Լրահոս
Օրվա լրահոսը

Տոնական «հիվանդանոց»

Սեպտեմբեր 23,2011 00:00

\"\"ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ նախօրեին՝ վաղ առավոտից Երեւանի Անգլիական այգում իսկական տոնական «հիվանդանոց» էր գործում: «Առողջ երեւանցի» բժշկական ակցիայի շրջանակում փուչիկներով զարդարված բժշկական տաղավարներում Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 25 առողջապահական հաստատությունների ներկայացուցիչներ տրամադրում էին բժշկական անվճար խորհրդատվություն:
«Այստեղ իրականացվում է առաջնային կանխարգելիչ ծառայություն, խորհրդատվություն: Անցած տարի եւս «Երեւանի օրվա» առթիվ կազմակերպվել է նման միջոցառում»,- նշեց Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Արմեն Ուլիխանյանը:
Մի քանի ժամվա ընթացքում 177 քաղաքացի դիմել է մանկաբույժների, սրտաբանների, ակնաբույժների, քիթ-կոկորդ-ականջի մասնագետների (LOR), ներզատաբանների, ինչպես նաեւ օգտվել ուլտրաձայնային հետազոտությունից (սոնոգրաֆիա):
«Այնպիսի հիվանդներ են դիմում, որոնք առհասարակ չեն դիմել պոլիկլինիկա եւ չունեն բժշկական տարրական գիտելիքներ: Նմանատիպ միջոցառումները հնարավորություն են տալիս մեզ ուղղություն ցույց տալ, բացատրել մարդկանց հնարավոր ռիսկերը, որպեսզի տարին գոնե 1 անգամ մարդը հետազոտվի բժշկի կողմից»,- ասում է Սրտաբանության ինստիտուտի բժիշկ-սրտաբան Լաուրա Գալստյանը՝ հավելելով, որ իրենց տաղավար դիմողները հիմնականում գանգատվում են արյան բարձր ճնշումից:
75-ամյա Ռազմիկ Ասլանյանը գիտեր, որ սեպտեմբերի 21-ին կարող է այստեղ ստանալ անվճար բուժօգնություն եւ եկել էր հենց դրա համար. «Բժիշկը չափեց շաքարս ու ճնշումս, երկուսն էլ բարձր էին: Ճնշումս 180 էր. դեղ տվեցին, կարգավորվեց: Այլ դեղեր էլ նշանակեցին, որ հետո խմեմ: Ամենայն անկեղծությամբ շնորհակալ եմ բժիշկների հոգատար վերաբերմունքից»: Բժշկական խորհրդատվություն ստանալուց բացի, կազմակերպվել էր նաեւ առաջին բուժօգնության միջոցառումներ ցուցաբերելու վարժանքներ, որոնց մասնակցում էին նաեւ քաղաքացիները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել