Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուրերի կեսը տեղ չհասավ

Սեպտեմբեր 23,2011 00:00

Հայաստանի անկախության օրը Կապանում 40-ամյա Արմինե Սարգսյանն ունեցավ իր առաջնեկին՝ Սառային: Մինչ քաղաքում տոնական միջոցառումներ էին անցկացվում, ծնվեց եւս երկու երեխա՝ մեկ աղջիկ, մեկ տղա: Հայաստանի Երրորդ Հանրապետության ծննդյան օրը երեք երեխա էլ ծնվեց Գորիսում:
Այս ուրախալի ծնունդների ֆոնին չէր նայվում տոնական միջոցառումների ավարտ հանդիսավոր նիստի՝ պետական պարգեւների հանձնման արարողության ու համերգի անկազմակերպ բնույթը: Դահլիճի գերակշիռ մասը ցածր դասարանների երեխաներ էին, որոնք ոչ միայն իրենց աղմուկով ու անվերջ անցուդարձով խանգարում էին ընթացքը (երեխաները եկել էին համերգի, նրանց հետաքրքիր չէր նիստը), այլեւ ստացվել էր այնպես, որ մարզի տարբեր տարածաշրջանի հյուրերին նստելու տեղ չէր մնացել: Տոնական պարգեւները Կապան էր բերել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: «Անանիա Շիրակացի» մեդալով պարգեւատրվեցին «Կապանի մեքենաշինական գործարան» ԲԲԸ գործադիր տնօրեն Համլետ Ալեքսանյանը, «Մեղրիի պահածոների գործարան» ՓԲԸ գործադիր տնօրեն Գրիշա Գրիգորյանը, Բռնակոթի, Խնձորեսկի, Հարթաշենի գյուղապետերը, «ԶԺՔՏ» ՓԲԸ հարստացուցիչ ֆաբրիկայի գլխավոր էներգետիկ Արտակ Ավետիսյանը, ընկերության լեռնային արտադրամասի հորատող հաստոցի մեքենավար Արայիկ Հարությունյանը: «Մովսես Խորենացի» մեդալով պարգեւատրվեց Սիսիանի Ադոնցի անվան պատմության թանգարանի տնօրեն Ծովինար Պետրոսյանը, «Մխիթար Հերացի» մեդալով՝ Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրեն Արտյոմ Թադեւոսյանը, Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Սմբատ Օրբելյանը, Քաջարանի բժշկական կենտրոնի բուժքույր Գալյա Խաչատրյանը: Իսկ Արծվանիկ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Կարո Անդրեասյանը եւ Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Սվետլանա Ավագյանն արժանացան վաստակավոր մանկավարժի կոչման: Վաստակավոր արտիստի կոչում ստացավ Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, ռեժիսոր Սերժիկ Սայունցը:
Նիստի ավարտից հետո «տոնական» համերգ պիտի լիներ, սակայն համերգին մասնակցելու համար մայրաքաղաքից Կապան հրավիրված հյուրերի մի մասը Կապան չէր հասել: Կապանցիներին մնաց մխիթարվել նրանով, որ խոստացված հրավառությունը եղավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել