Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՐԳԵՎ ՄԻԱՅՆ «ԶԵՄԼՅԱԿՆԵՐԻ՞Ն»

Սեպտեմբեր 23,2011 00:00

Գյումրիում անկախության 20-ամյակը նշվեց առանց «ավելորդ» ճոխությունների, աղքատիկ մի միջոցառում էր կազմակերպվել Դրամատիկական թատրոնում, երեկոյան մի համերգ էլ կենտրոնական հրապարակում: Թատրոնում կազմակերպված միջոցառման գլխավոր դերակատարները Շիրակի մարզպետ՝ գեներալ Աշոտ Գիզիրյանն ու ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանն էին, որոնք եւ սեփական ձեռքով հուշամեդալներով պարգեւատրում էին, այսպես ասած, արժանի համայնքապետերին, բուժհաստատությունների ու դպրոցների աշխատակիցներին: Միջոցառման կեսից Անիի տարածաշրջանի բոլոր համայնքապետերը մի մարդու պես լքեցին դահլիճը՝ հավաքվելով թատրոնի շենքի դիմաց ու լրագրողներին բողոքելով, որ իրենց զրկել են կառավարական պարգեւներից: «Մի՞թե մեր մեջ մի արժանի համայնքապետ չկար, Անիի տարածաշրջանից քա՞նի հոգի են մասնակցել ղարաբաղյան պատերազմին, ամոթ չէ՞ր, Կարլեն Աբրահամյանը պարգեւատրելուց հիշում է իր զեմլյակներին՝ արթիկցիներին, իսկ հարկ հավաքելուց՝ միայն մեզ»,- դժգոհեցին գյուղապետերը: Նրանց խոսքը Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանի մասին էր: Մենք մարզպետարանի այս պաշտոնյայից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է «Անանիա Շիրակացի» մեդալ ու վարչապետի պատվոգիր ստանալու համար երաշխավորել միայն Արթիկի շրջանի համայնքապետերին: «Անիի տարածաշրջանի գյուղապետերը դեռ չհասկացան, որ Անիի տարածաշրջան գոյություն չունի, կա Շիրակի մարզ, մենք իհարկե հաշվի ենք առել գյուղապետերի կատարած աշխատանքները, ծրագրերը, ստաժը, իսկ Անիից ո՞ւմ ընտրենք, դուք միշտ մասնակցում եք մարզխորհրդի նիստերին, չե՞ք տեսնում նրանց սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը: Մարզպետարանի ֆինանսական վարչության պետ Մամիկոն Մամիկոնյանը հենց սկսում է հաշվետվությունը, Անիի գյուղապետերը ժամերն են հաշվում, թե ե՞րբ պետք է մարզխորհրդի նիստն ավարտվի: Թող կանգնեն ու մեր առաջ ասեն, թե նրանցից ո՞վ է արժանի պարգեւատրման, պատերի տակ խոսելով չէ, ավագանու մի նորմալ որոշում չեն կարող ձեւակերպել, ինչի՞ց են խոսում: Կառավարական պարգեւները հո հենց այնպես չի՞ լինում, երբ կանչում ես մարզպետարան՝ հարցնելով, թե ինչո՞ւ սեփական եկամուտները չեք հավաքագրում, վզերն են ծռում, թե ժողովրդի ձեռքը չկա»,- ասաց մարզպետարանի պաշտոնյան՝ շեշտելով, որ գյուղապետերին կառավարական հանձնաժողովին ներկայացնելիս բացարձակապես հաշվի չեն առել նրանց կուսակցական պատկանելությունը, իսկ Անիի տարածաշրջանի բոլոր համայնքապետերը հանրապետականներ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել