Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱ ԱՍՈՒՄ ԷԻՔ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԼԱ՜Վ Է, ՏԵՍՆՈ՞ՒՄ ԵՔ՝ ԻՆՉԵՐ ԿԱՆ»

Սեպտեմբեր 24,2011 00:00

Արտահանողների միության նախագահը արտահանման հետ կապված խնդիրներ ունի

\"\"

Մի քանի օր առաջ Մարզահամերգային համալիրում «Արմենիա էքսպո-2011» ցուցահանդեսի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շրջել է մեր տեղական արտադրողների տաղավարներում ու հարցրել, թե ի՞նչ խնդիրներ ունեն, ինչո՞վ կարող է օգնել: Գործարարներից մեկը՝ Րաֆֆի Մխջյանը, որը զբաղվում է «Ռիո գրանդե» սուրճի արտադրությամբ, օգտվելով հարմար առիթից, նախագահին սկսել է պատմել իր խնդիրների մասին, թե ինչպես են Վրաստանում իր եւ այլ հայկական բրենդներ խաբեությամբ գրանցում վրացու անունով ու թույլ չեն տալիս հայերին շուկայում մեծ տեղ ունենալ: Ի պատասխան՝ նախագահը շրջվել է ու իրեն ուղեկցողներին կշտամբել՝ «Բա ասում էին Վրաստանում լա՜վ է, տեսնո՞ւմ եք՝ ինչեր կան»: Ուշագրավ է, որ Րաֆֆի Մխջյանը նաեւ Հայաստանի արտահանողների միության նախագահն է, եւ եթե ինքն էլ տեղական արտադրանքն արտահանելու հետ կապված խնդիրներ ունի, արդեն կարելի է պատկերացնել, այսպես ասած, «շարքային» արտադրողների վիճակը:
Իսկ թե ինչու ամբիոններից եւ բանավոր տարբերակով տեղական արտադրողների թիկունքին կանգնած նախագահը միայն գլուխը տմբտմբացնելով՝ իր օգնությունը չի առաջարկել նրա միջամտության կարիքն ունեցող արտադրողին կամ գոնե խոստում չի տվել, որ խնդրով կզբաղվի՝ «Առավոտի» հետ զրույցում պարոն Մխջյանն այսպես բացատրեց. «Դե, իմ դեպքում արդեն ուշ էր որեւէ բանով օգնել, բայց ես անհանգստացած եմ, որ միայն ես չեմ տուժել, շատ արտադրողներ կան, որ իմ պես խաբվել են ու կորցրել իրենց բրենդները»: 
Բանն այն է, որ տարիներ առաջ, երբ սուրճի շուկայում մեզ հայտնի ապրանքանիշի՝ «Ռիո գրանդեի» արտադրանքը Ր. Մխջյանն արտահանել է Վրաստան, այնտեղ նրա գործընկերն է եղել պատգամավոր, «Վերածնվող Վրաստան» բլոկի անդամ Էմզար Բալաձեն: Միմյանց հետ փոխշահավետ համագործակցելուց հետո մի օր մեր գործարարն իմանում է, որ պատգամավորը իր ստեղծած, պահած, մեծացրած բրենդը Վրաստանում գրանցել է: Ր. Մխջյանի խոսքերով՝ «Սկզբում նեղվեցի, բայց ինքը ասաց՝ սա արել եմ՝ մեզ պաշտպանելու համար, որ չկեղծեն, կարողանանք մեր շահերը պաշտպանել, հավատացի, որովհետեւ մեջտեղը ոչ մի բան չկար: Հետո անցավ ժամանակ, ու մի պատահական օր իմացա, որ մեր բրենդն ուզում է ծախել, բնականաբար՝ շոկի մեջ էի, որովհետեւ իմ սեփական բրենդը չէին կարող ծախել՝ առանց իմ իմացության: Նա սկսեց այդ ապրանքանիշով նոր սուրճ արտադրել, ու ես այլեւս չկարողացա այդ ապրանքանիշով ապրանք մատակարարել Վրաստան, մեծ ծախսեր արեցի, «Ռիո վերդե» անունով սկսեցի սուրճ արտադրել ու արտահանել, բայց արդեն այն չէր, որովհետեւ շուկա գրաված, կայացած բրենդը կորցրի»: Հայ գործարարը դիմել է դատարան, իսկ Վրաստանում, որտեղ երկու ձեռքով պաշտպանում են իրենց արտադրողներին, բնականաբար «յան» ազգանունով մարդու օգտին վճիռ չէին կայացնի ու իրենց պատգամավորին սխալ չէին հանի. «Առաջին ատյան գնացինք՝ մերժվեցինք, երկրորդ, երրորդ ատյան գնացինք՝ անփոփոխ թողեցին: Ես գիտեք ինչ հասկացա, որ այնտեղ նացիոնալիզմն այնպես է աշխատում, որ վճիռը հօգուտ ինձ հաստատ չէին կայացնելու, որքան էլ հասկանային, որ ես ճիշտ եմ: Այսօր Էմզար Բալաձեն 5-6 հայկական ընկերություններ Վրաստանում ձեւակերպել է որպես իր սեփականություն: Նրանցից մեկին է հաջողվել հետ վերցնել բրենդը եւ դատը շահել, դա էլ այն ժամանակ է եղել, երբ Վրաստանում դեռ կոռուպցիան ուժ ուներ, իսկ իմ ժամանակ, ցավոք, էլ հնարավոր չէր հարցերն այդ տարբերակով գոնե լուծել: Փաստաբանս ինձ ասաց, որ հնարավոր է զանգերի միջոցով եղանակ փոխել, բնականաբար՝ պետք է զանգեին կշիռ ունեցող մարդիկ: Դիմեցի Վրաստանում Հայաստանի դեսպանին, մի շարք պաշտոնյաների՝ ոչ մեկը չարձագանքեց ու չօգնեց: Ցուցահանդեսի ժամանակ Սերժ Սարգսյանը իմ պատմածից եզրակացրեց, թե Վրաստանում լավ չի, բայց իրականում այնտեղ մաքսային-հարկային համակարգը լրիվ մաքրվել է, կոռուպցիան նվազել է ու այս առումով Վրաստանն իսկապես մեզանից շատ առաջ է»:
Նախագահը, ամենայն հավանականությամբ՝ «Բա ասում էին Վրաստանում լա՜վ է» ասելով, նկատի ուներ մեր խոշոր գործարարներից մեկին՝ Հրանտ Վարդանյանին, որովհետեւ վերջին շրջանում անընդհատ լուրեր էին շրջանառվում, որ նա Հայաստանում իր բիզնեսները պատրաստվում է փակել ու գնալ Վրաստանում աշխատել: Րաֆֆի Մխջյանն այս մասին մեր հարցին ի պատասխան՝ ասաց. «Ես դրա հետ համաձայն չեմ: Մի քանի օր առաջ ՀՀ նախագահը գործարարների համար ընդունելություն էր կազմակերպել, ես հրավիրված էի եւ Հրանտ Վարդանյանին էլ տեսա այնտեղ, ոչ մի գնալու տրամադրություն էլ չուներ: Ես արդեն 10 տարի է՝ Վրաստանի հետ գործեր ունեմ, գիտեմ, որ մի 5-6 տարի առաջ Հրանտ Վարդանյանը Վրաստանում գործարան էր առել ու կազմակերպել էր սիգարետի արտադրություն, եւ էս վերջերս էլ լսեցի, որ ուզում է քաղցրավենիքների արտադրություն կազմակերպել: Բայց դա չի նշանակում, որ ինքը նեղացել է եւ գնում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել