Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԱԼԻԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԹԻԿՆԱՊԱՀԻ ՈՒ ԲԻԶՆԵՍԻ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ՞

Սեպտեմբեր 23,2011 00:00

\"\"Կիրակի օրը Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում  ՏԻՄ ընտրություններ են սպասվում

Մոտ 7000 բնակչություն ունեցող նախընտրական Մարալիկը թերեւս հետաքրքիր է նրանով, որ քաղաքապետի մի թեկնածու ունի՝ գործող քաղաքապետ, 34-ամյա հանրապետական Արտակ Գեւորգյանը: Թեեւ Ընտրական նոր օրենսգրքի համաձայն, մրցակցությունը պարտադիր է, այսինքն՝ մեկ թեկնածուի առկայության դեպքում անընդունելի են առաջադրումները, այդուհանդերձ, այստեղ կարծես թե գտել են ելքը: Մարալիկի սպորտդպրոցի մարզիչ Աղասի Կարապետյանը ձեւականորեն առաջադրել է իր թեկնածությունն ու «մեծահոգաբար» ինքնաբացարկ հայտնել: Որոշ լուրերի համաձայն, նա Արտակ Գեւորգյանի թիկնապահն է: «Առավոտը» Մարալիկի քաղաքապետի միակ թեկնածուից հետաքրքրվեց, թե ինչու է որոշել 3-րդ անգամ առաջադրվել: Նշենք, որ երիտասարդ քաղաքապետը հետաքրքիր կենսագրություն ունի. լրագրողից դարձել է քաղաքապետ, աշխատել է «Շանթ» հեռուստաընկերությունում, նա նաեւ գիտնական է. ավարտել է Գյուղատնտեսական ակադեմիայի ասպիրանտուրան ու գիտական հոդվածներ է գրում: Արտակ Գեւորգյանը իր թեկնածությունը նորից առաջադրելը բացատրեց կիսատ թողած գործերով: «Գիտեք, 7 տարվա գործունեության ընթացքում հաջողություններն ու քաղաքի ձեռքբերումները բավականին շատ են, նաեւ շփումներն ու ունեցած հնարավորությունները, եւ կան ծրագրեր, որոնց սկիզբը դրված է, եւ ծրագիրը 1 օրում չէ, որ կյանքի է կոչվում, պետք է թեւակոխել հաջորդ տարիներ, որպեսզի դրանք դարձնենք հիմնական գործեր: Օրինակ, կոնկրետ ծրագրերից մեկը, որը քաղաքի ցավալի խնդիրներից է՝ Մարալիկ-Քարաբերդ-Ձիթհանքով միջհամայնքային ճանապարհահատվածը կառուցապատելն է, ցավագին խնդիր է նաեւ հիվանդանոցի հետ կապված հարցը, որի լուծումը արդեն իսկ կարելի է ասել՝ կյանքի է կոչված»,- թվարկեց քաղաքապետը: Նա չի համաձայնում Մարալիկում շրջող այն խոսակցություններին, թե իր թիկնապահն իրեն սատարելու համար է առաջադրվել, ապա՝ հանել թեկնածությունը: «Երբեւէ թիկնապահի կարիք չեմ զգացել, չունեմ եւ չեմ պատրաստվում ունենալ, իմ շփումները հասարակության հետ բաց են, ազատ եւ ես որեւէ մեկից պաշտպանվելու կարիք չունեմ»,- ասաց քաղաքապետը՝ մրցակից չունենալը բացատրելով Մարալիկում իր շնորհիվ ձեւավորված միատարր հասարակությամբ: «Պատահական չէ իմ կարգախոսը՝ «Մեր քաղաքը մեր տունն է», բոլոր քաղաքացիներին, ազգաբնակչությանը իմ տան անդամներն եմ համարում, նրանց փորձել եմ ընդունել հարազատի կեցվածքով, բոլորի հոգսը համարել իմը, բոլորի հաջողությունը՝ իմ հաջողությունը, որի պարագայում մենք կարողացել ենք այս դժվարին ու բաժանված իրականության՝ քաղաքական խայտաբղետության մեջ ապահովել այն հնարավորությունները, որ այսօր քաղաքում ոչ թե դիմադիր ու ընդդիմադիր, այլեւ քաղաքը միատարր հասարակություն է ներկայացնում: Չկան ոչ դիմադիր, ոչ ընդդիմադիր կողմնորոշումներ, բոլորը մեր տան անդամներն են, եւ ծառայում են ընդամենը մեկ գործի՝ աշխատում են հանուն քաղաքի զարգացման»,- ասաց Ա. Գեւորգյանը:
Մեր այն դիտարկմանը՝ եթե Մարալիկում հասարակությունն այդքան միատարր է, ինչո՞ւ 3 տարի շարունակ այն դարձել էր ընդդիմադիրների բողոքի կենտրոնը Շիրակում, որին բազմիցս ներկա են եղել նաեւ լրագրողներ եւ, բացի այդ, դժվար չի՞ լինի հանրապետական թեկնածուին ձայներ հավաքել մի տեղանքից, որտեղ ընդդիմադիր գործիչները միշտ իրենց ներկայությունը զգացնել են տալիս: Մեր հարցին ի պատասխան՝ քաղաքապետն ասաց. «Գիտեք ինչ, հարցը հարաբերական կարելի է ընդունել, իրենք ո՞ւմ են ընդդիմադիր, ես հանդես չեմ գալիս միայն որպես հանրապետական թեկնածու, ես ինձանից ներկայացնում եմ անձ՝ Արտակ Գեւորգյան, որը Մարալիկի քաղաքապետն է, եւ իր ունեցած հնարավորությունները ու նաեւ ի թիվս մնացած կուսակցությունների ունեցած հնարավորությունները փորձում է ընդամենը ծառայեցնել 1 կարեւորագույն սկզբունքի՝ քաղաքի զարգացմանը: Այսօր համագործակցությունը ակտիվորեն կա թե՛ ԲՀԿ-ի, թե՛ «Օրինաց երկրի», թե՛ Կոմունիստական կուսակցության հետ, ինչու չէ՝ նաեւ ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների հետ: Ի վերջո, իրենք ունեն գաղափարական տարբերություններ, բայց եթե վերցնենք որպես հասարակություն, Մարալիկի հասարակության մեջ մարդը ոչ թե անձնավորվում է իր կուսակցական պատկանելությամբ, այլ իր ունեցած անձնական հնարավորություններով: Այնպես որ, չփորձենք համայնքը քաղաքականացնել, եւ ձեր նշած ընդդիմադիրներն էլ ինձ հետ ունեն լուրջ միասնություն, բոլորի հետ ջերմագին հարաբերություններ են»,- վստահեցրեց քաղաքապետը: Ինչ վերաբերում է նրա՝ քաղաքապետ եղած ժամանակ ձեռք բերած ունեցվածքին, ապա, ինչպես ինքն է հավաստիացնում, Մարալիկի երիտասարդ քաղաքապետը 7 տարվա ընթացքում նույնիսկ խանութ ձեռք չի բերել: Իսկ շրջանառվող այն լուրերը, թե քաղաքապետը բնակարան է գնել Երեւանում, Մարալիկի մանկապարտեզի հին շենքն էլ սեփականաշնորհել ու առանձնատուն է կառուցել, Ա. Գեւորգյանը դրանք բամբասանքներ է որակում: Նորակառույց տո՞ւն էլ չունեք, մեր հարցին քաղաքապետը պատասխանում է. «Բոլորը սեփականություն ունենալու իրավունք ունեն, այո, ես եւս ունեմ տուն, ապրում եմ Ձերժինսկու 20 բնակարան 8 հասցեում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել