Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑԱԿԱ ՏԱՃԱՐԸ

Սեպտեմբեր 23,2011 00:00

Բոլոր ազգերն ու ցեղերն ունեն իրենց կրոններն ու աստվածները, կամ մարգարեներ ունեն: Եվ հանուն իրենց աստվածների ու մարգարեների կառուցել ու զարդարել են տարանուն սրբերին նվիրված բազմազան տաճարներ ու մեհյաններ: Եվ ամեն մի կառուցող իր շուրջն է ցանկացել հավաքել միայն իր հավատացյալներին, թերեւս նաեւ միայն իրեն հավատացողներին: Հավաքել-միավորել են հանուն առաջնորդի կամ մարգարեի՝ օտարացնելով այլակրոն տաճարներից: Այսինքն թե՝ Աստծո անունից ամեն ինչ արվում է, որ մարդը օտարանա մարդուց, տաճարն օտարանա տաճարից, մեհյանն օտարանա մեհյանից:
Եվ չկա երկրի տաճարը երկնքի դեմ, ներիր, Տե՛ր Աստված, չկա: Ու ես չեմ մտածում, որ Տե՛ր, Դու պարտվել ես: Ես գիտեմ, որ դեռեւս չի կառուցվել մարդկությունը միավորող, Քո մեծ սիրով հաշտեցնող այն տաճարը, որը պիտի նվիրվեր Քեզ, Տե՛ր: Եվ կամարների տակ այդ լուսավոր տաճարի բոլոր կրոնները հավասար են ու ներդաշնակ: Չէ՞ որ բոլոր հավատացյալներն էլ ընդունում են, որ Աստված միակն է: Եվ մենք բոլորս, անկախ մեր մաշկի գույնից, անկախ մեր տաճարներից ու մեհյաններից, մզկիթներից ու սինագոգներից, աղոթում ենք միակ Աստծուն, Ով իր Որդուն զոհեց հանուն մեր փրկության… Իսկ մենք համառորեն չենք ուզում փրկվել:
Իսկ փրկություն չուզողներս, որ այսօր ապրում ենք, չկայինք հարյուր տարի առաջ եւ հարյուր տարի հետո նույնպես չենք լինելու, ու աշխարհում առանձնապես ոչինչ չի փոխվում, քանզի մեզանից հարյուր տարի առաջ չկար սառնարան, չկար հեռուստացույց, չկար համակարգիչ, բայց մարդիկ դժբախտ չէին, ավելի միասին էին, քանի որ կարողանում էին շփվել, այցելել իրար, նամակներ գրել: Եվ եթե հիմա մեզ թվում է, թե համակարգիչը երջանկացնում է այսօրվա ապրողներիս, խորապես սխալվում ենք, քանզի շուտով համակարգչից հետո կգա Չհամակարգիչը, ինչն ավելի հզոր կլինի, բայց մենք՝ ազգերով ու կրոններով, կմնանք անհաղորդ ու դարձյալ՝ մենակ, քանի դեռ չկա երկնքին ձոնված երկրում ապրողների միասնական կառուցած տաճարը:
Ո՞վ է կառուցելու մեր բոլորի Աստծուն ձոնված տաճարը, չգիտեմ: Գիտեմ միայն, որ այդ լուսավոր տաճարը կառուցվելու է Արարատի փեշերին, որտեղից վերածնվեց կյանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել