ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե ամենավատը բրիտանացիներն են, հետո՝ ամերիկացիները ու մի քիչ էլ՝ ֆրանսիացիք:
Հայաստանին վերաբերող WikiLeaks-ի գաղտնազերծած դիվանագիտական գրագրություններից մեկը, որը թվագրված է 2009-ի մայիսի 11-ով, ներկայացնում է ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչի եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մանրամասները:
Համաձայն հաղորդագրության, մայիսի 8-ին ԱՄՆ դեսպանը հանդիպել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ ճշտելու նրա տեսակետը իրենց հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ հայ-թուրքական համատեղ հայտարարության մասին, նաեւ նրա ծրագրերը 2009թ. մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ, որոնք, դեսպանի մատուցմամբ, որոշելու էին մայրաքաղաքի հաջորդ քաղաքապետի հարցը:
«Երբ դեսպանը հարցրեց քաղաքապետի առաջիկա ընտրությունների մասին, Քոչարյանը պնդեց, թե «դիվանագիտական կորպուսը դա չպետք է քաղաքականացնի»: Քոչարյանն ասաց, թե «նրանք (օտարերկրյա դիվանագետները) միշտ դա օգտագործում են Հայաստանին ճնշելու համար. այդպես է եղել այն ողջ ժամանակահատվածում, երբ ես նախագահ եմ եղել»: Դեսպանը պատասխանել է, որ Միացյալ Նահանգները չի միջամտում հայաստանյան ընտրություններին, բայց ամենայն ուշադրությամբ կհետեւի առաջիկա ընտրություններին՝ նկատի ունենալով այն փաստը, որ դրանք առնչվելու են Հայաստանի բնակչության կեսին»,- ասված է դեսպանի գրառման մեջ:
Քոչարյանը դժգոհել է, թե՝ «մեզ նման փոքր երկրների խնդիրն այն է, որ ճնշումները միշտ գալիս են դրսից՝ կամ Մոսկվայից, Բրյուսելից, կամ Վաշինգտոնից»: «Ձեր շահերի ետեւից ընկած՝ դուք դեֆորմացնում եք մեր քաղաքական պրոցեսները»,- հայտարարեց Քոչարյանը,- «քաջալերելով ընդդիմությանը քաղաքականացնելու մեր ընտրությունները, որպեսզի դրանք գործիք դառնան Հայաստանի վրա դրսից ճնշումներ գործադրելու համար»:
Նախկին նախագահ Քոչարյանը նաեւ ասել է, թե ինքը միշտ կարծել է, որ ԱՄՆ դեսպանատունը դարձել է մեր ընտրությունների ընթացքի մասնակիցը: «Նա փնթփնթաց, թե ընտրությունների ժամանակ «ամենավատը Բրիտանիան է (իր իմպերիալիստական պատմության պատճառով), հետո՝ Ամերիկան, եւ երբեմն՝ Ֆրանսիան: Ընդդիմությունն օգտագործում է ձեզ բոլորիդ՝ իրավիճակը բարդացնելու համար»: Ամերիկացի դիվանագետը, իհարկե, «կտրականապես համաձայն չի եղել» նախկին նախագահի այդ դիտարկման հետ եւ, ինչպես ասված է տիկին Յովանովիչի հաղորդագրության մեջ, «հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգները որեւէ ընտրության ժամանակ որեւէ մեկի կողմնակիցը չի եղել», սակայն ասել է, թե ինչպես միշտ՝ «Միացյալ Նահանգները մյուսների հետ կկիսի իր կարծիքը առաջիկա ընտրությունների վերաբերյալ իր դիտարկումների մասին»:
Երբ դեսպանը Քոչարյանին հարցրել է՝ պատրաստվո՞ւմ է միջամտել մայիսի 31-ին կայանալիք ընտրություններին, նախկին նախագահն ասել է՝ «ինքը դա չի անի, քանի որ վստահ է, որ Հանրապետական կուսակցությունն ու «Բարգավաճ Հայաստանը» հաղթելու են»: Նա հավելեց, որ «եթե ես մտածեի, որ նրանք կարող են պարտվել, ես այդ ժամանակ կմիջամտեի»: Քոչարյանն ասաց, որ համաձայն չէ իշխող կոալիցիայի՝ ընտրություններին որպես առանձին ուժեր մասնակցելու որոշման հետ, պնդելով, թե ինքը կհասներ նրան, որ կոալիցիան հանդես գար միասնական թեկնածուով: Քոչարյանն ասաց, որ ինքը հավանություն չի տվել նաեւ այն թեկնածությանը, որը Հանրապետական կուսակցությունը ընտրել էր իր ցուցակի առաջին տեղում (նոր նշանակվելիք քաղաքապետ՝ Գագիկ Բեգլարյան): Վերջում Քոչարյանը դեսպանին հավաստիացրեց, որ թեեւ ընդդիմությունը ջանում է քաղաքական բնույթ հաղորդել ընտրություններին, բայց 2008-ի Մարտի 1-ի դեպքերի կրկնություն չի լինի»:
Ի դեպ, եթե նկատի ունենանք, որ մինչեւ մարտիմեկյան դեպքերը՝ դեռ 2008-ի փետրվարի 28-ին, ՀՀ նախկին նախագահ Քոչարյանը փորձել էր այն ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի հետ հանդիպման ժամանակ պարզել ընդդիմության գործողությունների համատեքստում ԱՄՆ դեսպանության մասնակցության հարցը, ապա պարզ կդառնա, որ այդ միտքը կամ կասկածները նրա համար սեւեռուն գաղափար են դարձել: Բանն այն է, որ Քոչարյանը նաեւ Փենինգթոնի հետ հանդիպման ժամանակ էր մտահոգություն հայտնել եւ պարզորոշ ակնարկել, որ ուզում է իմանալ՝ արդյոք ԱՄՆ դեսպանատունը ընդդիմություն-իշխանություն քաղաքական բանավեճում ընդդիմությա՞ն կողմնակիցն է, հարցրել է, թե արդյոք դեսպանատունն ակտիվորեն բանակցում կամ ուղղորդո՞ւմ է Տեր-Պետրոսյանի արշավը: Ամերիկացի դիվանագետը, ըստ WikiLeaks-ի, դեռ այն ժամանակ էր Պետդեպին ուղարկած իր զեկույցում նշել, որ իր հետ զրույցում Քոչարյանը հայտարարել է, թե՝ ոչ թե կարծում է այլ գիտի, որ «Տեր-Պետրոսյանի աշխատակիցներն ու մարտավարական հարցերով զբաղվողներն իրենց ներքին խոսակցությունների ժամանակ հաճախ խոսում են ամերիկյան դեսպանատան հետ խորհրդակցելու անհրաժեշտության մասին»: Բացասական պատասխան ստանալուց հետո էլ Քոչարյանն, այնուամենայնիվ, դիվանագետին զգուշացրել էր, թե «կառավարությունը հետեւելու է նրանց»: