«Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» հասարակական պարսավանքի ու խրախուսման նոր գործիք է ստեղծել:
Երեկվանից բոլորին հասանելի է www.givemeinfo.am կայքը, որի ստեղծման նպատակն է հանրության սեփականություն դարձնել պետական, համայնքային իշխանությունների, հանրային նշանակության հաստատությունների եւ տեղեկատվություն տնօրինող այլ մարմինների տեղեկատվության ազատության ոլորտում աշխատանքի որակը: Նախաձեռնության հեղինակը «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունն է, ծրագիրը ֆինանսավորել են ԵԱՀԿ Երեւանի գրասենյակն ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը:
ԻԱԿ-ը արդեն 8 տարի անցկացնում է «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» տեղեկատվության ազատության մրցանակաբաշխությունները, հրապարակում «սեւ ցուցակներ». խրախուսվում են թափանցիկ եւ տեղեկատվության ազատություն ապահոված կառույցները, քննադատվում՝ փակ աշխատածները: Կայքում նույն պատկերն է լինելու: Սակայն, ինչպես ասաց ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը, ցանկացած լրագրող կամ քաղաքացի կարող է կայքում տեղադրել այս կամ այն մարմնին իր արած հարցման պատմությունը՝ երբ է հարցում ուղարկել, ինչ է հարցրել, պատասխան ստացել է, թե ոչ… ԻԱԿ-ը կայքում արդեն տեղադրել է իր 440 հարցումները: Որպեսզի որեւէ մեկը որեւէ կառույցի պատվի հետ խաղալու հնարավորություն չունենա, հարցում տեղադրողը պարտավոր է դրան կցել հարցման օրինակը՝ պատճենը, ու հարցումներն էլ կայքում կերեւան միայն ԻԱԿ-ի մասնագետների ուսումնասիրությունից հետո:
Երեկ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» հրապարակեց նաեւ այս տարվա մայիս-հունիսին իրականացրած տեղեկատվության ազատության մոնիտորինգի արդյունքները: Նման մոնիտորինգ վերջին անգամ անցկացվել էր 7 տարի առաջ: Գրավոր, բանավոր եւ էլեկտրոնային 250 հարցում է ուղարկվել 50 հաստատության՝ նախարարություններ, բոլոր 10 մարզպետարաններ, համայնքապետարաններ, հիվանդանոցներ եւ այլն: Ժամանակին եւ լիարժեք պատասխան է ստացել հարցումների 56 տոկոսը, որը, ըստ ԻԱԿ-ի, լավ ցուցանիշ է: Հարցումների 30,4 տոկոսը՝ 76 հարցում, մնացել է անպատասխան: Երբեմն տեղեկություն ստանալու համար ԻԱԿ-ը դիմում է դատարան: Այդպես եղել է Ելփինի գյուղապետարանի եւ Ստեփանավանի քաղաքապետարանի պարագայում: Այս մոնիտորինգի ժամանակ այս երկու համայնքապետարանները լավագույն արդյունք ցույց տվածների շարքում են: Լավ է աշխատել նաեւ Օշականի գյուղապետարանը: Մարզպետարաններից լավ են աշխատել Կոտայքը, Շիրակը, Սյունիքը, նախարարություններից՝ կրթության եւ գիտության, արդարադատության նախարարությունները:
Աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար 2008 թվականի սեպտեմբերին նոր նախագահ ընտրած Ազգային ժողովը վատերի թվում է. 5 հարցումից երկուսին պատասխանել է մեկ ամիս 16 օր ուշացումով, մեկ հարցման տվել թերի պատասխան, մեկը՝ անհիմն, մեկ էլ՝ լռությամբ մերժել: Իսկ ԻԱԿ-ում հույս ունեն, որ www.givemeinfo.am կայքը կնպաստի տեղեկատվության ազատության ապահովմանն ու գերատեսչությունների թափանցիկ աշխատանքին: