Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏԻ ԿԱՐԳԻՆ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՄԵԿԸ

Սեպտեմբեր 23,2011 00:00

\"\"Օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը մշակութային օջախը ղեկավարում է առանց ցնցումների

Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Կամո Հովհաննիսյանի ծննդյան օրն է: Քչերին է հայտնի, որ վարչական աշխատանքին զուգահեռ, նա արդեն 45 տարի զբաղվում է նաեւ մանկավարժական գործունեությամբ:
Կ. Հովհաննիսյանը Օպերային թատրոնի կառավարումը ստանձնեց 1998թ., այն ժամանակ, երբ շուրջ 700 աշխատող ունեցող մշակութային այս օջախը հայտնվել էր փակուղային վիճակում. ավերվել էր խաղացանկը, կտրվել կապը հանդիսատեսի հետ, հեռացել էին մի շարք առաջատար մենակատարներ… Հեշտ չէր վերականգնել այն ամենը, ինչը ստեղծվել էր տասնամյակների ընթացքում, մանավանդ վերջին շրջանում, երբ թատրոնն աշխատում է առանց գեղարվեստական ղեկավարի, հետեւաբար տնօրենը լուծում է նաեւ ստեղծագործական հարցեր: Կ. Հովհաննիսյանին հաջողվեց «խախտել» ստեղծված վիճակը եւ մտածել թատրոնի արդիականացման մասին, գտնելով միջոցներ՝ ապահովելու թատրոնի բնականոն աշխատանքը: Ասվածի ապացույցն են վերջին տարիներին Ա. Խաչատրյանի «Սպարտակ», Վերդիի «Աիդա», Հարությունյանի «Սայաթ-Նովա», Տ. Չուխաջյանի «Արշակ Երկրորդ», Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» բեմադրությունները: Իհարկե, դրանցից բոլորը չէ, որ բարձրակարգ էին, բայց կարեւորն այն է, որ Կ. Հովհաննիսյանը, համագործակցելով թատրոնի գեղարվեստական խորհրդի հետ, կարողացավ ձեւավորել եւ խաղացանկ, եւ ինքնադրսեւորվելու հնարավորություն տալ ստեղծագործական խմբերին: Ողջունելի է այն հանգամանքը, որ թատրոնի ազդագրերին հայտնվեցին այնպիսի բեմադրիչների անուններ, ինչպիսիք են Յուրի Գրիգորովիչը, Մարիո Կորրադին եւ այլք:
Մանկավարժ Կամո Հովհաննիսյանը երաժշտական դպրոցում, ապա կոնսերվատորիայում աշխատում է ճիշտ նույն ռիթմով, ինչպես թատրոնում: Դրանում համոզվեցինք՝ զրուցելով նրա սաներից ոմանց հետ: Օրինակ, նախկինում ջութակահարուհի, այժմ օպերային թատրոնի մեներգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Մագդա Մկրտչյանը վստահեցրեց, որ իր ղեկավարը ճիշտ նույն նվիրվածությամբ էր աշխատում ինչպես դպրոցում, այնպես էլ թատրոնում, որ նա էությամբ հոգատար է, սակայն որքան բարի, այնքան էլ խստապահանջ է:
Հոբելյանի առիթով հիշեցինք Կ. Հովհաննիսյանի հասցեին ժամանակին Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի արտահայտած միտքը, թե Կամո Հովհաննիսյանը մեր թատերարվեստի ամենակարգին մարդկանցից մեկն է. «Ամենաբարդ իրավիճակներում էլ հանգիստ է, առանց ավելորդությունների, առանց միտինգային բողոքների ղեկավարում է իսկապես ամենաբարդ մշակութային օջախը…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930