Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՑԱԾՆ ԱՄՐԱՊՆԴԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Սեպտեմբեր 23,2011 00:00

\"\"Անկախության 20-ամյակին ընդառաջ՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը լավագույն նվերը մատուցեց հայ երկրպագուին. անկախ Հայաստանի 20 տարիների լավագույն ընտրական փուլը… Այդ մասին կարելի է փաստել, երբ մրցաշարի ավարտին դեռ երկու տուր է մնացել: Ու նաեւ՝ միանշանակ կարելի է ասել, որ մեր հավաքականի կատարմամբ սեպտեմբերյան ֆուտբոլային հրավառությունից հետո Հայաստանը ֆուտբոլով ու հույսերով է ապրում: Դրա վառ ապացույցն են ՖԻՖԱ-ի սեպտեմբերյան վարկանիշային աղյուսակում ամբողջ 27 աստիճան վերելքը եւ պատմության մեջ առաջին անգամ աշխարհի 50 ուժեղագույն հավաքականների մեջ մեր զբաղեցրած 44-րդ հորիզոնականը եւ հոկտեմբերի 7-ին Երեւանում կայանալիք Հայաստան-Մակեդոնիա խաղի տոմսերի կայծակնային սպառումը…
Ֆուտբոլը, ինչպես գաղափարը, տիրում է մասսաներին՝ ժամանակին ասել է հայտնի մի երգիծաբան… Եվ իսկապես. տիրում է, երբ պարարտ հող կա, երբ կա դրականի ու հաղթանակի կարիք, ինչ-որ գաղափարի շուրջ ազգովի համախմբված լինելու պահանջմունք: Այս ամենն էլ, անշուշտ, ի վիճակի է հաղթանակ ծնելու: Սակայն միայն այն պարագայում, երբ ամեն ինչ հավասարակշռված է: Իսկ մեզ մոտ, կարելի է ասել, դեռ քաոս է՝ էյֆորիայից ծնված: Սեպտեմբերյան հաղթանակներից հետո հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը «Առավոտի» հետ զրույցում հատուկ շեշտեց, որ կարեւորը հենց էյֆորիայի մեջ չընկնելն է, քանի որ մեր հավաքականը կայացման ճանապարհին է դեռ: Բայց քաոսը (հասկանալի ոգեւորությունը) մնում է, ու շատ-շատերը՝ արդեն ճամպրուկային տրամադրությամբ եւ մտովի, Ուկրաինայում ու Լեհաստանում սպասում են Իռլանդիայի ընտրանու հետ վերջին տուրի «որոշիչ» խաղին: Մինչդեռ, Իռլանդիայից առաջ մեզ մակեդոնական փորձությունն է սպասում՝ մրցաշարային աղյուսակով հետնապահ, բայց բավական ամուր կորիզ համարվող մի հավաքական, որի հետ ոչ-ոքին անցած սեպտեմբերին ոչ միայն մեր սխալի արդյունքն էր, այլեւ՝ իրենց համառության ու ջանքերի: Ու այսօր մեր ֆուտբոլիստներին առաջին հերթին հենց այդ հանդիպմանն է պետք տրամադրվել՝ մոռանալով Իռլանդիան, Տրապատոնիին, նրանցից կրած 0:1 հաշվով պարտությունը, սեպտեմբերյան հաղթանակներն ու գոլային շքերթը՝ ամեն-ամեն ինչ…
Մակեդոնիայի ընտրանու հետ հանդիպումը ամենաիսկական լակմուսի թուղթ է՝ մերոնց ֆունկցիոնալ ու, ամենակարեւորը, հոգեբանական ներուժը պարզելու: Առաջին անգամ չէ, որ լայնամասշտաբ ճնշման ալիք է հորդում հավաքականի ուղղությամբ. «Հրամայված է հաղթել, ներում-բեկում չկա»՝ ֆուտբոլասերների մեծաթիվ բանակի բազմախոս լոզունգով… Այդպես էր Թուրքիայի ընտրանու հետ խաղերից առաջ, այդ նույն մթնոլորտն էր տիրում Ռուսաստանի հավաքականի խաղին նախորդող փուլում ու երկու դեպքերում էլ խաղադաշտ մտան ոչ թե ոգեւորության ալիքին գտնվող, այլ՝ էմոցիոնալ «վառված» ֆուտբոլիստներ… Այդպես է լինում այն ժամանակ, երբ սպասելիքները նոր-նոր կայացման, հասունացման փուլում գտնվող օրգանիզմից անգրագետ են ձեւակերպվում՝ չափի, ձեւի, բովանդակության ու մատուցման տեսանկյունից: Այսօր մեր ֆուտբոլասեր հասարակությունն ու լրագրողական հանրությունը նման վտանգի են ենթարկում թե իրենց ու թե հավաքականին: Մինչդեռ, բոլորիցս առայժմ պահանջվում է հատկապես հոկտեմբերի սկզբներին հանգիստ թողնել հավաքականի մարզիչներին ու ֆուտբոլիստներին, որպեսզի նրանք զբաղվեն իրենց գործով եւ աջակցենք նրանց բացառապես մարզադաշտում… Զարգացման հաջորդ փուլի հրամայականը կձեւակերպենք հետո. այժմ անցածը ամրապնդելու ժամանակն է…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930