Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք խռովող տեսակ չենք»

Սեպտեմբեր 23,2011 00:00

Արամ Զ. Սարգսյանը այսպես է հիմնավորում Գրետա Սարգսյանի կողմից Սերժ Սարգսյանի հրավերն ընդունելը:

ՀՀ անկախության 20-ամյակի առիթով Հանրապետության հրապարակում անցկացված զորահանդեսին Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի մասնակցությունը, ապա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում արարողությունից հետո տիկին Գրետայի եւ Սերժ Սարգսյանի ողջագուրվելը որոշ չափով հակասության մեջ են մտնում Վազգեն Սարգսյանի եղբոր՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի՝ Ազատության հրապարակում հանրահավաքների ժամանակ ունեցած ելույթների հետ՝ ընդդեմ ներկայիս իշխանավորների եւ հատկապես Սերժ Սարգսյանի, որոնք որակվում են որպես «ավազակապետեր», «թշնամիներ»:  Խնդիրը պարզաբանելու մեր առաջարկին ի պատասխան՝ պարոն Սարգսյանն ասաց. «Նախ, ես չեմ տեսել, որ ողջագուրվեն, հետո, իմ կարծիքով, ծնողներն են որոշում՝ երեխաներն ինչ անեն, ոչ թե երեխաներն են որոշում, թե իրենց ծնողներն ինչ անեն»:
Արամ Սարգսյանի հետ զրույցը տեղի է ունեցել ՀՀ անկախության 20-ամյակի առիթով Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած ընդունելության ժամանակ, որը ավելի շուտ հանրահավաք էր հիշեցնում՝ որոշ տոնական երանգներով: «Առավոտի» դիտարկման առիթով Արամ Սարգսյանը նաեւ նկատեց, որ բանակի հետ կապված ամեն բան իրենց ընտանիքի համար շատ կարեւոր եւ էական է, եւ այդ առումով ինքը որեւէ խնդիր չի տեսնում մոր՝ նման միջոցառումների մասնակցության առումով: «Այդ բանակը նաեւ մերն է, այդ բանակում մեր ընտանիքը լուրջ ներդրում ունի: Մենք չենք խռովում բանակից, մենք չենք խռովում երկրից: Մենք մեր կերպով խռովող տեսակ չենք: Մենք մեր հասանելիքը վերցնում ենք: Ու լավ է անում՝ գնում է, պիտի գնա, ու ով վատ է զգալու իրեն, թող նա վատ զգա»,- ասաց նա:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպե՞ս է վերաբերվում Արամ Սարգսյանը բանակում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններին, բանակի շուրջ ստեղծված մի տեսակ ոչ բարենպաստ մթնոլորտին, իրավիճակը շտկելու համար ի՞նչ քայլեր է նպատակահարմար համարում: «Ես բանակում տիրող իրավիճակի մասին տեսակետ հայտնելու, ուղիղ ասելու հնարավորություն միշտ ունենում եմ եւ այդ հնարավորությունը միշտ օգտագործել եմ, փորձել եմ հնարավորություններիս սահմաններում ամեն ինչ անել՝ բացառելու բանակում նման դեպքերը: Ես ողջունում եմ նաեւ այն, ինչը որ ազատ մամուլով ու հրապարակայնորեն է արվում, որովհետեւ դա բացում է բանակի դռները հասարակության առաջ՝ տեսնելու ու նման խնդիրները վեր հանելու: Ես բազմաթիվ անգամներ՝ թե Սեյրան Օհանյանին, թե շտաբի պետին, իմ մոտեցումները, տեսակետներն այսօրվա բանակի մասին, գործող սպայակազմի մասին, նրա փոփոխության անհրաժեշտության մասին ուղիղ, անկաշկանդ ասել եմ եւ բանավիճել եմ իրենց հետ: Ես բանակում եղածը համարում եմ նաեւ իմ ցավը, այս երկրի ցավը, այս ժողովրդի ցավը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել