Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՊԵՐ-ԼԻԱԶՈՐԸ՝ ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ԳՈՐԾՈՎ

Սեպտեմբեր 23,2011 00:00

\"\"ՀՔԾ քննիչ Ա. Կարապետյանի վարույթում գտնվող գործն ուղարկվել է  Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքների ընդհանուր իրավասության դատարան:

Մեղադրական եզրակացությունը կազմվել է օգոստոսի 31-ին:
Ոչ մի տեղ չաշխատող 35-ամյա Սերգեյ Տոնոյանը եւ նրա ոստիկան եղբայրը՝ Ստեփանը, ձերբակալվել են այս տարվա մայիսի 26-ին:
Սերգեյ Տոնոյանը մեղադրվում է այն բանի համար, որ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի պատրաստել, վերամշակել, պահել եւ իրացրել է առանձնապես խոշոր չափերի մարիխուանա տեսակի թմրամիջոց:
Ըստ նախաքննության մարմնի, Սերգեյ Տոնոյանը, Սուրեն Խուդավերդյանի, Արմեն Մարտիրոսյանի եւ Նինելլա Իգիթյանի հետ ստեղծել են խումբ եւ Երեւանի Պռոշյան փողոցի թիվ 18 տանը եւ Ալիխանյան փողոցի թիվ 12 շենքի դիմաց գտնվող ապօրինի շինությունում հատուկ սարքավորումների օգտագործմամբ աճեցրել են կանաբիս տեսակի բույս, որը վերամշակելով՝ պատրաստել են մարիխուանա:
Կազմակերպված խմբի անդամ հանդիսացող Ս. Տոնոյանն այն վաճառել է տարբեր անձանց, ինչպես անձամբ, այնպես էլ ընկերուհու՝ Ն. Իգիթյանի միջոցով: Սերգեյը Նինելլային իրացրել է զգալի չափերի թմրամիջոց, որը վերջինս վաճառելու եղանակով 2010թ. օգոստոսից նոյեմբեր ժամանակահատվածում 4 դրվագով իրացրել է Մուշեղ Մկրտչյանին ու նրանից ստացել ընդհանուր՝ 80.000 ՀՀ դրամ գումար: Ս. Տոնոյանն ընկերոջը՝ Վահագն Կարագուլյանին ունեցած 500 ԱՄՆ դոլար պարտքի դիմաց իրացրել է խոշոր չափերի՝ 10 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց: Պարզվել է, որ Ս. Տոնոյանը Երեւանի Արշակունյաց պողոտայի՝ «Սամսոնյան Իշխան» ՍՊԸ-ին պատկանող ավտոլվացման կետի աշխատակից Արսեն Բաշուղյանին 20.000 ՀՀ դրամ գումարի ծառայություն մատուցելու դիմաց իրացրել է 1 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց:
Ի դեպ, 0.1 գրամն Արսեն Բաշուղյանն ինքնակամ ներկայացրել է նախաքննական մարմնին:
Այս տարվա մարտի 11-ին Երեւանի «Ծղոտներ» հյուրանոցային համալիրում նա հյուրասիրելու եղանակով զգալի չափերի մարիխուանա տեսակի թմրամիջոց է իրացրել Ռաիսա Խաչատրյանին:
Ստեփան Տոնոյանը, որը աշխատել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության 1-ին բաժանմունքում՝ որպես օպերլիազոր, նույնպես մեղադրվում է մարիխուանայի իրացման համար:
Լեյտենանտ Ստեփան Տոնոյանը Նինելլա Իգիթյանին հյուրասիրելու եղանակով իրացրել է մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը միասին օգտագործել են՝ ծխելու միջոցով: Ըստ նախաքննության մարմնի, «Ծղոտներ» ռեստորանային համալիրում Ստեփան Տոնոյանը մեկական հաբ մեթիլենդիօքսիմետամֆենամին /էքստազի/ տեսակի թմրամիջոց է իրացրել Նինելլա Իգիթյանին եւ Նելլի Մարգարյանին:
Հետագայում՝ 2011թ. մարտի 11-ին, կրկին «Ծղոտներ» ռեստորանային համալիրում Ստեփան Տոնոյանը հյուրասիրելու եղանակով զգալի չափերի մարիխուանա է իրացրել Ռաիսա Խաչատրյանին, որը միասին օգտագործել են՝ ծխելու միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել