Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԶՈԽԻԶՄԻՑ ՕԳՈՒՏ ՉԿԱ

Սեպտեմբեր 23,2011 00:00

\"\"ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ կազմակերպված գլխավոր միջոցառումը իսկապես ճաշակով էր եւ առաջին անգամ զերծ՝ քյաբաբախորովածային միտումներից: Ինչ վերաբերում է զորահանդեսին, այն եւս տպավորիչ էր: Զորահանդեսին առաջին անգամ մասնակցեց նաեւ ՀՀ զինված ուժերում հոգեւոր սպասավորություն իրականացնող շուրջ 40 հոգեւորական, ինչը սոցիալական ցանցերում բուռն ու բացասական արձագանքի արժանացավ: Ոմանց կողմից դա նույնիսկ խայտառակություն ու խեղկատակություն որակվեց: Իմ կարծիքով՝ հոգեւոր դասի քայլերթի մեջ որեւէ ոչ արժանապատիվ բան չկա, ընդհակառակը՝ գեղեցիկ եւ հուզիչ գաղափար էր: Գուցե շատերի մոտ դա ասոցացվի «իմ սեւ սիրտ՝ ձեր վարդագույն…» հայտնի պատմության հետ, բայց մի բան պարզ է՝ չարություն «արտազատելուց» ու ամեն ինչ ջնջելուց Հայաստանն ավելի լավը չի դառնալու: Փաստ է, որ ամեն ինչ կատարյալ չէ մեր երկրում, բայց գոնե Անկախության տոնին չարժե շարունակել ավանդական մազոխիզմը եւ սեփական աչքի գերանը թողած ուրիշի փուշը վկայակոչել: Ֆեյսբուքյան քննարկման մի մասնակից, ով նույնպես խայտառակություն է որակել հոգեւորականների՝ զինվորների նման քայլելը, գրել է՝ «…պետք է զգաստ քայլեն Հովիկ Աբրահամյանի՞, Արմեն Գեւորգյանի՞, Սերժ Սարգսյանի՞ ու մյուս պաշտոնյաների առջեւ»: Կարծում եմ՝ պետք չէ անձնավորել, ի վերջո Անխակությունը, Հայրենիքն ու Հայաստանը համազգային են եւ որեւէ ժամանակավոր պաշտոնյայի սեփականությունը չեն: Մի բան եւս՝ չմոռանանք զինվորների կողքին եղած հայ հոգեւորականներին: Արցախյան պատերազմը դեռ թարմ է, եւ Պարգեւ սրբազանն ու մյուս հոգեւորականները հրաշալի օրինակ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել