Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

ԶՈՐԱՀԱՆԴԵՍԻՑ ՀԵՏՈ

Սեպտեմբեր 23,2011 00:00

Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը, մեկնաբանելով սեպտեմբերի 18-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հայտարարել է. «Մենք հաստատում ենք մեր աջակցությունը տարածքային ամբողջականությանը, ուժի չկիրառմանը, ինչպես նաեւ այլ հիմնարար սկզբունքներին եւ միջազգային իրավունքի նորմերին։ Ինչպես հայտնի է, Ռուսաստանը չի ճանաչում ԼՂՀ-ն որպես անկախ պետություն։ Կարծում ենք, որ ԼՂ-ում անցկացված ընտրությունները չեն կարող ազդել հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքի վրա»: «Առավոտի» հետ զրույցում ՌԴ-ի այս ցուցադրական քայլը՝ ազգերի ինքնորոշման սկզբունքի ստորադասումը, ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը անակնկալ չհամարեց, բայց, միեւնույն ժամանակ, կարծիք հայտնեց, որ դա լուրջ սպառնալիք է ՀՀ պետական շահին: «Փաստացի հաստատվեց այն մտավախությունը, որ Ռուսաստանը առավել հակված է բավարարել Ադրբեջանի պահանջները՝ ԼՂ հարցում առաջընթաց արձանագրելու եւ հակամարտության գոտում իր ռազմական ներկայությունը երաշխավորելու համար: Սա լրջագույն մարտահրավեր է հայ ժողովրդին ու հայկական պետականությանը, եւ որն ականապատում է հայ-ռուսական դարավոր բարեկամությունն ու վստահությունը: Նման ոճով Հայաստանի հետ աշխատելու պարագայում Ռուսաստանը շատ կարճ ժամանակ անց կբախվի իրենից երես թեքած հայ ժողովրդի համառ դիմադրությանը, ինչը, իմ կարծիքով, ծայրահեղ անբարենպաստ սցենար է մեր երկու ժողովուրդների համար»,- ասաց փորձագետը: Ի դեպ, հետաքրքրական է, որ ՌԴ արտաքին գերատեսչության հայտարարությունը հաջորդեց ՀՀ անկախության 20-ամյակի ռազմական շքերթին, որին մասնակցում էր նաեւ ՀՀ-ում ռուսական զորախումբը, եւ այդ մասնակցությանը դեմ արտահայտվող ակտիվ քաղաքացիները ստիպված եղան մի քանի ժամ «զրույցի կուրս» անցնել հայրենի ոստիկանությունում: Ադրբեջանական լրատվամիջոցները ՀՀ անկախության 20-ամյակի տոնակատարություններից հատկապես այս դրվագին էին անդրադարձել եւ՝ ակնհայտ հեգնանքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել