Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆՔ «ԱՅՈ» ԷԻՆՔ ԱՍԵԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Սեպտեմբեր 24,2011 00:00

20 տարի առաջ տրված մեր քվեն անտեսվել է՝ այս պնդմանս հիմքն այն չէ, ինչ օրերս ասաց սոցիոլոգներից մեկը՝ զանց առնելով հանրահայտ տվյալները, թե ընդամենը 10 հազար մարդ է դեմ քվեարկել անկախությանը: Հանրաքվեի մասնակից 99%-ի քվեն կեղծվել է ըստ բովանդակության, քանի որ մենք «այո» էինք ասել հետեւյալ հարցադրմանը. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ կազմից դուրս»: Մի կողմ թողնենք, որ փոքր պետության իրապես անկախ լինելը բավական հարաբերական հասկացություն է: Ավելի կարեւոր է, որ մեր ընտրությունը հոգուտ ժողովրդավարական պետության էր: Իսկ որ Հայաստանն այդպես էլ այդպիսին չի դառնում՝ հերթական վկայությունը ստացանք հենց 20-ամյակի տոնակատարության օրը, երբ ոստիկանները թույլ չտվեցին 12 հոգու իրականացնել Սահմանադրության 25-րդ հոդվածով երաշխավորված ազատ տեղաշարժի, 27-րդ հոդվածով երաշխավորված՝ կարծիքն ազատ արտահայտելու եւ 29-րդ հոդվածով երաշխավորված՝ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքները: Լեւոն Բարսեղյանի եւ Արնո Կուռի հայտարարությունից դատելով՝ Անկախության տոնական շքերթին օտար զորամիավորման մասնակցության դեմ իրենց բողոքի քայլերթին խոչընդոտելը Ոստիկանության Կենտրոն բաժնի պետի տեղակալն այսպես էր պատճառաբանել, թե վերեւներում իրենցից խելացի մարդիկ կան, որոնք գտել են, թե լավ կլինի, որ չկայանա այդ երթը: Որ սա իրոք քաղաքական որոշում էր, այլ ոչ ոստիկանների ինքնագործունեությունը՝ ապացույց դարձան նաեւ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանի արդարացնող պնդումները. «Ոստիկանության գործողությունները նույնիսկ մի քիչ ուշացած են՝ նախապես պետք է իմանային, որ նման գործողություններ արդեն ծրագրավորվել են ու պիտի կատարվեն, ու պրոֆիլակտիկ աշխատանքներ նրանց նկատմամբ իրականացնելով՝ պետք է թույլ չտային, որ գործը հասներ դրան»:
…1989-ի մայիսի 1-ի շքերթը մենք՝ մի խումբ ուսանողներ որոշել էինք օգտագործել քաղաքական ակցիայի համար: Եվ մայրաքաղաքի գլխավոր հրապարակ մտնելով՝ բացեցինք մեր պաստառները: Իմ պաստառի վրա գրված էր. «Մեր տունը մե՛նք պիտի կառուցենք»: Հետահայաց հասկանում եմ, թե, շա՜տ մեղմ ասած, սխալ էր բողոքելը, որ երկրաշարժից ավերված գոտին վերականգնվում է արտերկրի միջոցով: Նույն կերպ նաեւ վիճահարույց էր 1987-ի հոկտեմբերին բնապահպանական քայլերթի ժամանակ իմ պաստառը՝ «Փակե՛լ բոլոր քիմիական գործարանները»: Հայտնի խոսք է՝ նրանք, ովքեր երիտասարդ տարիքում հեղափոխական չեն՝ սիրտ չունեն: Ու խելք ունեցողներն այդ պաստառների վրա շատ-շատ կարող էին ծիծաղել: Բայց մայիսյան այդ շքերթի ժամանակ քաղկոմի ինչ-որ հրահանգիչներ հարձակվեցին ու սկսեցին պաստառները պատառոտել ու մեզ քաշքշել: Եվ խնդիրն այն էլ չէ, որ եթե հանգիստ թողնեին անցնեինք հրապարակով՝ հաստատ զգացողություն չէինք ունենա, թե ինչ-որ հերոսական բան ենք արել: Առավել էականը հետեւյալն է՝ ի՞նչ է փոխվել 20 տարի անց այս առումով, եւ ի՞նչ տարբերություն որեւէ այլ կարծիք հանդուրժել չկարողացող խորհրդային իշխանության եւ Հայաստանի միջեւ, որը ԽՍՀՄ կազմից դուրս պետք է լիներ ժողովրդավարակա՛ն պետություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել