Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԴԱՆ ՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ Է

Սեպտեմբեր 24,2011 00:00

Իսկ թե ովքեր են դրա անդամները՝ պարզ կդառնա առաջիկայում

\"\"

Երեկ, վաղ առավոտյան, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ տվյալներն իրացնելիս հիշյալ վարչության եւ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, ինչպես նաեւ Երեւանի վարչության եւ նրա ստորաբաժանումների ոստիկանները համատեղ լայնածավալ գործողություն են իրականացրել, որի արդյունքում վնասազերծվել են վերջին ամիսներին Երեւան քաղաքում նախկին պաշտոնյաների եւ գործարարների բնակարանների վրա ավազակային հարձակումներ գործած, կազմակերպված հանցավոր խմբի զինված անդամները: Իրավապահները հետապնդել են հանցագործության մեջ կասկածվող խմբին, որի անդամները սեւ գույնի «Մերսեդես» մակնիշի 60 OO 086 համարանիշի մեքենայով փախուստի են դիմել, բայց բախվել են փողոցի սյանն ու արգելակել: Հանցագործության մեջ կասկածվողները դուրս են նետվել մեքենայից եւ փորձել են փախուստի դիմել, որը, սակայն, կանխվել է: Նրանցից երկուսին, որոնք նաեւ դիմադրություն են ցույց տվել, հաջողվել է բռնել ու բերման ենթարկել, իսկ երրորդը՝ «Եթիմ» մականունով 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը, փորձել է փախչել Մյասնիկյան պողոտայի երկայնքով ձգվող ժայռով, բայց վայր է ընկել եւ մահացել: Ի դեպ, նա Ռուսաստանում կատարած ավազակային հարձակման մեղադրանքով 9 տարվա ազատազրկման էր ենթարկվել եւ պատիժը մինչեւ անցյալ տարի կրել էր եւ «վաղաժամկետ պայմանականով» ազատ էր արձակվել «Էրեբունի» ՔԿՀ-ից:
Ավազակախմբի վնասազերծումից հետո էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, թե հանցավոր խմբում ընդգրկված են նաեւ պետական պաշտոնյաների զավակները: Նշվում էին, մասնավորապես, ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդու՝ Նշան Մաթեւոսյանի, ՊՆ քննչական վարչության բարձրաստիճան մի քննիչի, նաեւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի զավակների անունները: Նրանք բոլորն էլ, իհարկե, հերքել են այդ ծանր հանցագործությանն իրենց որդիների առնչությունն ու բերման ենթարկելու մասին տեղեկությունը, բայց նրանցից մեկի՝ Մարսել Մաթեւոսյանի որդուն, որը սովորում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում ու Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում պրակտիկա է անցնում, պարզվեց, որ, այնուամենայնիվ, բերման են ենթարկել: Ոստիկանությունն ու Գլխավոր դատախազությունը պնդում են, թե նա, ի թիվս այլ անձանց, բերման է ենթարկվել Երեւանի պետական համալսարանի մոտակայքից՝ մի շարք մեքենաների պատկանելությունը ճշտելու ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում:
Բերման է ենթարկվել 13 անձ, բայց ոստիկանությանը մոտ կանգնած «Առավոտի» աղբյուրների ասելով, դա բանդայի անդամների ամբողջական ցանկը չէ, եւ ենթադրյալ մյուս մասնակիցներին ի հայտ բերելու ուղղությամբ օպերատիվ-որոնողական աշխատանքները շարունակվելու են: Ոստիկանությանը մոտ կանգնած այլ աղբյուրներ, սակայն, նշում են, որ խումբը բաղկացած է եղել 7 հոգուց, իսկ բերման ենթարկվածներից 6-ը նրանց հետ միայն անուղղակի առնչություններ ունեցող մարդիկ են: Ի դեպ, «Առավոտի» հետ զրույցում դեռ մի քանի օր առաջ ոստիկանության մի բարձրաստիճան ներկայացուցիչ նշում էր, թե ոստիկանությունն ակտիվորեն զբաղված է ավազակախմբի հայտնաբերմամբ՝ հավելելով, որ հիմնավոր կասկածներ կան, թե խմբում հնարավոր է ներգրավված լինեն նաեւ ոստիկանության ներկա կամ նախկին աշխատակիցներ: Երեկ այս տեղեկությունները փորձեցինք ճշտել: Ըստ ոչ պաշտոնական տեղեկության, խմբում կան ԱԱԾ եւ ոստիկանության նախկին աշխատակիցներ:
Իսկ երեկ ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ խուզարկություններ են անցկացրել կասկածյալների կացարաններում, որտեղ հայտնաբերվել եւ առգրավվել են մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք, հանցագործության գործիքներ: Օպերատիվ մի խումբ էլ Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակարաններից մեկում, որը վարձակալել էին բանդայի անդամները, հայտնաբերել է մեծ քանակությամբ գումար, նաեւ հանցագործներից մեկի անձնագիրը: Առայժմ պարզվել է, որ հանցավոր խմբավորումը, որն, ըստ ամենայնի, շատ լավ կազմակերպված է գործել, Երեւան քաղաքի տարբեր ծայրամասերում բնակարաններ է վարձակալել եւ հաճախ տեղից տեղ տեղափոխվել՝ հետքերը կորցնելու նպատակով: «Առավոտի» տեղեկություններով, նույն բնակարանում իրավապահները հայտնաբերել են նաեւ 9-11 անձի անունների, հասցեների եւ հեռախոսահամարների ցուցակ: Ըստ որոշ տեղեկությունների, ցուցակում եղել են մասնավորապես նաեւ պատգամավորների եւ գործարարների անուններ: Թե արդյոք դրանք հանցախմբի զոհերը կամ պոտենցիալ զոհերն են եղել՝ ճշտել չհաջողվեց: Հիշեցնենք միայն, որ ոստիկաններն ավելի վաղ հայտարարել էին, թե իրենք օպերատիվ տեղեկություններ են ունեցել ավազակախմբի կողմից պատրաստվող նոր հանցագործության մասին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ առայժմ ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» եւ «ապօրինի զենք-ռազմամթերք կրելը, պահելը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել