Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

«ՀԱՅԵՐԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԳՆՈՒՄ ԵՆ, ԱՅԼԵՎ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ»

Սեպտեմբեր 23,2011 00:00

Վստահեցնում է ՌԴ հարավային մասում ՀՀ Գլխավոր  հյուպատոս Արարատ Գոմցյանը

\"\"
Հայաստանի հյուպատոսության շենքը Դոնի-Ռոստովում:
Շենքը եւ հողը, որի վրա կառուցված է այն, մեր  երկրի սեփականությունն է, այդ մասին հպարտությամբ ասաց հյուպատոս Արարատ Գոմցյանը, որի
հյուպատոսության շրջանում էլ կառուցվել է շենքը:

– Անկախությունը, որի համար քսան տարի առաջ մենք պայքարեցինք եւ հաղթեցինք, հենց սա՞ էր, ինչը մենք այսօր ունենք:
– Ես կարծում եմ՝ մենք այսօր լիարժեք ունենք այն, ինչի համար պայքարել ենք, մենք պահպանել ենք մեր անկախությունը, ընդ որում՝ այդ անկախությունը ոչ միայն Հայաստանում ապրող հայերի, այլեւ ամբողջ աշխարհում ապրող հայերի համար: Մենք այսօր գտնվում ենք մի կետում՝ թե սոցիալական, թե տնտեսական, թե ռազմական ոլորտներում, որոնց ձգտել ենք իննսունականներին, եւ այո, հասել ենք իննսուն թվականի մեր ձգտմանը:
– Դուք հյուպատոս եք ռուսաստանյան շատ մեծ համայնքում, շատ հայերի հետ եք շփվում, երկրից գնացածների հետ, Ձեր կարծիքով՝ դրսում ապրող հայերը ի՞նչ են մտածում Հայաստանի եւ այստեղ ապրողներիս մասին:
– Իհարկե, սիրում են, միայն մեկ օրինակ բերեմ. դրսում ապրող հայերը այստեղ էլիտար բնակարաններ են ձեռք բերում, չփոխելով դրսի իրենց քաղաքացիությունը՝ ձեռք են բերում նաեւ ՀՀ քաղաքացիություն: Հարավում հայերի թիվը շուրջ մեկուկեսից մեկ միլիոն վեց հարյուր հազարի սահմաններում է, դրանց մեջ մտնում են եւ ՌԴ քաղաքացիներ, եւ ՀՀ քաղաքացիներ, կան նաեւ մարդիկ, որոնց քաղաքացիության հարցը դեռեւս ընթացքի մեջ է, դրանք Միջին Ասիայից, Ադրբեջանից բռնագաղթած հայերն են:
– Հիմա շատ է խոսվում Հայաստանից մեծ հոսքի մասին, արտագաղթի մասին, դեպի ձեր կողմերը գալի՞ս են հայաստանաբնակները, ի՞նչ նպատակով եւ ի՞նչ կարգավիճակով են գալիս:
– Դուք հիմա ինձ ճիշտ հարց եք տալիս, որովհետեւ ես այն մարդն եմ, որը ունի նաեւ հետադարձ պրոցեսը ղեկավարող գործունեություն, օրինակ՝ Դուք հարցնում եք գնացողների մասին, չեմ կարծում՝ դա մեծ թիվ է, սակայն ես Ձեզ կասեմ հակառակի մասին՝ մի քանի հարյուրի է հասնում տասնութից մինչեւ քսանհինգ տարեկան երիտասարդների թիվը, որոնք գալիս են Հայաստան, եւ ամեն տարի են գալիս: Ինձ մոտ կա այդ մարդկանց ցուցակը, յուրաքանչյուրի անուն-ազգանունը, Ռուսաստանում իրենց ապրելու հասցեով եւ Հայաստան գալու եւ Հայաստանում բնակություն հաստատելու հասցեով: Դա ուրիշ թեմա է:
– Ձեր նշած մարդիկ գալիս են բանակում ծառայության խնդիրները լուծելո՞ւ, ծառայելո՞ւ, թե՞ այլ նպատակներով:
– Այո, եւ այդ, եւ տարբեր այլ հարցերով:
– Դրսում հայերը ինչո՞վ են զբաղվում հիմնականում, բոլորը հարո՞ւստ հայեր են, թե՞ կան նաեւ խեղճեր:
– Չէ, չի կարելի այդպես մտածել, բոլորը չէ, որ հարուստ են, շատ լավ կլիներ, որ այդպես լիներ, բայց բոլորը չէ, որ հարուստ են: Լավ կլիներ, որ բոլորը հարուստ լինեին, նաեւ՝ հոգով: Ավաղ, այդպես չէ, եւ մենք պետք է դրա վրա աշխատենք եւ աշխատում ենք: Օրինակ, ՌԴ դեսպանի հետ մենք բավականին արդյունավետ ենք աշխատում, բավականաչափ կարողանում ենք բարձրացնել դրսում ապրող հայերի նյութական, հոգեւոր հարստությունը, օրինակ՝ թվեր եմ ասում. Կիսլովոդսկ քաղաքի քաղաքային Դումայում շուրջ ինը հայ պատգամավոր կա, Սոչիում եւս լուրջ թվեր ունենք, Ռոստովում՝ եւս: Իսկ սա նոր երեւույթ է, մինչեւ 2003-2004թթ. նման բան չենք ունեցել, այսինքն՝ հայ էթնոսը հասունանում է քաղաքականապես, Ռուսաստանի քաղաքական կյանքում հայերը իրենց դերը կամաց-կամաց բարձրացնում են:
– Ռուսաստանում ապրող հայերը, ըստ Ձեզ, կիսո՞ւմ են այն քաղաքականությունը, որը իրականացվում է Հայաստանում, ի՞նչ են մտածում դրսում ապրողները Հայաստանի այսօրվա իշխանությունների մասին:
– Ուղիղ պատասխանը տամ. երբ 2009-ի հոկտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց բոլոր համայնքներին, ամբողջ Սփյուռքին՝ հայ-թուրքական արձանագրությունների շուրջ խորհրդակցելու եւ մարդկանց կարծիքը լսելու, վերջին այցը եւ հանդիպումը Ռոստովում էր, որին ներկա էին Ուկրաինայի, Բելառուսի, ԱՊՀ երկրների, Միջին Ասիայի երկրներում ապրող հայ համայնքի ներկայացուցիչները: Այս հանդիպման մասին շատ է գրվել, եւ ոչ միայն իշխանական, այլ նաեւ ընդդիմախոս մամուլը գրեց, թե որքան ջերմ է ընթացել մեր երկրի նախագահի դիմավորումը, երեք ժամից ավելի տեւած հանդիպումը եւ աշխատանքը: Այդ հանդիպմանը ներկա էին շուրջ երեք միլիոն հայերի ներկայացուցիչները, խոսում էին եւ արտաքին, եւ ներքին քաղաքական խնդիրների մասին: Նախագահի պատասխանները եւ հետագա քայլերը բավականաչափ համոզիչ էին եւ այսօր եւս համոզիչ են:
– Կատակով եմ հարցնում՝ Դուք «նստել եք Ալեքսանդր Առաջինի օրոք, Նիկոյալ Երկրորդի օրոք եւ «նստած եք» նաեւ այսօր, նկատի ունեմ, որ եւ ՀՀՇ-ի ժամանակ էիք իշխանություն, եւ Ռոբերտ Քոչարյանի, եւ այսօր, ասացեք, խնդրեմ, այսօր ինչ որ կատարվում է, նկատի ունեմ առաջին նախագահի ընդդիմություն լինելը, եւ, ընդհանրապես՝ ընդդիմություն-իշխանություն այս հարաբերությունները մինչեւ ո՞ւր կարող են հասցնել երկիրը:
– Ես ուղիղ ասեմ՝ ավելի ազգանվեր եւ շատ ավելի լավ գործեր կան, որոնց մասին Ձեր թերթը, նաեւ մյուս թերթերը եթե գրեն, շատ ավելի օգտակար կլինի, Դուք Ձեր հարցի պատասխանը կարող եք ստանալ ինձնից, բայց ոչ այսօրվա հարցազրույցում, իհարկե, այդ հարցի պատասխանը ինձ համար շատ թանկ է, բայց պրոֆեսիոնալ առումով՝ որպես դիվանագետ, շատ սիրուն, թանկ բաներ ունեմ ասելու, նաեւ՝ քննադատական խոսք:
– Ավելի կոնկրետ հարցնեմ՝ ի՞նչ եք մտածում այսօրվա ընդդիմության մասին:
– Ես շատ բաներ ունեմ ասելու, դա թողնենք հաջորդ հարցազրույցին: Ընդդիմությունը կա, եղել է եւ կմնա, եւ փառք, որ պիտի մնա, դա Հայաստանի իշխանությունների բոլոր ժամանակների նաեւ զավակն է, այսինքն՝ ստեղծագործությունն է, դաշտ տրվեց ընդդիմությանը, եւ դա լավ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել