր ամենից իմաստուն բանն աշխարհում: Եվ ես տարվեցի աղոթքով: Դա հենց այն շրջանն էր, երբ ՊԱԿ-ը ավարտում էր ԱՄԿ-ականներից ներում կորզելու գործընթացը, եւ ճամբարում իմ նկատմամբ ճնշումն ավելի էր մեծացել: Ամեն առավոտ ճամբարային ռադիոն հաղորդում էր. «Դատապարտյալ Մարկոսյան, ներկայանալ հսկիչների սենյակ»: Դրան հետեւում էին ինձ կոտրելուն ուղղված գործողությունները. պատժախուց, զրկում տեսակցություններից, գնումներից՝ ի պատասխան իմ «հանդուգն պահվածքի»: Իմ ներսի հերոսը դեն էր շպրտել իր հպարտությունը, բայց, միեւնույն է՝ երբեք չէր ընկճվում: Նրա մտքով անգամ չէր անցնում ընդունել ՊԱԿ-ի՝ կալանքն արտասահմանով փոխարինելու առաջարկը, քանի որ հայրենազրկությունը համարում էր ավելի անողոք պատիժ:
Իսկ երեկոյան, երբ խավարի հետ միայնակ էի մնում, աղոթքով էի վառում ներսիս լույսը: Մի քանի աղոթք գիտեի, բայց ամենից շատ մանկան աղոթքն էի սիրում (ես այդ աղոթքը Երեւանի ՊԱԿ-ի մեկուսարանում արտագրել ու հետս Սիբիր էի տարել): Դա իմ բարձի տակի աղոթքն էր: Ցերեկվա հերոսի ու գիշերվա աղոթողի համակեցությունն իմ ներսում կայացել էր: Դա մի վիճակ էր, որն ինձ օգնում էր մտածել կյանքի մասին, քնել՝ առավոտյան նորից արթնանալու հույսով: Ես կառչել էի այդ փոքրիկ, հուսատու աղոթքներից: Ընկերներիս պահվածքը մի անսպասելի հարված էր ինձ համար: Եվ դեռ դա իր հետեւից բերում էր օրեցօր մեծացող բանտային ճնշում իմ նկատմամբ, ու գնալով բազմապատկվում էր վիճակիս ծանրությունը: Մի կարեւոր բան էր ավերվել ու ես մնացել էի դրա փլատակների տակ: Եվ եկավ մի պահ, երբ այդ սակավաբառ աղոթքներն օգնելու փոխարեն կարծես իրե՛նք սկսեցին նայել իմ երեսին: Ես չէի կարողանում այլեւս նրանցից ուժ առնել:
Ես երդում չէի տվել եւ այն ներումով կամ խոստումով փոխարինելն ինձ համար չէր: Իսկ ի՞նչն էր իմը. մահին դեմքով տեսած, բայց նրան չճանաչող երեխաներից սովորած աղոթքը կրկնե՞լը: Ես մտովի մերժեցի այդ երեխաների՝ քնից առաջ ընկերակցությունը եւ նրանց աղոթքը հոգուս վերագտած խաղաղության հետ միասին իրենց թողեցի: Ներսումս անսահման շատ էր անորոշությունը: Եվ հենց այդ ժամանակ էր, որ ինձ փրկության հասավ Չարենցի անտիպ պոեմը՝ «NS-ի հիշատակին», որ տպագրվել էր «Գրական թերթում» ու պատճառ դարձել խմբագրին՝ Համո Սահյանին աշխատանքից հեռացնելու համար: Սահյանի հետ այդպես վարվողների ներսն էր նաեւ Չարենցը տեսել մարգարեորեն, երբ իր պոեմի ավարտին գրել էր.
Օ, այդ ի՞նչ, այդ ի՞նչ զորավոր, Բացիլ էր, ոգու ցեց խոցե,
Որ այդքան հեշտ սղոցեց, Նաիրյան ոգին զորավոր…
Եվ որդի նման մտավ ներս…
Ինչո՞վ էր այս պոեմն իմ վիճակին ավելի հարմար: Հասկանալի է. այդ օրերին ես ոչ թե պիտի կառչեի կյանքից, հավատայի վաղվա օրվան, այլ պետք էր, որ ես հաշտվեի մահվան հետ: Չէ՞ որ մահը կյանքից ավելի մոտ էր ինձ: Այն սկսել էր հոսել երակներիս մեջ:
Ցնծություն է մահն աշխարհում, Հաղթական երթ է շքեղ,
Գալիքի ցնծալի շքերթ:
Ես անդադար կարդում էի այս տողերը: Ես, որ չէի գործել ո՛չ մի զանցանք, չէի մեղանչել ո՛չ խղճիս, ո՛չ օրենքի առաջ, ես՝ «հայրենի սիրով հանցապարտս», դատական որոշմամբ պետք է իմ կյանքի տասը տարին անցկացնեի անազատության մեջ: Նրանցն էին իմ կյանքի տասը տարիները միայն: Բայց զոհասեղանին էր դրված ու սակարկվում էր իմ ամբողջ կյանքը, ապրելու իրավունքս: Անցել էր կյանքից կառչելու ժամանակը: Անհրաժեշտ էր, որ ես չերկյուղեի մահից: Ինձ ուժ էր պետք՝ չերազելու ուժ, եւ այն ինձ տվեց Չարենցը: Կարդում էի ու մտածում՝ ինչ միայնակ է եղել Չարենցը մահվան գալիքի դեմ, իմ սերնդի ճանաչած կարմիր պոետը: Ես այդքան ուժեղ չէի, ինձ ընկերակցություն էր պետք, ու ես ձեռքս մեկնեցի Չարենցի NS-ին, որի մեջ պարզորոշ տեսնում էի ինձ:
Եվ կրկին որպես տերեւներ,
Քշում է հողմը նրանց,
Որ չընկնեն, նրանք չամրանան
Հայրենի հողերի վրա,
Այլ իբրեւ դեղին տերեւներ
Թշնամի դաշտերում մեռնեն:
Այս տողերը նախանշում էին իմ ուղին ու մահը վերածում մխիթարության: Չարենցի պոեմը կարդում էի աղոթքի պես. մահվան աղոթքի պես: Դա մի վեհանձն մահվան հանդիսություն էր, որը, ինքս էլ չէի նկատում, թե ինչպես օրեցօր ինձ համար ռազմերթի էր վերածվում: Այսպես Չարենցը նախապատրաստելով, ընտելացնելով մահին՝ ապրեցրեց ինձ: Ես խաբված հանճարի մահվան աղոթքով ապրեցի եւ մահով հաղթեցի մահին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել