Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԲՌՆԵ՞Ն

Սեպտեմբեր 24,2011 00:00

\"\"ՀԱԿ-ը պնդում է, որ իշխանական բուրգը նորից է ճաքել

Հայաստանի բնակչությունը փոքր-ինչ անսացել էր նախորդ հանրահավաքում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդների հնչեցրած՝ հաջորդիվ բազմահազարանոց հանրահավաքներ անցկացնելու կոչերին: Փոքր-ինչ, քանի որ Ազատության հրապարակում ՀԱԿ-ի անցկացրած երեկվա հանրահավաքը փոքր-ինչ ավելի բազմամարդ էր նախորդից, սակայն ոչ այնքան բազմամարդ, որ «աննախադեպ» կամ «հուժկու» որակվեր: Ավելին, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթի ավարտին ասաց. «Ես ձեզ հետ եղբայրաբար եմ խոսել, հավասարը հավասարի հետ. առաջին անգամն է, որ ոչ թե խնդրում՝ ուզում եմ ձեզ մի բան հանձնարարել, դա լինելու է ձեր քննությունը՝ ձեզանից յուրաքանչյուրը հաջորդ հանրահավաքին իր հետ բերելու է առնվազն հինգ մարդ: Արեք այդ բանը, եւ դուք կհասնեք ձեր բոլոր նպատակներին»: Իսկ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին: Առաջին նախագահի երեկվա ելույթի մեխը, թերեւս, Արեւմուտքին ուղղած «մեսիջն» էր: Մինչ հիմնական եզրակացությունը՝ Տեր-Պետրոսյանը դարձյալ ծավալուն անդրադարձ կատարեց «Վիկիլիքս» կայքի բացահայտումներին, արձանագրեց, որ ԱՄՆ-ը եւ Եվրոպան մշտապես լավատեղյակ են եղել հայաստանյան իրավիճակից, եւ հայտարարեց, որ դա բարոյական պարտականություն է դնում Արեւմուտքի վրա՝ այլեւս թույլ չտալ Հայաստանի իշխանություններին ցինիկաբար սահմանափակելու ժողովրդավարական ազատությունները, ոտնահարելու մարդու իրավունքները, անպատիժ կերպով կողոպտելու ազգային հարստությունները, առավել եւս՝ բռնություններ գործադրելու սեփական ժողովրդի նկատմամբ. «Դա պետք է անեն հիմա՝ ոչ թե ուշացած, ինչպես Եգիպտոսում, Լիբիայում, Թունիսում: Հիմա պետք է անեն, որովհետեւ իրենք էլ իրենց մեղքի բաժինն ունեն այս իրավիճակի համար»:
Բայց անկախ Արեւմուտքի վերաբերմունքից, ըստ բանախոսի, հայ ժողովուրդը որեւէ կերպ մտադիր չէ հաշտվել «սեփական երկրում ոչ օրինակարգ, հանցագործ, անբարեկիրթ, ամբարտավան իշխանություն ունենալու մտքի հետ»: Առաջին նախագահը նաեւ հայտարարեց՝ քանի որ իշխանությունը հասկանում է միայն ճնշումների լեզուն, ՀԱԿ-ը այսուհետ պետք է ավելացնի ճնշումները՝ առավել հաճախակի ու մարդաշատ հանրահավաքների, ինչպես նաեւ զանգվածային այլ միջոցառումների միջոցով ստիպի իշխանություններին կատարելու իր պահանջները՝ մինչեւ տարեվերջ արտահերթ ընտրությունների անցկացում, փոփոխություններ «Ընտրական օրենսգրքում», առաջիկա երեք ամիսների ընթացքում բացահայտել 2008-ի մարտի 1-ի 10 սպանությունները եւ քրեական հետապնդում սկսել դրանց պատասխանատուների նկատմամբ, ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին եւ կարճել ՀԱԿ-ի 7 երիտասարդ ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործը:
Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ, թերեւս առաջին անգամ իր ելույթում, գլոբալ հարցերից անցավ նաեւ առավել երեւանյան խնդիրների՝ վերացնել Երեւանում փողոցային առեւտրի վրա դրված անօրինական արգելքը, չեղյալ հայտարարել Երեւանում տեղադրված կրպակների ապամոնտաժման վերաբերյալ ընդունած որոշումը, դադարեցնել մայրաքաղաքի ճարտարապետական նկարագրի այլանդակումը եւ արգելել Երեւանի կենտրոնում բարձրահարկ շենքերի կառուցումը: Ի դեպ, այս եւ ՀՀ-ում օտարալեզու դպրոցների հարցն առաջին նախագահը կարեւորեց հատկապես, քանի որ եթե իշխանությունների մինչ օրս կատարած քայլերն, ըստ նրա, մեր մարմինն էին ոչնչացնում, այս երկու հարցերը մեր ոգին են ոչնչացնում: Նա առաջարկում է նաեւ քաղաքակիրթ երկրներին հարիր օրենք ընդունել եւ օրենքով արգելել բարձրաստիճան պետական պաշտոնյաների, ԱԺ պատգամավորների, ՏԻՄ մարմինների կողմից մամուլի միջոցների եւ լրագրողների դեմ դատական հետապնդումների պրակտիկան: Այդ առումով մամուլի միջոցների եւ լրագրողների դեմ այսօր տեղի ունեցողը նա խայտառակություն որակեց: Տեր-Պետրոսյանը նաեւ հայտարարեց, որ ՀԱԿ-ը երբեք մաքսիմալիստ չի եղել, այսօր էլ մաքսիմալիստ չէ եւ պատրաստ է լրջորեն վերաբերվել այդ առթիվ իշխանությունների առաջարկած ցանկացած ողջամիտ փոխզիջման. «Խնդրում եմ, ուշադրություն դարձրեք՝ ողջամիտ. մեզ դատարկ, մանր-մունր զիջումները չեն հետաքրքրում»: Նա վերահաստատեց նախորդ ելույթներում հնչեցրած իր համոզմունքը, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի քաղաքական ճգնաժամի հաղթահարման հարցում լուրջ բեկում կամ վերջնական հստակեցում է տեղի ունենալու, եւ ասաց, որ այս պնդման հավաստիացումն արդեն կլինի հաջորդ հանրահավաքում:
ՀԱԿ-ի հանրահավաքում երեկ ելույթ ունեցած ՀԱԿ-ի անդամ կուսակցությունների առաջնորդները, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, հանրահավաքը վարող Նիկոլ Փաշինյանը դարձյալ անդրադարձան 2008-ից ի վեր առկա եւ խորացող խնդիրներին, ներկաներին կոչ արեցին չհուսահատվել, շարունակել պայքարը, քանի որ տրամաբանական ավարտն արդեն մոտենում է: Այդ բոցաշունչ եւ ոգեւորող ելույթների ընթացքում ԼՂՀ-ում առաջին զոհի մայրը՝ տիկին Փառանձեմը, հարթակում այրեց Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի նկարները: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն էլ ցուցադրեց մի քանի տասնյակ կուսակցական տոմսեր, ասաց, որ նախորդ հանրահավաքից հետո, երբ Տեր-Պետրոսյանը հայտարարեց՝ «սկսել ա», հանրապետականները՝ ի նշան ՀԱԿ-ի հետ համերաշխության եւ ի բողոք ընդդեմ այն մարդկանց, ովքեր իրենց ստիպել են մտնել այդ կուսակցություն՝ Անդրանիկ Մարգարյանի եւ Սերժ Սարգսյանի, իրենց կուստոմսերն են հանձնել ՀԱԿ-ին: Մանուկյանը խոստացավ, որ այդ մարդկանց գաղտնիությունը, անվտանգությունը կապահովվի, եւ հայտարարեց՝ «ծաղկազարդ կուսակցության, «ծ»-ով «Օրինաց երկրի», ՀՀԿ-ի կուստոմսերի հանձնումը շարունակվում է», ու դիմեց Սերժ Սարգսյանին՝ «Սա՞ է քո ստորագրության արժեքը, սա՞ է այն արժեքը, որ կիլոմետրերով վաստակավորի կոչում է տալիս, տոննաներով պղծում ես Մեսրոպ Մաշտոցի անունը. գալու է ժամանակը, եւ էդ բոլորը երեսիդ են շպրտելու, որովհետեւ այդ ամենը կեղծ է, ստիպված է, մարդկանց վախեցրել են, շատերին իրենք են փող տվել, որ մտնեն ՀՀԿ: Իշխանության ճաքը գնաց, եւ այն առաջիկա օրերին կլայնանա ու կխորանա»: Արամ Մանուկյանի ելույթը ոչ հեռավոր անցյալից՝ 1998-ից հիշողություններ արթնացրեց, երբ ընդամենը մի քանի ժամերի ընթացքում «քաղաքական առնետավազք» սկսվեց, եւ ԱԺ ամենամեծ՝ «Հանրապետություն» խմբակցության գրեթե ողջ կազմը դարձավ «Երկրապահ»: Հետագա զարգացումներն ու կյանքը ցույց տվեցին, որ իշխանության օղակներում լուրջ դերակատարումներ վստահվեցին հենց այն անձանց, ովքեր «ժամանակին դավաճանելը դավաճանություն չէ, այլ կանխատեսում» տրամաբանությամբ շատ արագ կողմնորոշվել էին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել