Այսօր, Հանրապետության հրապարակում, ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված «Հերոսական բալլադ» համերգ-ներկայացմանը հրավիրված են Շվեդիայի թագավորական բալետի առաջատար մենապարող, միջազգային մրցույթների դափնեկիր Արսեն Մեհրաբյանը եւ Մյունխենի ժողովրդական թատրոնի մենապարող, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Միքայելյանը: Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադի» կատարմամբ (դիրիժոր՝ Էդ. Թոփչյան) հանդես կգան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ «Բարեկամություն» անսամբլը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի խորեոգրաֆիայով:
«Առավոտի» հետ կարճատեւ զրույցում Եվրոպայում 2006թ. հիմնված «Հզոր զգացմունքներ» բալետային խմբի անդամներ Ա. Մեհրաբյանը եւ Տ. Միքայելյանը հայտնեցին, որ խմբում ընդգրկված մյուս երեք արտիստները՝ Ցյուրիխի օպերայի եւ բալետի թատրոնի մենապարողներ Արման Գրիգորյանը, Վահե Մարտիրոսյանն ու Արթուր Բաբաջանյանը նույնպես պետք է մասնակցեին միջոցառմանը, սակայն չեն ժամանել, քանի որ այս օրերին Ցյուրիխում ընթանում է Մաց Էկի «Քնած գեղեցկուհին» բալետի պրեմիերան: Խոսելով իրենց նոր նվաճումներից, տղաներն ասացին, որ ամռանը մասնակցելով Իտալիայում կայացած «Չիվիդալե դել Ֆրիուլի» ամենամյա փառատոնին, քննադատներն իրենց խմբին անվանել են «Ֆանտաստիկ հնգյակ»: Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե եվրոպական բեմերը զարդարող արտիստներին անկախության ո՞րերորդ տարեդարձին Հայաստանում մշտապես կապրեն ու ու կստեղծագործեն, Տիգրանն ասաց, թե «Հզոր զգացմունքների» գերնպատակը եղել եւ մնում է Երեւանի պարարվեստի քոլեջի սովորողներին Եվրոպայի առաջնակարգ թատրոնների հետ կամրջելը: Արսենն էլ ավելացրեց, որ աշխարհահռչակ խորեոգրաֆներ Վիլյամ Ֆորսայթը, Ժիրի Քիլյանը, Հայնց Շպյորլին, Հանց Վան Մանեն եւ այլք առիթի դեպքում մշտապես իրենց հիացմունքն ու զարմանքն են արտահայտում Երեւանի քոլեջի շրջանավարտների մակարդակի մասին: Ինչ վերաբերում է հայրենիքում մշտապես բեմ դուրս գալուն, մեր զրուցակիցները հայտնեցին, որ յուրաքանչյուր տարի հանդես են գալիս հայ հանդիսատեսի առջեւ եւ Ազգային օպերային թատրոնի բալետային խմբի հետ տարբեր ժամանակներում բեմ են բարձրացել Ռուսաստանում եւ Թուրքիայում՝ Խաչատրյանի «Գայանե», Ադանի «Ժիզել», Բիզե-Շչեդրինի «Կարմեն» եւ Մինկուսի «Դոն Կիխոտ» ներկայացումներում: