Լրահոս
Օրվա լրահոսը

Գրողի կյանքը կփրկվի

Սեպտեմբեր 23,2011 00:00

\"\"Բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի առողջության վերականգնման համար անհրաժեշտ գումարն արդեն հավաքվել է՝ $50 000: Այս մասին երեկ լրագրողներին հայտնեցին Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, գրողներ Գուրգեն Խանջյանը եւ Հասմիկ Խեչիկյանը: Լեւոն Անանյանը պատմում է, որ Հովհաննես Գրիգորյանի առողջական տագնապալի վիճակի մասին տեղեկացել են մեկ ամիս առաջ, որից անմիջապես հետո ծագել է առողջության վերականգնման համար անհրաժեշտ գումարի հանգանակության խնդիրը: «Առաջինը մտահոգվեցին երիտասարդ գրողները եւ սկսեցին մի քանի ակցիաներ անել, որոնք այդքան մեծ ֆինանսներ չբերեցին, բայց ինքնաբուխ էր: Կար այն հավատը, որ ժողովրդի մեջ մնում է սերը գրքի, գրականության հանդեպ: Մանավանդ գիտենք, որ մեր մեծահարուստները նախադեպ են տվել. էս մեր հայկական գերաստղերին, մարզիկներին էլիտար բնակարաններ են նվիրում, արտասահմանյան մեքենաներ եւ այլն»,- ասում է Լեւոն Անանյանը եւ նշում, որ գրողի կյանքը փրկելու համար սկսված այս շարժումն էլ մի յուրօրինակ փորձաքար էր՝ ճշգրտելու գրողի դերը հասարակության կյանքում: Հուրախություն բոլորի՝ պետական այրերը նույնպես միացան «շարժմանը»՝ Հովիկ Աբրահամյանը իր մեկ ամսվա աշխատավարձը տրամադրեց, կառավարությունը՝ հանձին վարչապետի, 1 000 000 դրամ նվիրաբերեց, Ռուսաստանի հայերի միության եւ Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը $11 000  նվիրաբերեց, օրերս էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ավելացրեց պակասող գումարը՝ $10 000: Երեկ էլ՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում   բարեգործական համերգով եւ Համազգային թատրոնում ներկայացմամբ ավարտեցին Հովհաննես Գրիգորյանի կյանքը փրկելու համար գումարի հանգանակությունը: Գրող Գուրգեն Խանջյանն էլ է ուրախացել՝ տեսնելով, թե ինչպես երիտասարդ գրողներն իրենց «չնչին» հոնորարները փոխանցում են գրողի կյանքի փրկության համար ստեղծված հիմնադրամին:  «Ոչ ուրախալի առիթով մենք իմացանք, որ ժողովուրդը սիրում եւ հարգում է իր գրողին: Նրա պոեզիայից է գալիս, թարմ է, չի հնանում, հետեւորդներ ունի»,- ասում է նա:  «Երեկ մի կույր տղամարդ, շոշափելով աստիճանների բազրիքները, հազիվ բարձրացավ միություն եւ ասաց՝ ես եկել եմ բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի բուժման համար իմ ներդրումն անել,- պատմում է Լեւոն Անանյանը,- այս ամենը մենք կարեւոր  վերազարթոնք ենք  համարում եւ սա մեզ մղում է դեպի գրականություն, մշակույթ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել